- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ ցուցակը կորոշի Գերագույն Մարմինը

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀՅԴ ցուցակին։

Հարցին, թե որո՞նք են ՀՅԴ ցուցակի առաջին երեք անունները, նա պատասխանեց, որ ցուցակը չի կարող այս պահին հրապարակել, որովհետև դեռ չգիտեն ցուցակի դասավորվածությունը, այն քննարկման փուլում է, և դեռ ժամանակ կա մինչև փետրվարի 16-ը։

[1]

«Մեզ մոտ որոշում պետք է կայացվի, մինչև որոշում չկայացվի, որևէ մեկը իրավունք չունի հայտարարելու։ Գերագույն մարմինը պետք է դա որոշի: Մի քիչ էլ սպասեք, ցուցակների մասին կտեղեկացնենք»,- ասաց Ռուստամյանը։

Ինչ վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլին, պատգամավորը հորդորեց շատ առաջ չընկնել, որովհետև չի հավատում, որ կարող է երկրորդ փուլ լինել։ Նա կարծիք հայտնեց, որ այս ընտրությունները նոր որակով են անցկացվելու։

«Ես հավատում եմ, որ որևէ մեկն առանձին չի կարող մեծամասնություն ունենալ, բայց նաև չեմ բացառում, որ, երկուսով կամ երեքով միանալով, այդ մեծամասնությունը ձևավորեն առաջին փուլից հետո։ Իսկ եթե երկրորդ փուլ եղավ, կարող են ձևավորվել նոր դաշինքներ՝ երկրորդ փուլին մասնակցելու համար»,- ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ Դաշնակցությունն առանձին է գնում ընտրությունների, որովհետև ինքնանպատակ չէ ինչ-որ մեծամասնություն ձևավորելը կամ ԱԺ-ում ներկայության ինչ-որ թիվ արձանագրելը։ «Մենք շատ հստակ ծրագիր ունենք, այդ ծրագրով հասել ենք նրան, որ այսօր արմատական փոփոխությունների հիմք ենք դրել մեր երկրում և դա շարունակելու խնդիր ունենք։ Հայաստանում նոր սկիզբ է արձանագրվելու, նոր որակի իշխանություն է ձևավորվելու, և դա մենք ժողովրդին կներկայացնենք նախընտրական փուլում, թե որոնք են այս ընտրությունների առանձնահատկությունները, ինչ նոր վիճակ է առաջանալու Հայաստանում, որովհետև դրա նախաձեռնող ուժը եղել է նաև Դաշնակցությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա հավելեց, որ այսօր ժողովուրդը պետք է տեսնի, որ սահմանադրական փոփոխությամբ վերացել է «Ամեն ինչ հաղթողին, իսկ պարտվողին՝ ոչինչ» սկզբունքը, և պետք է ամեն ինչ անել, որ դա անշրջելի լինի։

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու դեպքին։

«Այն, ինչ կատարվում է Լապշինի հետ կապված, դա մարդու իրավունքների ռեկորդակիր խախտում ունեցող երկու բռնապետ երկրների միջև տեղի ունեցած հանցավոր համաձայնություն է, որովհետև այս արտահանձնումը իրավական լուրջ փորձաքննության չի կարող դիմանալ։ Ակնհայտ է, որ սա զուտ քաղաքական որոշում է, երկու բռնապետերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունք: Որևէ դատական համակարգով այս ամենը, բնականաբար, չի անցել, որովհետև պարզ երևում էր, որ Լուկաշենկոն թելադրում է, թե դատավարությունն ինչպես պետք է ընթանա։ Սա պետք է դուրս բերել Լապշինի անձի կոնտեքստից»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ երկու բռնապետական պետությունները հասկանում են, որ այս միջադեպի հետ կապված ձնագնդին կարող է մեծանալ, և չի բացառվում, որ, ինչ-որ մարդկային, անձնական, անհատական հատկանիշներ նկատի ունենալով, ներում շնորհեն Լապշինին` փոխանցելով նրան կա’մ Ռուսաստանին, կա’մ Իսրայելին, դրանով փորձելով ցույց տալ, թե ինչքան մեծահոգի են ու մարդասեր։

Ի՞նչ է նշանակում Լապշինի արտահանձնումը։ Ըստ Ռուստամյանի` դա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր այցելում են կոնֆլիկտային գոտի, կարող են հայտնվել Լապշինի վիճակում։ Եվ այդ աբսուրդը կարող է հանգեցնել նրան, որ, ասենք, ամբողջ հայ ժողովրդին պետք է արտահանձնել Ադրբեջանին, կամ, ասենք, Ղրիմ գնացողներին պետք է արտահանձնել Կիևին և այլն։

«Խնդիր պետք է դնել, որ մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում գերակա արժեք են, ինչը նշանակում է, որ եթե խնդիրը քաղաքական լուծում չի ստացել ապա դրանից մարդու ազատ տեղաշարժի իրավունքը չպետք է սահմանափակվի։ Աբսուրդ է, այսինքն` արցախցիներն էլ իրավունք չունեն տեղաշարժվելու, եթե չեն ստացել Ադրբեջանի համաձայնությունը։ Աբսուրդն իր չափն ու սահմանը պետք է ունենա: Այս տիպի հարցերը պետք է տեղափոխվեն միջազգային ատյաններ և լուծում ստանան, ոչ թե ակնկալվի Լուկաշենկոյի կամ Ալիևի բարեհաճությունը` այս հարցերի հետ կապված»,- ասաց Ռուստամյանը։