ՀՅ Դաշնակցությունը ներկայացրեց կուսակցության նախընտրական պլատֆորմը

Մարտի 5-ին Երեւանում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության հանդիսավոր հավաքը՝ որն ազդարարեց քարոզարշավի մեկնարկը։ Ներկա էին ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: Ներկայացվեց նաեւ կուսակցության նախընտրական պլատֆորմը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը.

Հարգելի՛ բարեկամներ,

Սիրելի՛ ընկերներ,

Թանկագին լրագրողներ,

Դաշնակցությունը սկսում է նախընտրական քարոզարշավը մեր պլատֆորմի ներկայացմամբ։ Որովհետեւ մենք, ի տարբերություն շատ-շատերի, գաղափարախոսություն, ծրագիր, արժեհամակարգ, փորձառություն ունեցող կուսակցություն ենք։ Սկսում ենք՝ ՙՙՆոր սկիզբ, արդար Հայաստան՚՚ կարգախոսով։ Մեզ համար արդարությունը հիմքերի հիմքն է։ Արդարությունը հայ ժողովրդի տեսակի, բնույթի, էության մեջ է։ Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ազատ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ, զարգացող, ինքիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրավունքի Հայաստանն է։

Մենք դրան հասնելու ենք։ Մենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել։ Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք։

Հիմա ես Ձեզ մի քանի պարզ հարց ունեմ։

1. Այս ընտրություններին, բացի Դաշնակցությունից, չորս դաշինք ու չորս կուսակցություն է մասնակցում։ Ուշադիր նայեք ու ասեք՝ արդյո՞ք այդ չորս կուսակցությունները դաշինքներ չեն՝ իրենց կազմով, խայտաբղետությամբ, ներքին հակասություններով։ Արդյո՞ք միակ իրական կուսակցությունը Դաշնակցությունը չէ։
2. Ուշադիր նայեք՝ մասնակից ուժերից ո՞րն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի կուսակցություն չէ։
3. Որ ուժն է, որ ներկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում ու աշխարհի 30-ից ավելի երկրներում եւ ամենուր հայկական շահերի պաշտպանության հարցում ազդեցություն ունի։
4. Որ ուժն է, որ հետեւողական է, չի շեղվել իր սկզբունքներից, ամբոխավար չէ, մարմնավորում է եւ՛ հայ զինվորին, եւ՛ աշխատավորին, եւ՛ մտավորականին։
5. Որ ուժն է, որի ապագա խմբակցությունը նոր Ազգային ժողովում բացառված է, որ քայքայվի, տարբեր մասերի բաժանվի։
Խնդրում եմ՝ Ձեր մտքում պատասխանեք այս հարցերին, եւ ընտրությունը ակնհայտ կդառնա։

Դաշնակցությունն է Ձեր կուսակցությունը։

Դաշնակցության գաղափարները հաղթելու են։

Հաղթելու է Հայաստանը։

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ այս ԱԺ ընտրությունները բացառիկ են լինելու հայ ժողովրդի համար, քանի որ տեսակի մեջ առաջին ընտրություններն են:

«Մենք շատ երկար ենք գնացել այն ճանապարհով, որ կարողանանք մեր ժողովրդին տալ այս հնարավորությունը` ընտրել նոր համակարգում նոր ընտրակարգով, ըստ էության հիմնադիր խորհրդարան: Այս խորհրդարանը 25-26 տարվա անկախություն ունեցող մեր պետության պատմության մեջ դառնալու է հիմնադիր խորհրդարան, որովհետև այս խորհրդարանը լինելու է այն շարժիչ ուժը, որը գործի է դնելու բոլոր այն բարեփոխումները, որոնց համար նախադրյալներ ենք ստեղծել սահմանադրությամբ և օրենսդրությամբ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա համոզմամբ, չի կարող երկրում առանձին բերցրած որևէ խնդիր լուծում գտնել, եթե գործընթացները ճիշտ ընթացքի մեջ չեն դրված: ՀՅԴ-ն չի գնալու առանձին ոլորտներում կամ առանձին խնդիրների վերաբերյալ խոստումներ տալու ճանապարհով, քանի որ ՀՅԴ-ն դատարկ խոստումներ երբեք չի տվել:

