Այս օրերին դիտորդական առաքելությամբ Արցախ էին ժամանել նաեւ ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրավիրված պատվիրակությունը՝ հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ:
Եվրոպայի վեց տարբեր երկրներից 8 հոգուց բաղկացած պատվիրակությունն այցելել է 11 ընտրական շրջանների 48 ընտրատեղամասեր:
Նրանք եզրակացրին, որ ընտրությունները կայացել են արդար եւ օրինական ձեւով:
«Ընտրական հարցերով պատասխանատուները կարողացան կազմակերպել օրինական հանրաքվե՝ պրոֆեսիոնալ եւ թափանցիկ կերպով: Արցախը հարգել եւ պահպանել է բոլոր նախադրյալները, որոնք պահանջվում են միջազգային կազմակերպությունների կողմից»,- մասնավորապես եզրակացրել են դիտորդները:
Չնայած այս գնահատականի՝ միջազգային դիտորդներն ականատես եղան փոքր բացթողումների, որոնք, սակայն, ըստ իրենց, չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա:
«Երեք ընտրատեղամասերում ներկա էին անձինք, որոնք այդ իրավունքը չունեին, երկուսում՝ ձախողվել է քվեարթերթիկների ճիշտ հաշվարկը: Մեկում՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, չունենալով այդ իրավասությունը, ընտրողներին բացատրում էր, թե ինչ ձեւով պետք է քվեարկել»,- նշել է Գասպար Կարապետյանը:
Միջազգային դիտորդների ուշադրությունն է գրավել նաեւ ընտրողների մասնակցության բարձր՝ 86,4 տոկոսը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախ էին ժամանել նաեւ բելգիացի 2 պատգամավոր:
Հիշեցնենք, որ սա ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից դիտորդական առաքելության իրականացնելու նպատակով Արցախ բերված 2-րդ պատվիրակությունն է:
aparaj.am
