Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ. խորհրդի ժողովին

Մամլոյ հաղորդագրութիւն

2017 թուականի մարտի 23 – 26-ին Արգենտինայում (Ռոզարիօ) կայացաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International Union of Socialist Youth, IUSY) Համաշխարհային խորհրդի ժողովը։ Ժողովին ներկայ էին Ը․Ե․Մ․Մ․-ի անդամ կազմակերպութիւններ շուրջ 200 ներկայացուցիչներով։ Հ․Յ․Դ․ Երիտասարդականը ժողովին մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Ֆլորենսիա Զանիքեան (Հ․Յ․Դ․ Հարաւային Ամերիկայի երիտասարդական միութիւն) և Ը․Ե․Մ․Մ․-ի փոխնախագահ և Սևծովեան տարածաշրջանի համակարգող Կարօ Շատոյեան:

Ժողովի բացմանը ելոյթով հանդէս եկան Արգենտինայի ընկերվարական կուսակցութեան ատենապետ Անտոնիօ Պոնֆատին, ինչպէս նաև տեղացի այլ բարձրաստիճան պաշտօնեաներ և եւրոպական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։

Քննարկումների ժամանակ, Ը․Ե․Մ․Մ․-ի աւագ սերնդի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց գործունէութեան շրջանում կատարուած աշխատանքները, ինչպէս նաև նոր սերնդին փոխանցեցին իրենց փորձառութիւնը և գիտելիքները։

Ը․Ե․Մ․Մ․ Սևծովեան տարածաշրջանի փոխնախագահ Կարօ Շատոյեանը իր ելոյթում խօսեց Եւրոպայի և յատկապէս Սևծովեան տարածաշրջանում ընդհանուր տնտեսական խնդիրներին, հակամարտութիւններին, մարդու իրաւունքներին առնչուող և այլ հարցերի մասին, անդրադառնալով նաև Արևելեան երկրների և Ռուսաստանի միջև փոխյարաբերութիւնների սրմանը՝ կոչ անելով ներկաներին աւելի մեծ ուշադրութիւն դարձնել նշուած շրջանի խնդիրներին։

Եռօրեայ համագումարի ընթացքում Ը․Ե․Մ․Մ․-ի խորհրդի ժողովը քննարկումների արդիւնքում ընդունեց մի շարք բանաձևեր Բելառուսի և Կիպրոսի իրավիճակի և կանանց իրաւունքների մասին, ինչպէս նաև տեղի ունեցան տարածաշրջանային հանդիպումներ, որի արդիւնքում Հ․Յ․Դ․ Երիտասարդականը մասնակցեց եւրոպական կոմիտէին, որպէս Սևծովեան տարածաշրջանի անդամ։

Ժողովի եզրափակիչ օրը զուգորդուեց 41 տարի առաջ Արգենտինայում հաստատուած ամբողջատիրական կարգերի դէմ պայքարի ընթացքում զոհուածների յիշատակին նուիրուած ամենամեայ քայլարշաւի օրուայ հետ, որին ներկայ գտնուեցին նաև ժողովի մասնակիցները։

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային խորհուրդը Ը․Ե․Մ․Մ․-ի Համաշխարհային համագումարից յետոյ հիմնական որոշում կայացնող ժողովն է, որը գումարւում է երկու տարին մէկ անգամ։ Վերջին անգամ այն հիւրընկալուել էր Հայաստանում 2015 թուականին:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպութիւնն է, որին անդամակցում են աւելի քան 143 կազմակերպութիւններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ Հ․Յ․Դ․ Երիտասարդականը Ը․Ե․Մ․Մ․-ի լիիրաւ անդամ է։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
03 Ապրիլ, 2017 թ.

Տպել Տպել