- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նախընտրական կրքերի թէժացումը…

[1]Նախագահական ընտրութիւնների նախընտրական մրցապայքարը, երէկւանից սկսեալ թէժ կերպարանք է ընդունում…, ու բացառւած էլ չէ, որ քարոզարշաւի գալիք ու վերջին շաբաթը աւելիով թէժանայ:

Մրցակցութեան առանցքում եռեակ թեկնածուներն են՝ Ռոհանին, Ղալիբաֆն ու Ռէյիսին, որոնք հակառակ հեռուստաբանավէճերին, հրապարակային-ժողովրդական մրցասպարէզում վերապահ չեն փակագծերը բացելուց… չխորշելով նոյնիսկ վերագրում-ամբաստանութիւններից:

Սրանով, ինչ խօսք, թէ° հասարակական եռուզեռ է առաջանում (յատկապէս երիտասարդական խաւերում), եւ թէ° այսպէս ասած՝ լուռ զանգւածներին գայթակղում բուն ընտրութեանը մասնակցելուն:

[2]

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Ինչեւէ, երկու օր անց, 3-րդ եւ վերջին ուրբաթօրեայ հեռուստաբանավէճում, որն ի դէպ՝ տնտեսական զգայուն թեմաներն է շօշափելու, գործող նախագահի ընդդիմախօս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ողջ, այդ շարքում պոպուլիստական, զինանոցը, որն անշուշտ դիմագրաւելու հնարքներով փորձելու է յաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին:

Միւս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին յար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդիւնաւորւեց շատ փորձագէտների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:

Յուսանք, որ նախընտրական բազմապիսի (եւ անշուշտ՝ նորացւող) կրքերը, անկախ ընտրութիւնների արդիւնքից, չեն փոխադրւի յետընտրական փուլ ու ամէն ինչ իրենց բնականոն եւ առաւել եւս՝ խաղաղ գործընթացներով կը հունաւորւեն…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