Մինչև 2025-ը ձեռնարկությունների մոտ 10 տոկոս ավելացում կունենանք

Մինչև 2025 թվականը երկրում գործող ձեռնարկությունների մոտ 10 տոկոս ավելացում և Երևանից դուրս 60 000 աշխատատերերի ստեղծում կապահովենք:

ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նա նշեց նաև, որ նախատեսում են մինչև 2025 թվականը չունենալ տարածք, որի ՀՆԱ-ն պակաս կլինի միջին հանրապետականից: Լոքյանն ասաց նաև, որ կառավարությունն ընդունել է տարածքային կառավարման զարգացման ռազմավարություն, որտեղ հստակ չափորոշիչներով նշված է` ինչ անելիքներ ունեն` մարզերի համաչափ զարգացումն ապահովելու համար:

«Իսկ թե ինչ է արվել այս գործողություններն ընթացքի մեջ դրվելու համար` կարող եմ ասել, որ արդեն սկսված է պետբյուջեի, միջազգային կազմակերպությունների նմանանապիտ ծրագրերի իրականացումը: ԵՄ-ի աջակցությամբ 10 ծրագիր ենք սկսել` Սյունիք, Արարատ, Վայք, Նոյեմբերյան մարզերում, որտեղ կստեղծվեն ձեռնարկություններ, որոնք շուրջ 2000 աշխատատեղ կապահովեն: Խոշորածավալ ծրագիր է ստեղծվել Տավուշի մարզում, որի արդյունքում 2017-ին 40 ծրագիր կիրականացնենք` սառնարաններ, փոքր ջերմոցներ ուղղակիորեն կհանձնվեն շահառուներին»,-ասաց Լոքյանը:

Նա նշեց նաև, որ ԱՄՆ-ի Միջազգահին զարգացման կազմակերպության ճժանդակությամբ էլ լուրջ տեխնիկա են փոխանցում խոշորացվող համայնքներին: Լոքյանը տեղեկացրեց նաև, որ հաջորդ տարի պետբյուջեից կամ պահուստային ֆոնդից շուրջ 5 մլրդ դրամի ուղղակի մրցակցային դրամաշնորհներ կտարմադրվի այն համայնքներին, որոնք լավագույն ծրագրերը կառաջարկեն: «Առաջիկայում ստեղծվում է համայնքների համաչափ զարգացման ազգային ռազմավարության իրականացման ազգային խորհուրդ` վարչապետի գլխավորությամբ:

Ըստ այդմ` բոլոր նախարարություններն այն կամ այն տարածքում իրենց իրականացվելիք ծրագրերը պետք է համաձայնեցնեն այդ խորհրդի հետ, որպեսզի այն ապահովի զարգացում, տարածքը դարձնի գրավիչ և տարածքում կարողանա բիզնեսը զարգանալ»,-ասաց Լոքյանը:

Ըստ նրա` յուրաքանչյուր տարվա վերջում իրենք պետք է ԱԺ-ում, կառավարությունում և ժողովրդի առջև հաշվետու լինել: Լոքյանը ևս մեկ խնդրի անդրադարձավ` ՀՀ-ում գործող դեպրեսիոն տարածքներին, որոնք եկել են Սովետական միությունից և չունեն հողային տարածքները, կորցրել են արտադրական կարողությունները.«Նման տարածքների թիվը բավականին մեծ է` 50-ի է հասնում և այս համայնքների համար մենք առանձնահատուկ ծրագիր ենք ստեղծում: Դա, օրինակ, Պեմզաշեն համայնքն է կամ Վահագնաձոր կայարանը, որոնք կորցրել են իրենց նախկին ֆունկցիոնալ նշանակությունը»:

Լոքյանը նշեց նաև, որ իրենց ռազմավարության կարևորագույն ծրագրերից մեկը բազմաբևեռ երկիր ունենալու խնդիրն է: Ըստ նրա` ամեն ինչ կենտրոնացրել ենք Երևանում, և երկրում հարկվող ամբողջ եկամտահարկի 280 մլրդից 240-ը գանձվում է Երևանում.«Սա խոսում է այն մասին, որ մենք լուրջ անհավասարաչափություն ունենք: Սա մեղմացնելու համար էլ մենք ունենք բևեռային քաղաքների ծրագիր, որի մեկնարկը կտրվի հենց այս տարի` Վայքից, որին կհաջորդեն Գյումրին, Վանաձորը, Սևանը, Ստեփանավանը: Այս ծրագրի համար պետությունը նախատեսում է շուրջ 51 մլնի ներդրումներ, որը պետք է տվյալ տարածքի համար դառնա փոքր մեգապոլիս, որտեղ պետք է տարածքի բնակչությունը կարողանա իր խնդիրները լուծել և իր ապրանքը սպառել»:

Ըստ Լոքյանի` կարող է հարց առաջանալ, թե որտեղի՞ց են սկսելու մարզերի` անհամաչափ զարգացման դեմ պայքարը, և նա վստահեցրեց, որ ունեն հստակ չափորոշիչներ` տարածքի ՀՆԱ-ն, տնտեսական ակտիբությունը, ենթակառուցվածքների բնույթը, միգրացիան… Եվ հենց այս սխեմայով, նրա հավաստմամբ, ընտրելու են` Ամասիայում է լինելու առաջին ներդրումը, թե, ասենք, Սիսիանում:

Տպել Տպել