Կերտենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք

ՀՅԴ երիտասարդները շարունակում են բակային քայլերթերն ընդդեմ ընտրակաշառքի

«Ձեր քվեն տալով Դաշնակցությանը, դուք կերտելու եք մեզ հետ այն Հայաստանը, որի մասին երազում եք դուք, եւ ձեր երեխաները»։

Այս կոչերով Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամները քարոզչական հերթական ծրագիրն իրականացրեցին քայլերթի տեսքով: Երթի մեկնարկը տրվեց Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից, եւ ավարտվեց Աջափնյակում: Կազմակերպիչների կարծիքով այս եղանակով իրականցված բակային հանդիպումներն առավել արդյունավետ են, քանի որ կարողանում են քաղաքացիների հետ ավելի շատ շփվել՝ ծանոթացնելով կուսակցության ծրագրային ընդհանուր դրույթները:

«Մենք կոչ ենք անում ընտրակաշառք չվերցնել, որպեսզի ժողովուրդը չկաշառվի, իրենց ձայնը չվաճառի: Եվ ընդհանուր մեր ուսանողական ծրագիրն ենք ներկայացնելու, թե Դաշնակցությանը քվեարկելով ինչ կարող է լինել»,- ասում է Ուսանողական երիտասարդական շտաբի պետ Արտակ Մելիքյանը:

«Կարեւորելով երիտասարդության, եւ հատկապես ուսանողության դերը պետականաշինության, արդար հասարակության, կայուն պետության կայացման գործում, ՀՅԴ-ն՝ ի դեմս իր ուսանողական ու երիտասարդական միությունների, առավել մեծ ուշադրություն է դարձնում այս խնդիրներին, այնքան մեծ ուշադրություն, որ այս խնդիրներն առանձին թրուցիկներով են ներկայացված հասարակությանը»,- նշում է ՀՅԴ երիտասարդական նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գեւորգ Ղուկասյանը:

Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամները վստահեցնում են, որ նմանատիպ բակային հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, արդեն 2 երթ կազմակերեպել են քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Նախատեսում են նմանատիպ երթեր իրականացնել մյուս շրջաններում եւս:

Տպել Տպել