«Մենք այս ընտրապայքարի մեջ ենք մտնում արած գործը ներկայացնելու և ժողովրդից մանդատ հայցելու, որ կարողանանք շարունակել սկսած գործը: Այսօր Դաշնակցությունը լուրջ գործընթաց է սկսել, արդեն քանի տարի, և այդ գործընթացը շարունակելու առաքելություն ունի:Մենք պարտավորություն ունենք սկսածը անշրջելի դարձնելու, բարեփոխումներն էլ ավարտին հասցնելու համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ Ռուստամյանի,հանրության մեծ մասը չգիտի, թե ինչ փոփոխություններ են բերել սահմանադրական փոփոխությունները, և դրանք ինչ ազդեցություն են ունենալու: Եվ սահմանադրական փոփոխությունների անմիջական մասնակից Դաշնակցության պարտքն է` բացատրել կատարվածի կարևորությունն ու նշանակությունը:

Նրա խոսքով` ՀՅԴ-ն որևէ անհատի հետ խնդիր չի ունեցել, նման խնդիր չի դրել, այլ կազմակերպել է իր աշխատանքները` հանուն երկրի ապագայի:

« ՀՅԴ-ն երբեք չի գնալու այն ճանապարհով, որ օգտագործենք ժողովրդի դժգոհությունը քաղաքական նպատակների համար, այլ գնալու ենք այն ճանապարհով, որ վերացնենք ժողովրդի դժգոհությունը, հանուն սերունդների, ինչը ամենադժվար ճանապարհն է: Սա նշանակում է հանրության առանձին հատվածներին չասել մի բան, որն իրենց քիմքին հաճելի է, բայց խնդիրներ ստեղծել մեկ այլ հատվածի մոտ: Սա է դասական պրիմիտիվ պոպուլիզմը, որով չենք առաջնորդվելու, որովհետև մենք մտածելու ենք հանրային ընդհանուր շահի մասին»,- նշեց Ա.Ռուստամյանը:

Դժգոհությունները անվերջ կմնային, եթե, ըստ Ռուստամյանի, չվերցվեր այդ դժգոհությունները սնող համակարգային պատճառը: Եվ այդ պատճառը այն քաղաքական համակարգն էր, որը մենիշխանություն էր ծնել, երբ հաղթողը ստանում էր ամեն ինչ, իսկ պարտվողը, ունենալով մեծ վստահություն, դուրս է մղվել ու նսեմացվել, չունենալով ազդեցություն որոշումների կայացման համար: Այլևս չի լինի այն միակ նախագահական աթոռը, որի վրա նստողը ունենա ամբողջական իշխանություն: Վերացվեց դրա հնարավորությունը: Այդ գլխավոր հարցից են բխել մնացած բոլոր հարցերը` մոնոպոլիաներ տնտեսության մեջ, անարդարություն , մարդու իրավուքնների ոտնահարում: Այս ամենը լուծված է աշխարհում, և այդ առաջադեմ փորձը բերվել է Հայաստան:ՀՅԴ-ն, մեծ համառությամբ, կարողացավ միջազգային այդ առաջադեմ փորձը` սահմանադրական փոփոխությունները, բերել ու տեղայնացնել Հայաստանում:

