Փարպիում ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, բնական է, առանց խախտումների չեն ընթացել: Հենց ապրիլի երկուսին ՀՅԴ կողմից ԿԸՀ էր ներկայացվել դիմում բողոք Արագածոտնի մարզի Փարպի համայնքում ընտրախախտումների վերաբերյալ:

ԿԸՀ-ից Yerkir.am-ին հայտնեցին, որ դիմումը վերահասցեագրման կարգով ներկայացվել է թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով, որը դիմումի քննությամբ կայարցել է որոշում անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն, իսկ վարույթով ձեռք բերված նյութերն ուղարկվել են դատախազություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր ճեպազրույցում անդրադառնալով Փարպիում ստեղծված իրավիճակին հայտարարել է, որ Փարպիում քաշքշոցներ, տեղամասերում խառնաշփոթ և ակնհայտ բաց քվեարկություն ու ուղղորդումներ են գրանցվել:

«Ի դեպ, ուղղորդումները ասես դարձել են շատ տեղամասերում հիմնական խախտման միտող ուղղությունը: Փարպիի համար մենք արդեն ահազանգել ենք` դիմել ենք ԿԸՀ նախագահին և գլխավոր դատախազին, որպեսզի փորձեն այնտեղ կարգուկանոն հաստատել: Բացի այդ` մեր տեղամասային հանձնաժողովին զգուշացվել է, որ խախտումների կրկնվելու դեպքում անպայման այդ տեղամասի վրա բողոք պետք է արձանագրվի»,- ասել էր նա եւ ընդգծել, որ շատ հաճախ տեղամասերից դուրս աշխատանքը, որ պետք է անի ոստիկանությունը, անում են լրագրողները, իսկ ներսում` շատ տեղերում, որտեղ պետք է հանձնաժողովների անդամները, վստահված անձինք իրենց գործառույթները կատարեն, այդ գործը դարձյալ մի մասով մնացել է լրագրողների վրա:

Ուշագրավ էր ոստիկանության արած պարզաբանումը Վարդանյանի նկատառումներին: «Համոզված, որ ՀՀ ԱԺ պատգամավորը և փորձառու քաղաքական գործիչը քաջատեղյակ է ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կցանկանայինք հավատալ, որ հանիրավի դժգոհությունը պայմանավորված է եղել այդ պահին կոնկրետ իրավիճակի մանրամասների չիմացությամբ»,- ասված էր ոստիկանության պարզաբանման մեջ:

ԿԸՀ կողմից Փարպի համայքնի ընտրությունների չեղյալ համարելը միայն մեկ բան է նշանակում, որ խախտումներ, որոնց մասին բարձրաձայնում էր Դաշակցությունը եղել են եւ ոստիկանությունն էլ այդուհանդերձ թերացել է իր աշխատանքների կատարման մեջ, իսկ Վարդանյանի հայտնած դժգոհությունն էլ խիստ տեղի էր: Հիշեցնենք, որ Փարպին նախկին ԲՀԿ-ական, բայց այս ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Բազմասեր Առաքելյանի հայրենի գյուղն է:

Տպել Տպել