«Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն», 2-րդ կլոր սեղան քննարկում


Սույն թվականի հոկտեմբերի 31-ին «Հրայր Մարուխեան» հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ Կոնգրես հյուրանոցում անցկացրեց երկրորդ կլոր սեղան քննարկումը «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» ծրագրի շրջանակներում:

Քննարկման մասնակիցների թվում էին բնապահպան ակտիվիստներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ և ՀՀ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ: Այս միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել և պարզաբանել բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության թափանցիկությունը: Քննարկումը մի կողմից թեժ էր, մյուս կողմից` անկեղծ և կառուցողական: Հիմնվելով քննարկումների արդյունքների վրա` ՀՄՀ փորձագետները կպատրաստեն բնապահպանական օրենսդրության բացթողումները լուսաբանող փաստաթուղթ` առաջարկելով մեխանիզմներ, որոնք կհավաստիացնեն օրենքի կիրառումը և քաղաքականության մշակման գործընթացում բոլոր շահառուների ընդգրկումը:

«Հրայր Մարուխեան» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս շատ արդյունավետ քննարկմանը:

«Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում առաջին կլոր սեղան քննարկումը տեղի էր ունեցել սույն թվականի սեպտեմբերի 20-ին: Քննարկմանը հրավիրված էին ակտիվիստ բնապահպաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ խոսվեց բնապահպանական հաջողված շարժումներից՝ Շիկահողի տարածքի պաշտպանության, Թեղուտի անտառը հանքարդյունաբերության վնասակար ազդեցությունից պաշտպանելու, Թռչկանի ջրվեժին կից հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը խոչընդոտող բնապահպան ակտիվիստների խմբի, ինչպես նաև բոլորովին վերջերս Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հասարակական շարժման մասին: Այս քննարկման հիմնական նպատակն էր պարզաբանել ակտիվիստների դիրքորոշումները, ինչպես նաև համագործակցության եզրերը այլ կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Սակայն քննարկման հիմնական բովոնդակության մեջ առանձնանում էր այն գաղափարը, որ դեռևս այս բնապահպանական շարժումները չեն հանգեցրել որևէ ինստիտուցիոնալ փոփոխությունների և կառավարության կողմից մշակված քաղաքականության: Ուստի այս ծրագիրը նպատակ ունի դառնալ կապող օղակ բնապահպանական շարժման և իրական փոփոխությունների միջև:

Տպել Տպել