«Սա է նոր սկիզբը, որի մասին խոսում ենք: Կան բոլոր հնարավորությունները, որ ընտրությունների միջոցով ժողովուրդը կարողանա փոխել իշխանություններին, կապ էլ պահել, եթե նրանք իրենց արդարացրել են: Իշխանափոխության կոչեր էին անում, ժողովրդին տանելով արկածախնդրության, մենք այդ ճանապարհով չենք գնացել: Մենք հասկացել ենք, որ այս ռեժիմը, որը հենված է մենիշխանության համակարգի վրա, կափ կփոխվի դրսից` արյունահեղությամբ, ինչը մեր համար անընդունելի է, կամ կփոխվի ներսից` համառ աշխատանքի արդյունքում: Մենք սա ենք արել, և բաց ճակատով ենք մտնելու ժողովրդի մեջ, բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ: Հասկանալով որ դժգոհության մի մասը մեր վրա էլ է գալու, բայց մենք հասկացել ենք, որ ուրիշ ճանապարհ չկա, այդ դժգոհությունից ազատվելու համար: Մնում է` այդ ամենը շարունակել և թույլ չտալ երկու բան:Թույլ չտալ, որ նսեմացվի այս կատարված աշխատանքը, և թույլ չտալ այնպիսի խորհրդարան ձևավորվի, որ մեկի մտքով անցնի շուռ տալ այն ամբողջը, որը կատարվել է»,- ասաց Ռուստամյանը` շեշտելով, թույլ չեն տալու որևէ մեկին հետ պտտել սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

Ժողովուրդը պետք է վեր կանգնի ամեն տեսակ ճնշումներից: Նա կոչ արեց բոլորին գիտակցել իրենց ընտրության իրավունքը, չառաջնորդվել «խնամի-բարեկամ» սկզբունքով, այլ վստահել այն ուժին, որն իր քայլերը մեծ համոզումով է իրականացնում:

ՀՅԴ համամասնական ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը իր ելույթում ուշադրություն հրավիրեց ՀՅԴ կարգախոսին` իր հիմնադրման օրվանից ի վեր, դա ազատ, անկախ, միացյալ Հայաստանն է:Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից ՀՅԴ-ն, իբրև հարյուրամյակը անցած կուսակցություն, ստանձնել է Հայաստանի անկախությունն ու կայունությունը պահպանելու դերակատարումը: Այս 25 տարիների ընթացքում Հայաստանն անցել է լուրջ փորձություններով, որի ժամանակ ՀՅԴ-ն կատարել է իր հիմնական առաքելությունը` Հայաստանում իշխանությունը հավասարակշռել, թույլ չտալով, որ հանրությունը գլորվի անկայունության անդունդ:

«Մենք կայուն զարգացման քաղաքական ուժն ենք, և դրա հիմքում` մարդն է:Մեր կարգախոսը` «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան»-ը հենված է երեք կարևոր սյուների վրա.մարդ, ընտանիք, ազգ: Եվ չի կարող մի կետ այս գագաթներից ոտնահարված լինել: Մեր հիմնական հույսը հայ մարդն է, ով իրավունք ունի ազատ ապրելու իր հայրենիքում»,- ասաց Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ այսօր պատմական շանս ունի Հայաստանը` ձևավորելու լուրջ դերակատարում ունեցող խորհրդարան, որը կերաշխավորի իշխանության հավասարակշռումը:

ՀՅԴ համամասնական ցուցակի 3 հորիզոնականը զբաղեցնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լքոյանն իր ելույթում նշեց, որ ՀՅԴ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որը հաղթած է գնում այս ընտրություններին:

«Հաղթում են ոչ թե մանդատներով, այլ գաղափարներով: 25 տարի մենք մեր երկրում համառորեն պայքարել ենք, որ երկրում փոփոխություններ կատարվեն կառավարման մեջ: Նույն համառությամբ կուզենամ, որ դաշնակցությունը ձեռնամուխ լինի տնտեսական ոլորտում պայքարելի մեջ,պայքար, որըկտանի երկրի ՀՆԱ-ի աճին, բնակչության բարեկեցության ավելացման և ամենակարևորը` ներքին համերաշխության ապահովմանը: Ոչ մի երկրում ներքին համերաշխություն գոյություն ունենալ չի կարող, եթե կա եկամուտների լուրջ անհավասարություն»,- ասաց Դավիթ Լոքյանը` հավելելով, որ իրենց նպատակն է երկրի տնտեսությունը ուժեղացնել:

