Ձեր ձայնը որոշելու է, թե ում ձեռքն եք հանձնում ձեր ապագան

Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի Նոր Նորք թաղամասի ընտրողների հետ:

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ իրենց քաղաքական ուժին ձայն տալը կնպաստի, որ եղած ձեռքբերումներն ավելի խորանան: «Մենք այս ընթացքում եղել ենք տարբեր մարզերում և շատ լուրջ ակնկալիքներ ունենք, որ դուք, Դաշնակցության արածը գնահատելով, հնարավորություն կտաք շարունակել մեր այն գործը, որը սկսել ենք: Մեր ունեցած ձեռքբերումներն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս՝ մտածելու, որ մենք ապրիլի 2-ից հետո ապրելու ենք նոր Հայաստանում, որովհետև ունենալու ենք նոր որակի իշխանություն և այդ որակը պայմանավորված է լինելու նոր համակարգով, որն ամրագրել ենք Հայաստանում: Մեր ժողովրդի մեջ լուրջ և արդարացի դժգոհություն է առաջացել, մենք վերացրել ենք այն խոչընդոտը, որը թույլ չէր տալիս ընտրությունների նկատմամբ վստահություն և հավատ ունենայիք, որ ձեր քվեի արժեքը կորցնեիք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արել են, որ համակարգ փոխվի և միանձնյա որոշումներ կայացնողներ չլինեն:

«Այս ընտրություններով Հայաստանը նոր շունչ է ստանալու, ունենալու ենք հնարավորություն, որ մինչ այժմ չլուծված հարցերը լուծվեն և սրա մեջ Դաշնակցության դերակատարումն էական է: Մենք չենք հրապարակել որևէ թիվ, որևէ մակարդակ՝ կապված ձեզ հուզող կենցաղային հարցերը լուծելու հետ, որովհետև մենք եկել ենք այդ հարցերն արմատապես լուծելու տրամաբանությամբ: Մենք չենք ասել, որ աշխատավարձերը կբարձրացնենք երկու անգամ, թոշակները՝ երեք անգամ, որովհետև մենք ասում ենք, որ կբերենք նոր համակարգ: Պետությունը պետք է տա հնարավորություն, որ դուք սնվեք համապատասխան մակարդակով, գոյատևելու համար ունենաք անհրաժեշտ բոլոր պայմանները»,- նշեց նա՝ ընդծելով. «Ձեր ձայնը որոշելու է, թե ում ձեռքն եք հանձնում ձեր ապագան»:

Բազմամարդ հանդիպման ներկաներին դիմելով՝ ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները բախտորոշ են լինելու: «Ապրիլի 2-ին, ըստ էության, քվեարկության է դրվելու կարևորագույն հարց. մենք պետք է զարթոնք ապահովե՞նք, թե՞ մնանք այսօրվա վիճակում:

Դաշնակցությունն առաջարկում է զարթոնքի քվեարկություն կազմակերպել, որովհետև այս փոփոխություններով ու ընտրություններվ պետք է հիմք դնենք նոր, արդար Հայաստանի կերտմանը»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները ձևավորվելու են երկրի բարձրագույն մարմինը, որը ձևավորելու է կառավարություն, դատական իշխանություն և լինելու է օրենսդիր բարձրագույն օրգանը:

Ըստ Մինասյանի՝ սկզբունքային հարց է՝ ովքեր պետք է ներգրավվեն այս գործին և ընտրողները կարող են որոշել՝ ինչպիսի քաղաքական ուժի են ուզում տեսնել խորհրդարանում: «Ուժեր, որոնք անընդհատ փոխում են իրենց անունը՞, քաղաքական ուժեր, ովքեր չեն վարանում և իրենց անուններն են օգտագործում քաղաքական ուժի անվան մեջ, թե՞ քաղաքական ուժեր, ովքեր ունեն պատմություն, անցած ուղի և իրենց ներկա կարգավիճակով համապատասխանում են մեր ազգային, մարդկային, համապետական շահերին: Հարց է՝ արդյոք քաղաքական ուժը և նրա թեկնածուներն ունեն ծրագրեր և գաղափարախոսություն, թե՞ պահի ազդեցությամբ ձևավորված նեղ խմբային, անձնական շահերով առաջնորդվող ուժեր են»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ Դաշնակցությունն այստեղ էլ մրցակից չունի և 127 տարվա պատմությամբ ապացուցել է, որ մարդիկ կարող են իրենց հույսը դնել Դաշնակցության վրա: Արծվիկ Մինասյանն ընդգծեց նաև, որ Դաշնակցության կողմից առաջադրված բոլոր թեկնածուները կայացած մարդիկ են, յուրաքանչյուրն անցել է ճանապարհ և գտնվում է մի կարգավիճակում, որ բացարձակապես «գործ ուզելու» խնդիր չունի, նրանք կայացած են և պատրաստ են ՀՅԴ-ի ծրագրերն առաջ տանել ԱԺ-ում: «Մարդը, պատգամավորը եթե կաշկանդված եղավ սեփական բիզնես շահերով, վարչական լծակով, նա չի բարձրացնելու և համարձակորեն չի խոսելու երկրի կարևորագույն խնդիրներից»,- ասաց նա՝ հավելելով. «Ապրիլի 2-ը, որ մեր երկրում, մեր երկրի զավակների արյան գնով պաշտպանվող սահմանների օր է նաև, հենց այս ապրիլի 2-ը պետք է վերածենք նաև զարթոնքի, հանուն նաև այն արյան, որը ընդամենը մեկ տարի առաջ քառօրյա պատերազմի ժամանակ թափեցին մեր 110 քաջորդիները, հանուն այն Հայաստանի, որը միասնական է լինելու, ամբողջական է լինելու, որը ոչ թե խաղաղությունը պետք է մուրա, այլ պարտադրի»:

Հանդիպմանը ներկա էր նաև դաշնակցական Ներսիկ Իսպիրյանը, ով դիմելով ներկաներին, ասաց, որ, լինելով 30 տարվա կուսկացական, հենց ներսից տեսել է՝ որքան նվիրված են եղել իր կուսակիցները Հայաստանին՝ պատմական ամենատարբեր իրադարձությունների ընթացքում: Իսպիրյանի խոսքով՝ հենց Նոր Նորքն ընդգրկող ընտրատարածքից առաջադրված թեկնածուներն էլ իրենց լուրջ ներդրումն ունեն Արցախյան ազատամարտի ընթացքում: «Արցախյան հերոսամարտում ամենաթեժ կռիվների ժամանակ տասից հինգը դաշնակցականներ են եղել, մեր կուսկացության անդամները հայրենասեր, պարկեշտ մարդիկ են»,- ասաց Իսպիրյանը, ապա հավելեց. «Բայց Արցախյան հերոսամարտում, ուզում եմ առանձնացնել Հայկին և Վահանին: Մարդիկ այստեղ ուտում-խմում էին, նյութական էին դիզում, բայց էս տղերքը զենքերը ուսներին, մահն իրենց կյանքի առաջ կռվում էին հայ ժողովրդի համար ու արյուն թափում: Ձեր ձայնը տվեք մեր պատգամավորներին և պառլամենտում փոփոխություններ կլինեն, դուք էլ կունենաք արժանապատիվ կյանք»:

Տպել Տպել