Աջակցության պահանջներ

Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում

FotorCreated «Հարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ,

Մեր երկրում փոփոխություններ են: Ավելի ճիշտ՝ փոփոխությունների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք:

Առայժմ՝ միակողմանի փոփոխություններ. տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ՝ քաղաքական կամք դրսևորելու հայտարարություն, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարելու, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ավելորդ օղակներից ազատվելու, հանրային բարիք ստեղծողներին աջակցելու, պետականության հանդեպ վստահություն սերմանելու խոստում: Առայժմ՝ խոստում:

Ասել ու կրկնում ենք՝ հոգով, մտքով, աշխատանքով մենք այդ փոփոխությունների կողմնակիցն ենք: Ներսում ու դրսում: Ովքեր դիմադրելու են, նրանց հետ ճանապարհ չունենք:

Բայց հենց այս՝ նախնական փուլում պարտավոր ենք նաև ասել հետևյալը. երկիրը, պետականությունը միայն տնտեսություն չէ: Տնտեսությունը ընդամենը հիմքն է որևէ ժողովրդի հոգևոր-մշակութային կենսունակության, ազգային զարթոնքի: Մեր դեպքում՝ հայկականության պահպանման:

Եվ եթե չենք կարողանալու, տնտեսական բարեփոխումներին զուգահեռ, նաև հոգևոր-մշակութային ոլորտում որակ փոխել, արդյունքն անարդյունք է լինելու:

Իսկ այստեղ ավերակներ են, խոցեր: Արժեքների, չափանիշների անկում:

Մենք երեք մարդ չունենք, ում հանրության գոնե հիսուն տոկոսը անվերապահ վստահում է: Հայոց լեզուն աղավաղվում է ամեն վայրկյան: Մեր եկեղեցին խոր ռեֆորմացիայի կարիք ունի: Երևանում վերջին գրախանութներն են փակվում: Էջմիածնում փողոց են անվանակոչում հայկական երգարվեստից մղոններով հեռու մեկի անունով: Մեր երեխաները մեր ու աշխարհի բարձր արվեստին գրեթե չեն առնչվում:

Տնտեսությունը՝ տնտեսություն, բայց Հանրապետության նախագահին ու կառավարությանը հորդորում եմ խրվել նաև այս հարցերի մեջ: Նոր Մատենադարանը, Կոմիտասի թանգարանը վկայում են, որ կարող ենք:

Քաղաքացիական պատասխանատվություն, հանրային կյանքում ամենօրյա ներկայություն եմ պահանջում հոգևոր-մշակութային արժեք ստեղծած, որքան էլ զարմանալի հնչի, մեր բազմաթիվ մտավորականներից:

Մեր եկեղեցու՝ ծառայության գիտակցություն ունեցող, որքան էլ զարմանալի հնչի, բազմաթիվ հոգևորականներին հորդորում եմ բարեկարգել Աստծո տունը և այն վերադարձնել ժողովրդին:

Կառավարությանը հորդորում եմ չեղարկել փողոցի անվանակոչումը և ետայսու բացառել նման խայտառակություն:

Նույնից պահանջում եմ, թերևս մասնավոր-պետություն գործակցությամբ, Երևանի կենտրոնում գրքի արժանապատիվ տուն կառուցել: (Եթե կենտրոնում սրճարան-ռեստորանի տեղ գտնում եք, գրքի տեղ ստիպված եք գտնել):

Պահանջում եմ՝ թեկուզ հենց ստեղծվելիք հատուցման հիմնադրամի միջոցներով ոչ միայն զոհված ու վիրավոր զինվորականների ընտանիքների հոգսը հոգալ, այլև սահմանին կանգնածների հոգևոր-մշակութային զարգացմանն աջակցել:

Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ ձախողելու ազգային-պետական հավանական զարթոնքը:

Հավատում եմ՝ սա նոր ընթացքի սկիզբ է: Վստահ եմ՝ միայն այսպես՝ զուգահեռ գերակայությամբ՝ տնտեսության և հոգևոր-մշակութային ասպարեզներում որակական փոփոխությամբ է երկիրը դուրս գալու վստահության ճգնաժամից: Միայն այդպես է ամրապնդվելու մեր անկախությունն ու ինքնուրույնությունը:

Այդպես ենք հարգանք պարտադրելու մեր ժողովրդի, մեր պետականության հանդեպ: Հայկականության հանդեպ»:

Տպել Տպել