Ըստ Լոքյանի, մի բան կարելի է ֆիքսել, որ վերջին ամիսների ընթացքում երկիրը որդեգրել է մի ուղղություն, որը իրավամբ կարելի է համարել դաշնակցության տնտեսական հիմնաքարերից մեկը: Բոլորին էլ պարզ է, որ մասնավոր հատվածը լավագույն կառավարիչն է այնպիսի տնտեսություն ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է: Անհրաժեշտ է որ տնտեսական խնդիրները լուծվեն փուլային տարբերակով, քանի որ չի կարող փոքր շուկա, երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում շուկայական հարաբերությունները բերենՀՆԱ-ի մեծ աճի: Եվ, ըստ Լոքյանի, վերջին ամիսների ընթացքում պետությունը ուղղակիորեն մասնակցություն է ցուցաբերում մի շարք ծրագրերում, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի:

Երկրում խիստ խնդրահարույց է մնում դրամավարկային քաղաքականությունը:Լոքայի խոսքով, չի կարող երկիրը արագ տեմպերով զարգացում ապրել, եթե չեն կարգավորելու բանկային համակարգը, որն այսօր աշխատում է ազատ շուկայական տրամաբանությամբ: Գոյություն ունի, դրամական միջոցների պակաս, ահա ինչու վարկային տոկոսները շատ բարձր են: Բայց այդ բարձր տոկոսներով հնարավոր չէ երկրում տնտեսություն խթանել, գործարարությամբ զբաղվել, աշխատատեղեր ստեղծել: Եվ բանկային համակարգը կարգավորելը Դաշնակցության տնտեսական ծրագրի առանցքային մասն է, որպեսզի այն մարդիկ, որոնք կարող են ձեռնարկատիրությամբ զբաղվել, կարողանան էժան միջոցներ ունենալ ու տնտեսություն վարել:

«Առաջիկա հինգ տարիներին 5 և ավելի տոկոսի հասնող տնտեսական աճ կունենանք, որը իր հետևից պետք է բերի եկամուտների մեծացում, ձեռնարկությունների համար հավելյալ արժեք, ինչն էլ երկիրը ավելի բարեկեցիկ կդարձնի»,- ասաց Լոքյանը: Նրա համոզմամբ` պետությունն իր կարգավորիչ դերակատարումը պետք է ունենա տնտեսության մի քանի հարցերում, օրինակ` գյուղատնտեսության սուբսիդավորման գործում, որպեսի Հայաստանը կարողանա մրցակցել իր հարևանների հետ տնտեսական հարաբերություններում:

«Օրինակ Վրաստանում մեկ հեկտարի համար բնակիչները կարողանում են ստանալ մինչև 350 դոլարի օժանդակություն պետությունից: Մեր նպատակներից մեկը պետք է դառնա այս ցուցանիշին հասնելը: Տնտեսական քաղաքականությունը պետք է բերի արդյունք սոցիալական ոլորտի համար, մասնավորապես առողջապահական ոլորտում: Պետք է կարողանքն այս ոլորտում շատ արագ ներդնենք պետական ու մասնավոր ապահովագրությունը: Պետությունը ինքը պետք է դառնա հիմնական ապահովագրողը ոչ բարենպաստ պայմաններում ապրող բնակիչների համար: Ներմուծման կամ ծառայությունների ոլորտում գործող ձեռնարկություններն էլ պետք է դառնան իրենց աշխատակիցների համար կորպորատիվ գործընկերներ, իրականացնելով այդ ապահովագրությունը»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Նա վերջում ամփոփելով իր խոսքը, Լոքյանը նշեց, որ չի կարող երկրում ներդրումների հոսք լինել, եթե Սփյուռքին չեն ներառում տնտեսության զարգացման գործում: Ըստ Լոքյանի, Սփյուռքը չի կարող միայն դոնոր լինել հիմնադրամների համար` գումար վճարելով: Սփյուռքը մարմին է, որն ուզում է ուղղակիորեն մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսական կյանքին, ուստի Հայաստանը պետք է ամեն ինչ անի Սփյուռքի ներուժը օգտագործելու: Լոքյանի խոսքով Չինաստանը, Չիլին, Հնդկաստանը խելամտորեն են օգտագործել Սյուռքի ներուժը և հաջողել են:

ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ պետական կառավարման համակարգը հիմնովին վերանայելու անհրաժեշտություն կա:

«Մեր համար սկզբունքային նշանակություն ունի, մեր առաջնահերթությունների մեջ է այն, որ պետական ծառայողը պետք է վստահ լինի` վարձատրությունը, որը տրվում է իրեն, ապահովելու է թե իր սոցիալական, թե իր պարտականությունների լիարժեք իրականացման ֆինանսավորումը, որպեսզի նրա մոտ չդրսևորվեն կոռուպցիոն այս կամ այն դրսևորումները: Այս հենքի վրա է, որ մենք առաջարկում ենք հակակոռւպցիոն այնպիսի մարմնի ստեղծում, որը կներառի հասարակության տարբեր շերտերի, ընդդիմության ակտիվ մասնակցությունը:Մենք առաջարկում ենք պետական ծառայության այնպիսի սկզբունքներ, որոնք հիմնված են հայրենասիրության, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` ՀՅԴ-ն հասնելու է նրան, որ երկրի բնական ռեսուրսները` հողը, ջուրը, ընդդերքը,մթնոլորտը, կեդանական ու բուսական աշխարհը, որպես ժողովրդի սեփականություն, ծառայեն հենց ժողովրդին ու քաղաքացուն:

ՀՅԴ համամասնական ցուցակի 4-րդ տեղում գտնվող Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում անդրադարձավ իրենց կարգախոսին` «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Արդար Հայաստանը, նրա խոսքով, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սոցիալական արդարությունն է: «Մենք այսօր ունենք երիտասարդություն, կանանց ներկայացվածություն, և նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծում: Նայեք մեր ծրագրին, նայեք մեր թիմին, և կտեսնեք, որ ՀՅԴ-ն ի զորու է ի կատար ածելու իր ծրագիրը»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում անդրադարձավ Արցախի հարցին:«Մեզ համար ազատ անկախ Արցախը մարտավարական հանգրվան է, որը մեզ տանելու է դեպի միացյալ Հայաստան: Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի ու Արցախի միջև ռազմաքաղաքական գործակցությունը: Կարևոր ենք համարում մեր բանակի հզորացումը, այս ուղղությամբ արդեն կան որոշ ծրագրեր, որոնք սկսել են իրագործվել: Մեր մոտեցումն է` Նիկոլ Դումանի մշակած համաժողովրդային բանակի օրինակով բարձրացնել մեր բանակի պաշտպանությունը»-ասաց Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Կիրո Մանոյանի խոսքով` ՀՅԴ-ն ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ: ՀՅԴ-ն հայամետ է և հայաստանակենտրոն:«Որպես համահայնական նպատակներով, համահայկական կառույց ունեցող կուսակցություն, մենք նաև մեր վրա ենք ստանձնում Սփյուռքի հարցերի կարգավորումը, հատկապես Սփյուռքում համայնքների անվտանգության հարցը: Կարևոր է Սփյուռքին հնարավորինս մասնակից դարձնել Հայաստանի կյանքին»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա խոսքով կարևոր ուղղություններից է նաև Վրաստանի հետ հարաբերությունների սերտացումը: ՀՅԴ-ն գտնում է, որ դա կարևոր է Ջավախքում բնակվող վիրահայության քաղաքացիական իրավուքնների տեսանկյունից:

Տպել Տպել