[1]Լիբանանում նոյեմբերի 19-ին հողին է հանձնվել դաշնակցական նվիրյալ գործիչ, ՀՅԴ Բյուրոյի աշխատակազմի երկարամյա ղեկավար Արա Դեմիրճյանը: Ինչպես ասում են, անփոխարինելի մարդիկ չկան, բայց կան այնպիսիք, որոնց կորուստը շատ ծանր է եւ որոնք մահից հետո էլ շարունակում են ապրել իրենց գործով եւ թողած լավ հիշողություններով:
Թեև նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Լիբանանում, այսօր Երևանում, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, կայացավ Արա Դեմիրճյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի, ԳՄ-ի անդամներ, հարազատներ և պարզապես դաշնակցական ընկերներ: Արա Դեմիրճյանին հիշում են որպես համեստ, քչախոս, գործի նվիրյալ մարդու, ով մինչ կյանքի վերջը ծառայել է իր ժողովրդին: Հոգեհանգստի կարգից հետո ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը նշեց, որ Արա Դեմիրճյանի մահը սգում է ամբողջ դաշնակցական մեծ ընտանիքը:
«Սգում է, որովհետև նա գործի, գրչի, նաև լուրջ պատասխանատվություններ ստանձող մարդ էր: Ընկեր Արան Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին լայն պարտականություններ է իրականացրել: Երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց նա եկավ և գործեց Հայաստանում: Կարճ ժամանակ հետո նրան արգելվեց Հայաստան մուտք գործել՝ օրվա իշխանության կողմից, օրվա ռեժիմը Դաշնակցության դեմ պայքար էր այդ ժամանակ ծավալել»,- ասաց նա, հավելելով՝ դա պատճառ չեղավ, երբ հնարավոր եղավ՝ նա նորից վերադարձավ Հայաստան: Ըստ Նալբանդյանի՝ Արա Դեմիրճյանը չէր սիրում աչքի ընկնել և մի կողմ քաշված իր գործն էր սիրում անել:
«Նրա կարևոր գործերից մեկն էր սերունդ պատրաստելը, դաստիարակելը: Նա գաղտնապահ էր, վստահելի, ամուր ու պինդ դաշնակցական ընկեր: Միշտ նվիրված էր իր ժողովրդին, իր ընկերներին: Նա օրինակելի հայ մարդու տիպար էր»,- հավելեց Նալբանդյանը։
Հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ Բեյրութում նոյեմբերի 16-ին մահացած Արա Քենտիրճեանի հիշատակին։ Նրա վաստակին եւս անդրադարձավ Մարիո Նալբանդյանը։
