Կրթության նախարարությունը ձևավորել է 8 աշխատանքային խումբ, որոնք դեկտեմբեր ամսին բոլոր ուղղություններով կաշխատեն արտակարգ ռեժիմով. այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Դա նշանակում է բավականին լուրջ, ինտենսիվ աշխատանք բոլոր ուղղություններով. աշխատանքային խմբերն աշխատում են օտար լեզուների, գիտության և մնացած ուղղություններով: Ձևավորված է 8 աշխատանքային խումբ, որոնք արդեն գրաֆիկով աշխատում են»,- նշեց նախարարը:
«Հիմնականում մենք կարիք ունենք այդ աշխատանքներն ավելի գործնական դարձնելու: Այդ աշխատանքների հաշվետվությունը կամփոփենք մամուլի ասուլիսով, և դուք կիմանաք, թե ինչ քայլեր ենք կատարել»,- ասաց Մկրտչյանը:
Նախարարն անդրադարձավ նաև 2017 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության ծախսերին: Նա նշեց նաև, որ Հայաստանի մի քանի մարզերում այս տարի առաջին դասարան այցելող երեխաների աճ կա:
«ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության ծախսերը 1 միլիարդ 25 միլիոն դրամով կրճատվել են՝ պայմանավորված աշակերտների թվի նվազմամբ: Այս տարի մեր առաջին դասարան հաճախող երեխաների թիվը լավն էր: Ունենք 30-40 հազար առաջին դասարանցիներ, և մարզեր ունենք, որտեղ աճ կա: Թվական տվյալները հիմա չեմ կարող ներկայացնել, բայց կարող ենք ասել, որ առաջին դասարանցիների առումով աճի միտում կա»,- ասաց Մկրտչյանը:
Ըստ նրա` միջին դպրոցում է վիճակը բավականին մտահոգիչ: «Մենք այս հարցին պետք է լուրջ մոտենանք և լուծման ուղիներ գտնենք»,- ասաց նախարարը:
Հարցին՝ դա արտագաղթի հե՞տ է կապված, նախարարը պատասխանեց, որ խնդիրը միայն արտագաղթի մեջ չէ: «Կա նաև գյուղական վայրերի հիմնախնդիր: Եթե գյուղը փոքր է, կա դեմոգրաֆիայի խնդիր. երիտասարդները դուրս են գալիս գյուղից, կա նաև ներքին արտագաղթի խնդիր: Դպրոցներում էլ պետք է կառավարման մեթոդ գտնենք: Այն, ինչ մենք հիմա անում ենք, որակի բարձրացում չի ապահովում: Երևի այստեղ է, որ հեռահար ուսուցման համակարգը պետք է կիրառենք, ինչն անում են տարբեր երկրներում: Միշտ չէ, որ օպտիմիզացիա կարող է իրականացվել: Երբեմն գյուղն այնպիսի բարձրության վրա է, և այնպիսի ճանապարհներ են, որ այդ դպրոցը ստիպված պետք է պահենք»,- պարզաբանեց նախարարը:
Ուսանողներին զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգում այս տարի փոփոխություններ չեն արվի, քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբերը. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Դուք գիտեք, որ մենք ունենք օրենք, որը շատ լավ ապահովագրում է: Այսինքն` մինչև դեկտեմբեր մենք հրապարակում ենք մասնակիցների ցանկը, որպեսզի երեխաների համար կանխատեսելի լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցը մեծ մասամբ արդեն կարելի է լուծված համարել, քանի որ ուսանողների մեծ մասը զորակոչվում է բանակ:
«Խոսքն ամեն տարի միայն 600-800 ուսանողի մասին է, որ չեն զորակոչվում: Պատկերացրեք` նույն կուրսի 15 երիտասարդից 10-ը զորակոչվում է, 5-ը չի զորակոչվում: Ինչո՞ւ չի զորակոչվում, որովհետև քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Այսինքն` այս հիմնախնդիրը շատ վատ մթնոլորտ է ստեղծում մեր համալսարաններում: Այստեղ հարկավոր է կոմպլեքս լուծում գտնել»,- ասաց նախարարը:
Հարցին՝ փոփոխությունները բացասական ազդեցություն չե՞ն ունենա գիտության վրա, նա պատասխանեց, որ խոսքը վերաբերում է բակալավրիական կրթությանը: «Եթե բակալավրիատում այս խնդիրը կարգավորվեց, երիտասարդը կգնա, կծառայի, հետ կգա և կշարունակի իր կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ երիտասարդներ զինվորական ծառայությունից հետո շարունակում են իրենց ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում»,- ասաց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ կան մասնագիտություններ, որտեղ տարկետումը պետք է հասցեական լինի: «Կան բնագիտական ուղղություններ, որտեղ մեկ կամ երկու տարով կտրվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Խոսքը հատկապես միջուկային ֆիզիկայի բնագավառի մասին է: Այստեղ է, որ մենք պետք է բացառություններ անենք»,- նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանն ընդգծեց նաև, որ այդ խնդրին էլ կարելի է լուծում տալ, եթե աշխատի ռազմարդյունաբերական համալիրը. այդ երիտասարդները կարող են զորակոչվել և չկտրվել ուսումից:
«Մենք լուծումներ ունենք: Եթե մենք գիտակրթական հատվածից ենք խոսում, կան մասնագիտություններ, որտեղ երիտասարդները պետք է անընդհատ սովորեն և բարելավեն իրենց մասնագիտական որակները»,- եզրափակեց նախարարը:
yerkir.am
