Ուրուգվայի խորհրդարանի նախագահն Արցախում է, նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ:

Բագո Սահակյանը խորհրդարանական պատվիրակության ընկերակցությամբ Շուշիում դիմավորել Ուրուգվայի խորհրդարանի նախագի պատվիրակությանը։ Իսկ Ստեփանակերտում, օտարերկրացի բարձրաստիճան հյուրին դիմավորելու համար Վերածննդի հրապարակում հոծ բազմություն է հավաքվել:

Նախագահների հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե՛ իրենց պատմության, թե՛ պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման համար:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Երկուստեք նշվել է երկու երկրների միջև կապերի խորացման կարեւորությունը եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանել են Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Դեռ անցած տարի Որուգվայի խորհրդարանում տեղի ունեցավ գիտական սեմինար, որին մասնակցում էին քաղաքական դեմքեր, այդ թվում եւ պարոն Ուելմոն եւ արտաքին գործերի նախարարը: Նրանք ելույթով հանդես եկան, նշվելով, որ իրենք տեսնում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացքը կարող է բնականոն ճանապարհ ընկնել: Սա պրոցես է, որ քյալ առ քայլ պիտի ընթանա: Այս այցը եւ հանդիպումը առաջինն է, որը պիտի շարունակություն ունենա» – նշել է Վահան Հովհաննիսյանը:

«Արցախ այցելելը հատուկ համարձակություն չի ներկայացնում, սա ուղղակի մի քայլ է: Մենք բարեկամ ենք հայ ժողովրդի հետ: Մենք պետք է հատուկ շեշտենք այն նշանակությունը, որ ունի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամության գործու»,- ասել է Ռուբեն Մարտինես Ուելմոն:

Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Հնարավո՞ր է, որ Ուրուգվայը նաեւ առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» հարցին պարոն Ուելմոն պատասխանեց. – «Անկեղծորեն կարող եմ ասել, որ, որպես տեսական պատասխան` այո: Սակայն սա քաղաքական գործընթաց է, եւ պետք է քայլ առ քայլ ընթանա: Բոլոր քայլերը պետք է հավաքենք եւ ներկայացնենք փաստարկներ, ներկայացնենք քաղաքական ուժերին»:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Ուրուգվայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:

Վաղը նախատեսվում է Արցախ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ պատգամավորների հետ, որից հետո Ուրուգվայի խորհրդարանի նախագահը ելույթ կունենա ԼՂՀ ԱԺ-ում:

Տպել Տպել