ՀՅԴ տեղը ԱԺ ում՝ ըստ ստացած ձայների

2017 թվականի Խորհրդարանական ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չորրորդ արդյունքով դարձավ խորհրդարան անցած չորս կուսակցություններից մեկը: 6-րդ գումարման Ազգային Ժողովում Դաշնակցությունը կունենա 7 պատգամավորական տեղ:

Հաշվի առնելով նոր ընտրական օրենսգրքով նախատեսված կարգը՝ առաջին 4 մանդատները բաժին են հասնում ՀՅԴ-ի համապետական ցուցակի առաջին տեղերը զբաղեցնող թեկնածուներին, իսկ մյուս 3 մանդատը կստանան առավելագույն քվեներ հավաքած ընտրատարածքների թեկնածուները:

Դաշնակցությունն ամենաշատ քվեներ ստացել է Շիրակի մարզն ընդգրկող 11-րդ ընտրատարածքում՝ 11,945 ձայն, Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում՝ 11,110 ձայն, և Տավուշի մարզն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում՝ 9095 ձայն:

Այս ընտրատարածքներում ռեյտինգային կարգով Դաշնակցության թեկնածուներից ամենաշատ ձայներ են հավաքել Ռոմիկ Մանուկյանը (11-րդ ընտրատարածք, Շիրակի մարզ)՝ 3100 ձայն, Անդրանիկ Կարապետյանը (6-րդ ընտրատարածք, Արմավիրի մարզ)՝ 2972 ձայն, և Սուրեն Մանուկյանը (13-րդ ընտրատարածք), ով ստացել է 5274 ձայն՝ դառնալով Դաշնակցության ամենաշատ քվե ստացած վարկանիշային թեկնածուն բոլոր ընտրատարածքների հաշվարկով:

Այս ընտրություններում, Դաշնակցությունը կարողացել է մոտ 20 հազար քվեների աճ գրանցել նախորդի համեմատ: Եթե 2012թ-ին ՀՅԴ-ի օգտին քվեարկել էր 85,550 քաղաքացի կամ քվեարկողների 5, 67 տոկոսը, ապա այս ընտրություններին Դաշնակցությանը ձայն է տվել 103,173 քաղաքացի կամ քվեարկածների 6,58 տոկոսը:

Իսկ թե ովքեր մաս կկազմեն ԱԺ կուսակցական խմբակցությանը, վերջնական որոշումը կկայացնի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

Տպել Տպել