Հեղինակները պետք է պատրաստ լինեն նախագծի ցանկի մեջ փոփոխություններ տեսնել

ԱԺ-ում քննարկվում է պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր հասարակության մեջ միշտ անվստահություն գոյություն ունի սեփականաշնորհման պրոցեսի նկատմամբ:

«Այս օրենքի նախագիծը, որ բերել է կառավարությունը, տարբերվում է նախորդ տրամաբանություններից` դրական առումով: Առաջին անգամ է, որ միայն չոր ցանկ չի բերվում: Այս անգամ որոշակի սկզբունքներ են փորձել դնել օրենքի նախագծի մեջ՝ կապված նրա հետ, թե ինչու է կատարվում այս սեփականաշնորհումը, ինչ նպատակ է հետապնդվում»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանի կարծիքով` մենք պետք է ունենանք այն ավանդույթը, որ կառավարությունը սովորի` եթե ինչ-որ ցանկ բերվում է, ապա այդ ցանկը ինչպես մտավ, այնպես էլ չպետք է դուրս գա ԱԺ-ից: Ըստ նրա՝ պետք է կառավարությունն իմանա, որ ԱԺ-ն դնելու է ֆիլտրեր, որ բերված ցանկերը դրանցով անցնեն:

Ռուստամյանի խոսքով` այդ ֆիլտրը պետք է աշխատի երկու սկզբունքով: Առաջին` պետք է հստակ նշել, թե ինչու է պետք կատարել մասնավորեցումը, ինչ անհրաժեշտություն կա սեփականաշնորհում իրականացնելու, և ինչի հիման վրա ենք գնում սեփականաշնորհման, ինչ ցուցանիշներ ենք ուզում բավարարել: Երկրորդ` սեփականաշնորհումից բխում է մի կարևոր գործընթաց` պետությունն ինչպիսի՞ պարտավորություններ է դնում նոր սեփականատիրոջ առաջ:

Պատգամավորը նշեց, որ եթե այդ չափանիշները չբավարարվեցին, ապա սեփականատերը պետք է իմանա, որ կարող է զրկվել ձեռք բերած սեփականությունից և տուգանքների, սանկցիաներ կկիրառվեն նրա նկատմամբ, որպեսզի այս ամենը դառնա շատ օբյեկտիվ գործընթաց: Նա ընդգծեց, որ այս շղթան է, որ սեփականաշնորհման պրոցեսների հետ կապված պետք է ունենանք:

«Եթե ԱԺ-ն կարողանա հասնել նրան, որ փոխվի այդ բերված ցանկը, կստացվի, որ մենք տեղում ենք, և ԱԺ-կառավարություն հարաբերությունները շատ տրամաբանական ընթացքի մեջ կդրվեն: Ուստի այս մասնավորեցման առաջին քայլը, որ կատարում է խորհրդարանը, առիթ կտա, որպեսզի հասկանանք, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը նույն նպատակին են ծառայում: Անվստահության մթնոլորտը, որը գոյություն ունի և խափանում է շատ դրական նախաձեռնություններ, այդ մթնոլորտից ձերբազատվել է պետք, սա է հիմնական հարցը: Մեր մոտեցումը սա է լինելու՝ պետք է հեղինակները պատրաստ լինեն այս նախագծի ցանկի մեջ տեսնել հնարավոր փոփոխություններ»,- ընդգծեց Ռուստամյանը:

Տպել Տպել