Իրանում սպասվող նախագահական ընտրություններին հայ համայնքը դրական չեզոքության դիրքերից է հանդես գալիս: Tert.am-ի հետ զրույցում` խոսելով այն մասին, թե ինչ նախընտրություններ ունի իրանահայ համայնքը սպասվող նախագահական ընտրությունների հետ կապված, այս մասին ասաց Իրանի Մեջլիսի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
«Մենք այս ընթացքում փորձելու ենք կապ հաստատել բոլոր շանս ունեցող թեկնածուների հետ, որոնք այս ընտրություններում վեցն են: Փորձելու ենք իրենց հետ մեր ներհամայնքային դժվարությունները քննարկել: Նրանք էլ, իհարկե, սովորաբար նման դեպքերում նախընտրական խոստումներ են տալիս: Հիմա դեռ չենք սկսել այդ գործընթացը, բայց շուտով կսկսենք»,- ասաց նա:
Նշենք, որ Իրանի նախագահի ընտրություններին մասնակցող ֆավորիտ նախագահի թեկնածուները գործող նախագահ Հասան Ռուհանին, գործող փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրան քաղաքապետ Մահամադ Բաղեր Ղալիբաֆը, իմամ Ռեզայի դամբարանի պահապան Էբրահիմ Ռաիսին, մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Միրսալիմը, արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Տաբան են: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին:
Նախագահական ընտրությունները կայանալու են հունիսի 19-ին:
Առաջին երեքը, ըստ Կարեն Խանլարյանի, իրանահայ համայնքին ծանոթ են, համագործակցություն հայերի և նրանց միջև եղել է: «Մյուսների հետ էլ ծանոթ ենք, բայց ոչ այնպես, ինչպես այն երեքի հետ: Մանավանդ Իրանի փոխնախագահի և Թեհրանի քաղաքապետի հետ շատ սերտ կապեր ենք ունեցել, հիմա էլ կան»,- ասաց նա:
Իրանահայ համայնքն Իրանի նախագահի թեկնածուներին ուղղված մի քանի պահանջ ունի, որոնցից ամենակարևորը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: «Որոշ դրական, խոստումներ չէ, բայց զրույցներ լինում են»,- ասաց նա:
Ըստ իրանահայ պատգամավորի՝ թեկնածուների համար հայերի ձայները քանակական առումով կարևոր չեն, քանի որ այնքան էլ մեծ թիվ չի կազմում համայնքը: «Բայց քաղաքական տարբեր պատճառներով նրանք հայությանը, հայերին ցանկանում են ունենալ իրենց կողքին: Պատճառը պարզ է․ հայերը միշտ էլ եղել են լավ քաղաքացի, միշտ էլ եղել են հաշտ տարր այս երկրում և ունեն բարձր հեղինակություն: Բացի դրանից՝ իրանահայության կապերը Հայաստանի հետ քաղաքական և միջազգային առումով շատ կարևոր են Իրանի քաղաքական էլիտայի համար: Կարծում եմ, որ այդ շատ պարզ պատճառներից ելնելով՝ նրանք շահագրգռված են հայերի ձայնը ստանալու հարցում»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում, հայ համայնքը մինչև վերջ պահում է իր դրական չեզոքությունը:
Նրա խոսքով՝ իրենք պարզապես փորձում են օգտագործել առիթը և թեկնածուների մոտ հայկական խնդիրները ներկայացնել, մեր հարցերը լուծել. «Մինչև վերջ էլ, սովորաբար, որևէ թեկնածուի քվեարկելու կոչ հայ համայնքին ուղղված չի լինում: Այս անգամ էլ, կարծում եմ, այդպես կլինի: Համայնքի բոլոր անդամներն իրենց քաղաքական նախընտրություններն ունեն, իրանց քաղաքական ճաշակին համապատասխան են կողմնորոշվում: Մենք ազատ ենք թողնում մեր համայնքի անդամներին, որ կողմնորոշվեն, սակայն փորձում ենք թեկնածուներին և նրանց մոտեցումները և՛ համայնքին, և՛ երկրին վերաբերող թեմաների մասին ներկայացնել»:
Հռիփսիմե Հովհաննիսյան
tert.am
