Հայաստանում Երասխ գյուղի մոտ հանգստի գոտու շինարարության մրցույթ կհայտարարվի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում Իրանից եկող զբոսաշրջիկները Երեւանի ճանապարհին հանգստանալու տեղ կունենան եւ ոչ միայն քնելու համար։ «Իհարկե Երեւանի ճանապարհին հյուրանոցներ կան, բայց այս կենտրոնում կլինեն խանութներ, ճաշարաններ եւ բաղնիքներ։ Որպեսզի մինչեւ Երեւան հասնելը ժամանակ անցկացնելու տեղ լինի»,– հավելեց Լոքյանը։
Կենտրոնը պլանավորում են կառուցել Երասխ գյուղի մոտ՝ Նախիջեւանի սահմանից ոչ հեռու։ «Նախագիծը քննարկվել է իրանցի գործընկերների հետ, սակայն բաց է բոլորի համար։ Ցանկացած ներդրող կարող է ներկայացնել իր նախագիծը։ Որեւէ տեղաշարժ, կարծում եմ, կարելի է սպասել միայն մի քանի ամսից»,– ասաց նախարարը։
news.am