Անհրաժեշտ է համակարգված արտաքին քաղաքականության «կարծր» դրսեւորումներ

Ավստրալիայի Հարավային Նոր Ուելս նահանգի խորհրդարանը օրերս բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ կոչ է անում իր երկրի իշխանություններին` պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել հարաբերությունները նրա ժողովրդի հետ:

Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գնահատմամբ` Խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը երկարատեւ աշխատանքի արդյունք է, եւ այն արգասիքն է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի կատարած աշխատանքի.

ՙԱվստրալիայի Հարավային Նոր Ուելս նահանգի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը պատահականություն չէր: Այս բանաձեւի ընդունումը ընտրված ճանապարհի ցանկալի արդյունքի հասնելու համար աստիճանի մեկ քայլն է միայն: Այդ ուղղությամբ վերջին տարիներին նկատելի է ոչ միայն Դաշնակցության, ոչ միայն ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի, այլ նաեւ Ղարաբաղի արտաքին գերատեսչության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից որդեգրված քաղաքականության աշխատանքի արդյունքները,-նշեց Դ. Իշխանյանը: – Այնուհանդերձ, տվյալ պարագայում մեզ համար ինչ-որ տեղ նաեւ անսպասելի չէր Ավստրալիայի նահանգային խորհրդարանի կողմից համապատասխան բանաձեւի ընդունումը, որովհետեւ մոտ մեկ տարի առաջ նահանգային պատգամավորի այցն Արցախ եւ նրա հանդիպումները ԼՂՀ իշխանությունների հետ բոլորովին էլ պատահական չէին: Այդ այցը ոչ միայն ճանաչողական բնույթ էր կրում, այլ նաեւ քաղաքական ընդհանուր ուսումնասիրության, հետազոտության նպատակ էր հետապնդում, ինչի արդյունքում սպասելի էր նման որոշման ընդունումը՚:

Արցախի ԿԿ ներկայացուցչի կարծիքով` պետք է ակնկալել, որ Ավստրալիայի նահանգային խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը տարածում կունենա. ՙԻնչպես Ցեղասպանության ճանաչման գործընթացում` այն սկսվեց աշխարհագրական առումով մեզանից շատ հեռու գտնվող երկրներում եւ որից հետո այն տարածում գտավ աշխարհի բոլոր մայրցամաքներում, նույնն էլ Ավստրալիայում սկսված գործընթացը կարող է տարածում ունենալ ոչ միայն բուն Ավստրալիայում, այլ նաեւ տարբեր աշխարհամասերում: Դրա նախադրյալներն արդեն կան եւ ունենք այդ հնարավորությունները,- տեղեկացրեց Դ. Իշխանյանը: – ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ջանքերով իրականացված բանաձեւի ընդունումը կարող է ավելին լինել, եթե երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների եւ սփյուռքյան կառույցների աշխատանքները համատեղվեն, առավել սերտ համագործակցեն, որը դժբաժտաբար գոնե Հայաստանի ԱԳՆ-ի պարագայում կարծես չի իրականացվում: Փաստերը շատ են, սկսած հայ-թուրքական արձանագրություններից, վերջացրած Սաֆարովյան խայտառակությամբ: Սա կարեւոր հանգամանք է, որին մենք ականատես ենք եղել տարբեր ասպարեզներում, որի շոշափելի արդյունքը մենք կարող ենք զգալ նաեւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում՚:

Այն հարցին, թե Նոր Ուելս նահանգի կողմից ընդունված բանաձեւը եւ ընդհանրապես ԼՂՀ անկախության ճանաչումը ինչ ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա, Դ.Իշխանյանի պատասխանն այսպիսինն էր. ՙԲանակցային գործընթացը պետք է շարունակություն ունենա: Եւ ամիսներ առաջ համանախագահող երկրներից մեկի կողմից հնչեցված այն թեզը, որ անհրաժեշտ է նոր ձեւաչափ որդեգրել եւ նոր սկզբունքներ մշակել, կարծես թե ինքնին դառնում է իրականություն: Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ Ճանաչման գործընթացը միայն կարող է նպաստել բանակցային գործընթացի վերջնական փուլին՚:

Արցախի ԿԿ ներկայացուցչի համոզմամբ` ԼՂՀ հաջորդ քայլը պետք է լինի հետեւյալը. ՙՄեր արտաքին գերատեսչության եւ արտաքին քաղաքականության վեկտորը պետք է ուղղված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որն անուղղակիորեն կարող է հանգել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ճանաչմանը: Եւ երեկ, եւ այսօր, ու վաղը մեր արտաքին գերատեսչության քաղաքական հիմնական գիծը արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի շատ լուրջ եւ մի քիչ էլ կարծր եւ համարժեք: Այդ կոշտ քաղաքականությունը պետք է դրսեւորվի թե Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացում, թե բանակցային գործընթացում ներգրավելու եւ իր տեղն ու դերն ունենալու առումով: Միմիայն այդ ձեւով վարվող քաղաքականությունն է ի վիճակի մեզ հաջողություններ բերել: Թերեւս նախորդ տարիներին մենք ականատեսն ենք եղել կարծես թե կրավորական մոտեցման, երբեմն նույնիսկ` ոչ ինքնուրույն դրսեւորումների: Մեզ անհրաժեշտ է համակարգված արտաքին քաղաքականություն՚:

Անի ԱԶԱՏՅԱՆ
«ԱՍՊԱՐԷԶ»

Տպել Տպել