Վճռականության պահանջ

The question and answer session between the deputies and members of the Government took place at the RA NA

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը 2017թ. հունիսի 22-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

«Հարգելի խորհրդարան,

Հարգելի կառավարություն,

Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական: Մինչև այսօր արվածի հիմքով՝ վերահաստատում եմ այդ գնահատականը՝ արդեն իբրև այս վարչապետի ու այս կառավարության բնութագիր:

Գործնականությունը այս փուլում, թերևս, ամենապահանջված հատկանիշն է: Երբ կատարված է հանրային կյանքի բոլոր ոլորտների ախտաճանաչումը, երբ համատեղ ուժերով ձևակերպված են երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին դժվարագույն մարտահրավերները, երբ նախանշված է ուժեղ, մրցունակ, ազատ պետություն դառնալու նպատակը, ամենօրյա գործնական աշխատանքը այլընտրանք չունի:

Ներկայացվող ծրագիրը, անկախ տարբեր կարծիքներից, հարկ եղածից ավելի մանրակրկիտ է՝ ոլորտ առ ոլորտ հստակ, չափելի, կոնկրետ պատասխանատվություն ենթադրող ժամանակացույց-անելիքներով: Քաղաքացին, քաղաքական ուժերը, ցանկության դեպքում, կարող են հետևել ժամանակացույցին և արածի ու չարածի հաշվետվություն պահանջել:

Ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են, որոնք, մեր բառապաշարով, պետք է լինեն արմատական ու որակական:

Երկրի իրավիճակից մեկնելով՝ արմատական բարեփոխումները հանրության որոշ շերտերի համար կարող են նաև ցավոտ լինել: Այս առումով չափազանց կարևոր է, որ ծրագրի նշանային՝ «բարձրացնել և ամրապնդել արդարության ու վստահության մթնոլորտը մեր հասարակությունում» արտահայտությունը կյանքի կոչելու տեսանելի քայլեր կատարվեն:

Եթե կառավարությունը կարողացավ հանրության գոնե մի մասի մոտ կոնկրետ արդյունքերով լավատեսություն, վաղվա հանդեպ հավատ ներշնչել, հասարակության առողջ հատվածը կմասնակցի բարեփոխումներին: Առանց այդպիսի մասնակցության, առանց հետադարձ կապի ապահովման, ցանկացած, նույնիսկ լավագույն ծրագիր դատապարտված է:

Խոսքի և գործի հակասության ամենափոքր դրսևորումը, ինչը գրեթե միշտ բնորոշ է եղել մեր իրականությանը, քաղաքացին արձանագրում է ու պետության, իշխանության հանդեպ վերաբերմունք ճշտում: Բացասական վերաբերմունք՝ բոլոր հետևանքներով: Կառավարությունից պահանջում եմ հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին:

Ասում եք՝ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու եք, պետք է գործնական քայլերով ապացուցեք: Ասում եք՝ արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, ասում եք՝ հավասար մրցակցային պայմաններ եք ապահովելու, օրենքը տարածվելու է բոլորի վրա, հարկային-մաքսային մարմինները անկողմնակալ են լինելու, իրավապահները ծառայելու են ոչ թե իշխանությանը, այլ՝ քաղաքացուն, դարձյալ պետք է գործնականում ապացուցեք: Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու:

Կոնկրետ մարդը պետք է տեսնի իր հանդեպ պետական մարմինների, պաշտոնյաների վերաբերմունքի էական տարբերություն: Հանրային ծառայողի նոր վարքականոն է պետք պարտադրել, նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ: Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի:

Առարկայական, բովանդակային քննարկումից խուսափողներ միշտ են լինելու: Բայց և՛ նրանց, և՛ հանրության համար հարկ եմ համարում ծրագրից մեջբերել մի քանի բանալի արտահայտություններ. «հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարներ», «անվտանգ, արդար, ազատ, խելացի Հայաստան», «կիրթ, մոտիվացված, շարժունակ աշխատուժ», «ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործում», «Հայաստանի թվային օրակարգ», «Սփյուռքահայության և Հայրենիքի ամուր կապի ստեղծման բանաձև», «ազգ-բանակ», «արտահանումը՝ 40-45 տոկոս», «կապիտալ ծախսերի աստիճանական ավելացում», «արտաքին պարտքի կայունություն», «հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 2,5 տոկոս աճ», «տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ», «պարենի ինքնաբավությունը՝ մինչև 75 տոկոս», «ուսուցիչների վարձատրության, խրախուսման նոր մեխանիզմներ», «բազմազավակ ընտանիքների աջակցության նոր օրենք»:

Այս ամենի հիմքում, տեղյակ ենք, նախապատրաստված ծրագրեր կան: Բայց դրանք կյանքի կոչելու համար այս կառավարությանը, այս վարչապետին ամենից ավելի վճռականություն է անհրաժեշտ: Սկսածը մինչև վերջ տանելու, ոչնչի առջև կանգ չառնելու վճռականություն:

Նախկինում մենք կառավարության ավելի հավակնոտ ծրագիր էլ ենք ունեցել: Բայց այն, կարծում եմ, ձախողվել է ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլև անվճռականության ու հարմարվողականության պատճառով:

Գործով, առանց աջուձախ նայելու առաջ գնալը, համոզված եմ, այլընտրանք չունի: Այդ դեպքում ա՛յս կառավարությունը կշարունակի վայելել Դաշնակցության ամբողջական աջակցությունը:

Հիմա էլ խանգարողներ լինելու են, անցյալի անցքերից մտնել փորձողներ լինելու են, քաղաքական կյանքի սև խոռոչը ինքնաբավարարմամբ հինգ տարում էլ նոր բան չի ծնելու: 2018-ի քաղաքական կեղծ օրակարգը թեժացնողներ լինելու են:

Ներեցեք, որ հարցնում եմ, բայց ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ: Ձեր մոտեցումները դրանից փոխվելո՞ւ են: Արտակ Զեյնալյանը սոցիալիստ-պահպանողակա՞ն է դառնալու: Ինն ամիս համբերեք, հարցեր չեն մնա:

Հարգելի գործընկերներ,

Սա մեր կառավարությունն է, մեր ծրագիրն է, և մենք հետևողականորեն գնալու ենք երկիրը արմատական, որակական փոփոխությունների տանող ճանապարհով:

Իմ համոզմամբ, նոր սկիզբը դրված է: Մնում է աշխատանքով քայլ առ քայլ Հայաստանը դարձնել արդար, անվտանգ, զարգացող պետություն:

Զուտ հայկական պետություն»:

Տպել Տպել