[1]ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշեց, որ համակարգը բավականին լուրջ գործ ունի անելու` աստիճանաբար պետք է անցնեն ծրագրային ֆինանսավորման: Նախարարի խոսքով` այդ պատճառով է, որ հաշվետվությունն ըստ ոլորտների է և ներկայացվում են ծրագրերը:
«Փորձեցինք ընդհանուր կրթական համակարգը բերել մեկ ամբողջական ձևաչափի: Ունենք արդեն ամփոփիչ արդյունքներ, բայց պետք է աշխատանքները շարունակվեն 2017-2018 թվականների ընթացքում»,- ասաց նախարարը:
Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթության ուղղության չափորոշիչները մտահոգիչ են: «Մենք ունենք 66 համալսարաններում մոտ 87 հազար ուսանող, աշխարհում նման ցուցանիշ դժվար գտնենք, սա շատ մտահոգիչ է: Համալասարաններ կան 100-400 ուսանողներով, կրթության որակը այստեղ տուժում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ այստեղ որակը բարձրացնելու համար պետք է գնանք լիցենզավորման խստացման:
Նախարարը նշեց, որ անցած տարվա ավարտած ուսանողների մոտ 70 տոկոսը հումանիտարական բակալավրի ավարտածներն են: Նախարարը նշեց, որ սա շատ մտահոգիչ է: Եթե այսպես շարունակվի, ըստ նախարարի, ՀՀ-ն կդադարի դառնալ գիտական տարածք, և կդառնա սպասարկող տարածք: «Սա վտանգ է, և պետք է այս խնդիրը լուծել: Ինչի համար, օրինակ, մեր դոնոր ընկերությունների ջանքերն են նաև ներդրվում՝ ստեղծել բարձրագույն որակի փոքր հետազոտական և գիտության ուղղված ուսումնական համակարգ»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե ՀՀ-ում բոլորը բարձրագույն կրթություն են ստանում: «Մեզ մոտ 51 տոկոսն է բարձրագույն կրթություն ստանում, իսկ Եվրոպայում միջինը 67 տոկոսը»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նախարարին ասաց, որ դպրոցներում ճիշտ դասագրքեր ունենալու խնդիր կա: Նա հետաքրքրվեց ԿԳ նախարարից, թե ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընտրվեն դասագիրք գրողները, որպեսզի դրանք արդյունավետ և որակյալ լինեն:
Նախարարը պատասխանեց, որ դասագրքերի որակի բարելավման համար նախատեսում են հայկական բուհերում ունենալ ծրագիր, որը կպատրաստի դասագիրք գրողներ: «Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համալսարանում դնենք մաստեր-ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք: Երկրորդ՝ եվրոպական դասագրքերն ադապտացնենք և փորձենք ներմուծել այստեղ»,- ասաց նա:
Մկրտչյանն ընդգծեց, որ «Արարատյան բակալավրիատի» ծրագրով նման գրքեր կան, բայց դրանք տեղայնացնելու խնդիր կա, ինչպես նաև անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան դասավանդել դրանցով:
ՀՀ ԱԺ գիտութան, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը չհամաձայնեց այս մտքի հետ՝ պնդելով, որ ավելի նախընտրելի է սովետական դասագրքերն ուսումնասիրել, իսկ նախարարն էլ հակադարձեց. «Այդ գրքերը Ռուսաստանում էլ են կորել: Դրանք 30 տարի առաջվա գրքեր են, պետք է տեղայնացնել»:
Կարեն Ավագյանը նաև առաջարկեց բյուջեից միջոցներ տրամադրել և պայքարել մասնավոր ՍՊԸ-ների կողմից բացվող բուհերի դեմ, որպեսզի վերջերս արձանագրված դեպքը՝ Հայաստանում բժշկական կրթություն ստացած և երկրում աշխատող ատամնաբույժների դեմ Իսրայելի բողոքը, չկրկնվի:
Լևոն Մկրտչյանը համաձայնեց, որ անհրաժեշտ է խիստ վերաբերվել նման ՍՊԸ-ներին տրվող լիցենզիաներին՝ ընդգծելով, որ այդ կապակցությամբ ներկայումս քրեական գործեր կան, ու դրանց հիման վրա քայլեր կձեռնարկվեն: