ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Կոնգրեսում արտաքին հատկացումների հարցերով զբաղվող օրենսդիրները շարունակեն օգնություն տրամադրել Արցախի Հանրապետությանը:
Ինչպես նշում է Asbarez-ը, ANCA-ի նպատակն է 2018 ֆինանսական տարվա օրինագծում ԱՄՆ կողմից տևական ժամանակ ֆինանսավորվող Արցախի տարածքների ականազերծման ծրագրի ներառումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ականազերծման ծրագիրն իրականացնում է «HALO Trust» ոչ պետական կազմակերպությունը, որը Կոնգրեսի աջակցությունը ստանալու դեպքում իր առաքելությունը կավարտի արդեն 2020թ.:
ANCA-ի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը նկատել է, որ տարածքների ականազերծման հարցում գործի մեծ մասն արդեն արված է, ինչը հնարավորություն է տվել բազմաթիվ կյանքեր փրկել:
«Այնուհանդերձ՝ անելիքները դեռ շատ են, այդ իսկ պատճառով մենք ակտիվ համագործակցում ենք Ներկայացուցիչների պալատի և Սենատի արտաքին հատկացումներով զբաղվող օրենսդիրների հետ, որպեսզի երաշխավորենք 2018 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության մասին օրինագծում Արցախի ականազերծման ծրագրին անհրաժեշտ օգնության տրամադրման ներառումը»,-նշել է նա:
Աղբյուրը նկատում է, որ 1997թ. սկսած ANCA-ն համագործակցում է և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ կոնգրեսականների հետ՝ տասնյակ միլիոնավոր դոլարի օգնություն ապահովելով Արցախի համար: Այս համագործակցության արդյունքում Արցախի տարածքի 88%-ն ականազերծվել է, հեռավոր բնակավայրերը խմելու մաքուր ջուր են ստացել:
tert.am
