ՀՅԴ եզրափակիչ հանրահավաքը Ազատության հրապարակում

Մարտի 30-ին Երևանի Ազատության հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հանրահավաք անցկացրեց` ամփոփելով նախընտրական քարզոզարշավը:

Հանրահավաքը վարում էր ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա շնորհակալություն հայտնեց հավաքվածներին, ովքեր եկել էին միասին նշելու Դաշնակցության հաղթական երթի սկիզբը: Գեղամ Մանուկյանը համառոտ անդրադարձ կատարեց Մայր հայրենիքում ՀՅԴ վերջին տասնամյակների գործունեությանը` ընդգծելով, որ այդ տարիներին Դաշնակցությունը միշտ եղել է նույնը, մյուսներից առանձնացել իր կառույցի ամրությամբ ու սկզբունքայնությամբ: Նրա խոսքը մի քանի անգամ ընդմիջվեց «Դաշնակցություն» վանկարկումով:

Հանրահավաքին ելույթ ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով նշեց, որ միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Նրա խոսքով` ներկաները հավաքվել են` պաշտպանելու յուրաքանչյուր հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրություն կատարելու իրավունքը, որի նկատմամբ բռնացողները, սակարկության առարկա դարձնողները հայի ինքնության հետ կապ չունեն:

«Մենք այստեղ ենք՝ իբրև հայ զինվորին, աշխատանքով բարիք ստեղծող հայ մարդուն, հայ մշակույթը մարմնավորող կուսակցություն: Իբրև Դաշնակցություն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի հատկանիշը կենսագրությունն է, ինքնուրույնությունը, հավատարմությունը նպատակներին ու սկզբունքներին: Եվ աշխատանքը. հետևողական՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ վստահ, լավատեսությամբ աշխատանքը»,- ասաց նա` հավելելով, որ չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում:

Աղվան Վարդանյանի վստահեցմամբ` միայն արդարությամբ խաղաղ, անվտանգ, զարգացող, ուժեղ, բարեկեցիկ, ազատ Հայաստան կունենանք, որը նրանք ստեղծելու են` հավատալով հայ մարդուն, հավատալով Հայաստանին, գործելով պատասխանատվությամբ:

«Ուրիշներն ասում են՝ գալու ենք փոփոխություն անենք, մենք արդեն անում ենք այդ փոփոխությունը: Կա դրված նպատակ, գծված են ուղղությունները, առաջին արդյունքները նկատելի են: Ով կհավատա, կմասնակցի, մի քար կդնի, նա կմոտեցնի իր, իր ընտանիքի, իր երկրի բարեկեցությունը, իրականություն կդարձնի համերաշխ հասարակություն ունենալու բոլորիս երազանքը: Ով կմասնակցի, նա մեր եղբայրն է, ազատ հայ մարդն է, ով իր տեղն ունի հարյուր հազարների այդ հպարտ շարքում»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ Դաշնակցության ցանկացած ընտրապայքար նախևառաջ հաշվետվություն է իրենց ընտրողների` համակիրների առաջ: Նրա խոսքով` իրենք հասել են ընտրապայքարի եզրագծին ոչ թե խոստումներ շռայլածի կարկամությամբ, այլ խոստումները կատարածի և սկսածը շարունակողի վճռականությամբ: «Մենք համոզված ենք, որ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկզիբն է ազդարարելու: Երկար տարիներ ի վեր Դաշնակցությունը, լինի իշխանության մեջ, թե ոչ, համառ ու անզիջում պայքար է մղել, որ պատմական այս շրջադարձը կատարելու հնարավորություն ընձեռնվի մեր ժողովրդին, վերացվեն մեր առաջընթացը խոչընդոտող արգելքները, և ստեղծվեն երկրի զարգացումը խթանող անհրաժեշտ պայմաններ»,- ասաց Ռուստամյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ Դաշնակցության մասնակցությամբ կատարված փոփոխությունների որակն ու ծավալը այնքան է, որ առանց չափազանցության, կարելի է դրանք անվանել պատմական ու հեղափոխական: Դրանք մեր երկրի թռիչքաձև զարգացման համար ստեղծել են հիմնական գլխավոր նախադրյալները: Արմեն Ռուստամյանի խոսքով` Դաշնակցության հռչակած նոր սկիզբը փոխելու է որոշումների կայացման անդրկուլիսյան ձևաչափերը, ապահովելու է երկրում միջազգային առաջադեմ փորձի վրա հիմնված արդար ղեկավարում:

«Հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, Հայաստանը լինելու է հզոր, արդար ու զարգացող, հայությունը լինելու է հայաստանակենտրոն ու համերաշխ: Ապրիլի 2-ին այս նույն անպարտելի ոգով ընտրենք չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանը: Կեցցե այն Հայաստանը, որ այս նոր սկզբունքով, նոր շնչով ու նոր երանգով է գալու»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Ազատության հրապարակում հավաքված ՀՅԴ բազմահազար համակիրները ջերմորեն ողջունեցին եզրափակիչ հանրահավաքին իրենց կատարումներով հանդես եկած արվեստի գործիչներին եւ նրանց կատարած ստեղծագործությունները: Հանրահավաքին հնչեցին ազգային ազատագրական պայքարի երգեր, այլ ստեղծագործություններ:

Հանարհավաքի մասնակիցներին իր անկեղծ ելույթով հիացմունքի պահեր պատճառեց «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Գոռ Սուջյանը, ով առաջին անգամ կատարեց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» երգը:

Տպել Տպել