Շողոքորթությունը քաղաքագիտական կատեգորիա չէ

Խիստ հազվադեպ եմ սոցիալական ցանցում ակտիվ լինում, սա այդ հազվադեպ դեպքերից մեկն է.

Սալամ տիկին Արզիկ

Վայելեցինք Արցախի Հանրայինի «Ողջույն Արցախ» հաղորդում-շոուն Ձեր մասնակցությամբ: Հրաշալի էր, գնահատելի, ձեր կերպարին յուրահատուկ (ովքեր Ձեզ լավ են ճանաչում) և 70-ամյակի ոգուն համահունչ, հասարակության համար ընկալելի: Ախր այլ կերպ չէր կարող լինել. հյուրերին էլ հատուկ ընտրում են:

Հաղորդումը լսելուց հետո մտածում էի՝ սահմանադրական իմ որ իրավունքից օգտվել՝ լռելու՞, թե՞ խոսելու: Լռեմ, կդառնա, որ համաձայն եմ ասածներիդ (ժողովրդական ասացվածքը հիմարություն չէ, որ ասում է՝ լռությունը համաձայնության նշան է): Խոսեմ, նորից կմտածեն՝ դեմագոգիան սկսվեց:

Բայց ախր հիշեցի, որ մենք վճարվում ենք նաև խոսելու համար:

Վերջապես որոշեցի օգտվել սահմանադրական իմ խոսելու իրավունքից, քանի դեռ փետրվարի 20-ը չենք հատել, թե չէ կարող է այդ իրավունքն այլևս չունենամ: Չէ՞ որ ինչպես դու ես ասում՝ Սահմանադրությունը քաղաքացուն ազատություն է տալիս, և մենք պետք է ազատ մտածելակերպով սերունդ դաստիարակենք: Ես Ազատության սերնդից եմ: Ուրեմն ազատ կլինեմ և կփորձեմ գոնե ինձնով ցույց տալ մեր հասարակության իրավագիտակցության մակարդակը: Հասարակության մոտ դա այնքան էլ ցածր չէ, որքան դու ես կարծում, (ի դեպ քո այդ տեսակետը խիստ համընկնում է մեր հարևան ադրբեջանցիների տեսակետին): Բա մեզ վստահեցնում էին, որ ա˜յ Արզիկ Միխայիլովնան մեծ քաղաքական փորձ ունի, ա˜յ դուք չեք իմանում, ինքը 88-ին ելույթներ էր ունենում, Մոսկվայում է եղել, արևմուտքում, եվրոպաներում, ինքը լուրջ փորձ ունի … շատերի բովով է անցել. ա՛յ դուք կտեսնեք:

Տեսանք, տեսնում ենք:

Հասարակությանը մոլորեցնելու և անձնական մեծ շահեր գերադասող ու ապազգային գաղափարախոսությամբ տոգորված այդ անձին պետք չէր մոտ թողնելու քաղաքականությանը այն էլ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քաղաքականության այբուբենին 70-ից հետո սովորաբար հրաժեշտ են տալիս, ոչ թէ սովորում:

Քաղաքական գործիչը պետք է ունակ լինի լսելու համբերատարությմաբ, բանավիճելու, ուրիշի կարծիքը գոնե հարգելու, այլ տեսակետները վերլուծելու, սեփական համոզմունքը բացատրելու: Քաղաքագիտությունը և հոգեբանությունը մոտ են իրար, քաղաքագետը նաև հոգեբան է, իսկ հոգեբանը սովորաբար շատ հեռու է լինում քաղաքականությունից: Բարոյահոգեբանական և խրատական ելույթները այս կամ այն ամբիոնից կարող են լցնել ցածր իրավագիտակցություն ունեցողների դատարկ գլուխները, հատկապես սահմանից այն կողմ, բայց ոչ մեր հպարտ հայրենակիցներին:

Լուսահոգի Վահան Հովհաննիսյանն էր ամբիոնից ասում. – «Հը՞, Գրիգորիչ, ասե՞մ, թե՞ չասեմ,». – ու շարունակում իր հայտնի ելույթը:

Ընկ. Վահանը մեզ պատգամեց. որ ասենք. Հիմա էլ ասում ենք: Մենք ասելու իրավունք ունենք, այն վաստակել ենք:
Իսկ երկխոսելու առիթ կունենանք, առիթներ շատ ու շատ կլինեն, բայց ոչ բանավիճելու, բանավիճում են բարձր քաղաքական հասունություն և ինքնագիտակցություն ունեցողները:

Հասարակությունը շուրջբոլոր համեմված է ազերիա-թուրքական երաժշտությամբ, փաթաթված նրանց արտադրանքի շորերով. շուկայում թագավորում է «Սա որակյալ է, սա թուրքական է» կարգախոսը, մտածենք ու գործենք այդ ուղղությամբ: Մնայուն արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվենք: Ամեն ինչ շուկայի մի վերածեք:

ՀՅԴ-ական Ավետիս Ահարոնյանին մի՛ պղծեք: Նրա և մյուս մեր մեծերի ճանապարհով են առաջ շարժվում նորսերդականները:
Հերիք է պառակտիչ ելույթներ ունենաք: Շողոքորթությունը քաղաքագիտական կատեգորիա չէ. Լա՛վ իմացեք:

Շատ չխորացա, զսպող հանգամանք կար. վերջապես մայր եք:

Առ ի հիշեցում՝ ՀՅԴ-ի որոշումով ներկայացված Սահմանադրության նախագծին դեմ եմ քվեարկելու:

Ըստ քեզ ես ազերի՞ եմ, թե ինչամետ եմ՞:

Սրտի կսկիծով՝
Արցախի հպարտ քաղաքացի
Դավիթ Իշխանյան

Հ. Գ. – Սահմանը պահող զինվորականն եթե դեմ քվեարկի, ըստ քեզ, հայ չէ՞:

Տպել Տպել