Վալի Քալեջի.- «Հայաստանը Իրանի համար ճանապարհ է դէպի քրիստոնեայ աշխարհ»

Թեհրանի Ստրատեգիական ուսումնասիրութիւնների կենտրոնի գիտաշխատող Վալի Քուզեգար Քալեջին, անդրադառնալով դեկտեմբերին սպասւող դոկտ. Հասան Ռոհանիի առաջին պաշտօնական այցին Երեւան, նշեց, որ այն շատ կարեւոր է Հայաստանի եւ Իրանի համար: Նա այցը տրամաբանական համարեց, քանի որ Հայաստանի նախագահը 2013 թւականին մասնակցել էր Հասան Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը: Փորձագէտը «tert.am»-ի հետ զրոյցում յիշատակեց, որ Իրանի նախագահը Երեւան է գալիս Սերժ Սարգսեանի հրաւէրով:

«Իր՝ Հայաստան այցից յետոյ Ռոհանին կայցելի Ղազախստան, յետոյ Կիրգիզստան: Ակնկալւում է, որ Հայաստանի ղեկավարութեան հետ հանդիպումների ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահը կը քննարկի երկու երկրների միջեւ եղած երկկողմանի համագործակցութիւնը, նախագահները կը փոխանակւեն տարածաշրջանային եւ միջազգային մարտահրաւէրներին վերաբերող կարծիքներով, կանդրադառնան յատկապէս Սիրիայում եւ Իրաքում տիրող ներկայ բարդ իրավիճակին»,- մատնանշեց իրանցի փորձագէտը:

Նա յատկանշական համարեց այն, որ Հայաստանի Հանրապետութիւնը Իրանի միակ քրիստոնեայ հարեւան երկիրն է, որի հետ Իրանը լաւ յարաբերութիւններ ունի եւ որը ճանապարհ է նրա համար դէպի քրիստոնեայ աշխարհ:

«Ինչպէս նաեւ, այդ յարաբերութիւնը Հայաստանի համար է ճանապարհ դէպի իսլամական աշխարհ եւ Միջին Արեւելք: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն է իր՝ 2015 թւականի յունւարի 27-ի Հայաստան այցի ժամանակ նշել, որ հայ-իրանական յարաբերութիւնները կարող են դառնալ լաւ օրինակ աշխարհի համար, թէ ինչպէս կարող են մուսուլմանական եւ քրիստոնեայ երկրները հասնել խաղաղութեան՝ ապրելով կողք-կողքի»,- ասաց նա:

Վալի Քալեջին նաեւ նկատեց, որ Իրանը ձգտում է բոլոր ոլորտներում խորացնել իր յարաբերութիւնները Հայաստանի հետ՝ որպէս բարեկամ եւ յուսալի գործընկեր:
«Սպասւող այցի շրջանակներում, տեղի կունենայ Հայաստանի եւ Իրանի տնտեսական յանձնաժողովների հանդիպում, որի ժամանակ կը քննարկւեն երկու երկրների յարաբերութիւնները տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում՝ ներառեալ գազն ու էլեկտրոէներգիան, շրջակայ միջավայրը, տեղեկատւական տեխնոլոգիաները եւ զբօսաշրջութիւնը: Այս համատեքստում, վիզային ռեժիմի չեղարկումը շատ կարեւոր է երկու հարեւան երկրների ժողովուրդների հաղորդակցութեան՝ տւեալների փոխանակման եւ առեւտրային համագործակցութեան հարցում»,- նշեց նա:

Նրա դիտարկմամբ՝ քանի որ Հայաստանը միակն է Հարաւային Կովկասի երկրներից, որը 2015-ին միացել է Եւրասիական տնտեսական միութեանը, շնորհիւ դրա՝ լուրջ քայլեր է ձեռնարկել զարգացնելու իր տարանցիկ ցանցերը: Վալի Քալեջին այդ համատեքստում կարեւոր համարեց Միջազգային հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի կառուցումը, «Հայաստանի հարաւային երկաթուղին», որը կարող է դառնալ փոխադրումների ամենակարճ երթուղին Սեւ ծովի նաւահանգստից մինչեւ Պարսից ծոցի նաւահանգիստներ:776b963bad9a831e50cea4e0d315b73c_m

«Բացի այդ, Հայաստանը որոշել է նախաձեռնել «հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»՝ վերականգնելու Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհը՝ ապահովելով ելք դէպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ: Ինչ վերաբերում է այս նախաձեռնութիւնների կարեւորութեանը, Հարաւային Կովկասի տնտեսութիւնների համար, պէտք է նշել, որ հայ պաշտօնեաները շեշտել են, որ Հայաստանը հրաշալի մի վայր է, որը կը կապի Իրանը Եւրասիական տնտեսական միութեանը եւ յայտարարել են, որ միութիւնը ընդունում է Հայաստանի գաղափարը՝ ուսումնասիրել Հայաստանի եւ Իրանի միջեւ Ազատ տնտեսական գօտի հիմնելու սխեման: Գլխաւորը Հայաստանի եւ Իրանի միջեւ Արաքսի ազատ առեւտրի եւ արդիւնաբերութեան գօտին է, որը ներառում է Հայաստանի եւ Իրանի միջեւ գտնւող Նորդուզի մաքսային սահմանը»,- ասաց նա:

Իրանցի փորձագէտը կարծիք յայտնեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հիմնւող Ազատ տնտեսական գօտին լայն հնարաւորութիւններ կը տայ առեւտրի հաղորդակցութեան համար:

«Հետեւաբար, քաղաքական եւ տնտեսական օժանդակութիւնը հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին՝ ներգրաւելով Իրանը, Հայաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը, կը բերի ստրատեգիական կարեւորութիւն՝ միացնելով երկրներ: Նախաձեռնութիւնները ոչ միայն կը դիւերսիֆիկացնեն Հարաւային Կովկասի տարանցիկ երթուղիները, այլ նաեւ կը յանգեցնեն հիւսիս-հարաւ տարանցիկ միջանցքի աւարտին եւ կը հեշտացնեն առեւտրի եւ բիզնես կապերի համագործակցութիւնը տարածաշրջանի երկրների եւ Մոսկւայի ղեկավարութեամբ հիմնւած ԵԱՏՄ-ի միջեւ»,- նշեց Վալի Քալեջին:
Նա խօսեց նաեւ ֆինանսական պատժամիջոցների չեղարկւելուց յետոյ Իրանի արտաքին քաղաքականութեան եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների մասին:

«Իրանը նոր մակարդակի է հասել իր արտաքին եւ տնտեսական քաղաքականութիւնում՝ գերտէրութիւնների հետ միջուկային ծրագրի մասին համաձայնութիւնից եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի՝ Թեհրանի դէմ ֆինանսական սահմանափակումների հետագայ չեղարկումից յետոյ: Այս իրադարձութիւնը մեծ հնարաւորութիւն է Իրանի համար՝ լաւացնելու իր յարաբերութիւնները հարեւանների հետ: Այս շրջանակներում Իրանը միշտ էլ ողջունել է հարեւան երկրների, յատկապէս Հայաստանի հետ յարաբերութիւնների ընդլայնումն ու խթանումը»,- մասնաւորապէս ասաց նա:

Նա նաեւ աւելացրեց. «Եթէ դուք նայէք եւ հաշւի առնէք բոլոր այն պայմանագրերը, որոնք ստորագրւել են Իրանի եւ Հայաստանի միջեւ վերջին տարիներին, կը հասկանաք, որ Հայաստանն ունի լաւ եւ առանձնայատուկ տեղ սանկցիաների չեղարկելուց յետոյ Իրանի համար: Միւս կողմից, Իրանը չի մոռանայ այն երկրներին, ինչպիսին է հէնց Հայաստանը, որոնք աշխատել են մեզ հետ դժւարին՝ Թեհրանի դէմ ֆինանսական սահմանափակումների ժամանակաշրջանում»:

Անդրադառնալով Հարաւային Կովկասում Իրանի արտաքին քաղաքականութեանն ու Ադրբեջանի հետ յարաբերութիւններին եւ պատասխանելով դիտարկմանը, թէ Ադրբեջանը յաճախ է սպառնալիքներ հնչեցնում, թէ իր յարաբերութիւնները կը լաւացնի Իսրայէլի հետ, եթէ Իրանը Հայաստանի հետ իր յարաբերութիւնները լաւացնի, Վալի Քալեջին նշեց, որ վերջին երկուսուկէս տասնամեակում Իրանը փորձել է որդեգրել հաւասարակշռւած մօտեցում հարաւկովկասեան երկրների նկատմամբ:

«Ներկայում հաւասարակշռւած մօտեցման կարեւորութիւնն այն է, որ Հարաւային Կովկասի երեք հարեւան երկրներից՝ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իրանից միայն վերջինն ունի յարաբերութիւններ բոլորի հետ: Պատմականօրէն հայ-թուրքական, ռուս-վրացական յարաբերութիւնները դադարեցւել են համապատասխանաբար 1992-ին եւ 2008-ին: Շատ վայրիվերումներով Իրանը պահպանել է իր յարաբերութիւնները կովկասեան երկրների հետ: Հետեւաբար՝ սա համարւում է Իրանի արտաքին քաղաքականութեան արժէքաւոր եւ արժանի կարողութիւններից: Միւս կողմից, Իրանը թոյլ չի տայ որեւէ երրորդ երկրի, որ ազդեցութիւն ունենայ Իրանի՝ Ադրբեջանի Հանրապետութեան կամ այլ հարեւան երկրի հետ յարաբերութիւնների վրայ»:

alikonline.ir

Տպել Տպել