- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ֆրանսահայերն աշխատում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատին ներկայացնելու ուղղությամբ

[1] Ֆրանսիայի հայ համայնքը շարունակում է աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագծի` Սենատում ներկայացվելու ուղղությամբ, եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Փարիզ այս առումով կարող է որոշակիորեն նպաստել այս գործընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը, բնականաբար, կքննարկվեն նաեւ օրինագծի հետ կապված հարցերը եւ հայ համայնքին վերաբերող խնդիրները: Գրասենյակի ղեկավարի խոսքով` Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի` նախագահական նստավայրում առաջիկայում կայանալիք հանդիպմանը կհետեւեն այցելություններ, ինչպես նաեւ հանդիպումներ Սենատում: Ելիսեյան պալատում կազմակերպվելիք ճաշկերույթին հրավիրված են նաեւ հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ եւ պատասխանատուներ, այդ թվում` Հրաչ Վարժապետյանը:

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի սոցիալիստների կուսակցության նախագահ Բրյունո Լե Ռուն իրենց պատվիրակության համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է կուսակցության` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մտադրությունը: Լե Ռուն նշել է, որ իրենց սկզբունքներում ոչինչ չի փոխվել. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է հարգի իր տված խոստումը, եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծ իրենք պետք է առաջարկեն ապրիլի 24-ին ընդառաջ:

Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011թ. դեկտեմբերի 22-ին, իսկ Սենատը` 2012թ. հունվարի 24-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագիծը, որը նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացմանը ներկայացվելուց առաջ մի խումբ թուրքամետ պատգամավորների ջանքերով ներկայացվեց Սահմանադրական դատարան եւ համարվեց հակասահմանադրական: