Արցախի և Ուրուգվայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովում


Նոյեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ արցախցի խորհրդարանականների հանդիպումը ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։

Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ կառավարության անդամներ, գերագույն դատարանի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, պետական և հանրային կառավարման այլ կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ։

Բացելով հանդիպումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երկրիիշխանությունների և, մասնավորապես, ԼՂՀ Ազգային ժողովի անունից ջերմորեն ողջունեց պարոն Խորխե Օռիկոյին և նրա գործընկերներին՝ պատգամավորներ Ռուբեն Մարտինես Ուելմոյին, Դանիել Ռադիոյին, Ռիկարդո Պլանշոնին, Ռիչարդ Սանդերսին և նրանց ուղեկցող անձանց։

Հիշեցման կարգով հայտնելով, որ Խորխե Օռիկոն ներկայացնում է Լատինական Ամերիկայում գտնվող մի հեռավոր երկիր ու ժողովրդի, որը շուրջ մեկդարյա բարեկամական սերտ կապեր և առնչություններ ունի հայ ժողովրդի հետ, ԱԺ նախագահն ասաց. «Խորը երախտագիտության զգացումով միայն պետք է նշել, որ Ուրուգվայն աշխարհի առաջին երկրներից էր, որը, առաջնորդվելով զուտ մարդասիրական սկզբունքներով, առանձնահատուկ հոգածությամբ ապաստան տվեց անցյալ դարասկզբին՝ 1915 թվականին, Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճիրաններից մազապուրծ մեր հազարավոր հայրենակիցներին, նրանց հնարավորություն տալով իր հյուրընկալ հողում նոր կյանք կերտելու, ապահով ու արժանավայել ապրելու համար»։ Հուրախություն մեզ, նշեց նա, այսօր Ուրուգվայի հոծ հայկական համայնքը երկրի սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման ու պետականության ամրապնդման բավական գործուն դերակատարներից մեկն է, ինչի մասին տարբեր ժամանակներում բազմիցս գոհունակությամբ նշել են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ղեկավարները, հասարակական ու քաղաքական գործիչները։

Խորհրդարանի նախագահն այդ համատեքստում շեշտեց նաև, որ Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որը 1965 թվականին պետականորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այսպիսով՝ փաստորեն սկիզբ դնելով 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված և իրագործված այդ մեծագույն ոճրագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին։

Միևնույն ժամանակ, նշեց նա, Ուրուգվայի Հանրապետությունն աշխարհի առաջին երկրներից մեկն էր, որ 1992 թվականի մայիսի 27-ին ճանաչեց և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետ, ասել է թե՝ հայ ժողովրդի մայիսյան հոբելյանների շքահանդեսում այս տարի նշվեց ևս մեկ ուշագրավ ու կարևոր հոբելյան՝ Ուրուգվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։

Եվ վերջապես, ընդգծեց ԱԺ նախագահը, Ուրուգվայն աշխարհի այն երկրներից մեկն է, որ ըմբռնումով և համակրանքով է ընկալել արցախահայության ազգային ազատագրության ձգտումները, իր կյանքն ինքուրույն տնօրինելու կամքը, այդ ուղղությամբ գործադրած հսկայական ու անձնուրաց ջանքերը և դրանց արդյունքում՝ անկախ պետականության կառուցման ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները: Աշոտ Ղուլյանի բնորոշմամբ՝ այդ ջերմ և բարեկամական վերաբերմունքի վկայությունն է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության այցն Արցախ և այդ հանդիպումը:

Հանդիպմանը պատասխան ելույթով հանդես եկավ նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը, նշելով, որ անձամբ իր և իր գործընկերների համար շատ հաճելի է գտնվել Լեռնային Ղարաբաղում ու նրա խորհրդարանում և որ թե իրենց այցը և թե այդ ջերմ ընդունելությունը պարտավորեցնող են։ Պարոն Խորխո Օռիկոն հանգամանալի ներկայացրեց իր երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, բնակչության թվական ու ազգային կազմը։ Ի մասնավորի անդրադառնալով երկրի հայկական համայնքին, նա հայտնեց, որ հայերն սկսել են Ուրուգվայ գաղթել անցյալ դարի սկզբներին՝ 1915 թվականից ի վեր, Հայոց ցեղասպանության արդյունքում։ Նրա հաղորդմամբ՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունն աշխարհի այն տասնմեկ երկրներից մեկն էր, որը 1920թ.կողմ է քվեարկել Հայաստանի ընդունմանն Ազգերի լիգա։ Սա մի փաստ է, ասաց նա, որը, որպես հայերի նկատմամբ վերաբերմունք, եկել է մեր նախնիներից ու որպես պատգամ փոխանցվել մեզ։

«Եվ այն հանգամանքը, որ 1965թ. Ուրուգվայն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իրականում մեր նախնյաց պատգամն էր, որ կյանքի կոչեցին հաջորդ սերունդները։ Եվ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, մենք հավաքվում ենք ժողովրդավարության պալատում՝ խորհրդարանում ու հիշատակում Հայոց ցեղասպանությունը։ Դա կատարում ենք ի նշան նահատակների հիշատակի նկատմամբ մեր հարգանքի»,-ասաց Խորխե Օռիկոն։ Շարունակելով միտքը, նա ավելացրեց. «Մեր խորհրդարանականների, այդ թվում՝ այստեղ ներկա գտնվող պարոն Ուելմոի, վերջերս ցուցաբերած նախաձեռնությամբ Ուրուգվայում բացվում է Հայոց ցեղասպանության հուշաթանգարան։

«Մենք մշտապես նվիրված ու կողմնակից ենք ազատությանը,- նշեց Ներկայացուցիչների պալատի նախագահը։- Մենք քաջ գիտակցում ենք թե ինչ իրավիճակ է տիրում այստեղ, ուր գտնվում ենք այսօր։ Մեր արտաքին գործերի նախարարն այդ առումով արդեն կարծիք է հայտնել։ Մեր հանրապետությունն առայժմ պաշտոնական դիրքորոշում չունի այս կապակցությամբ։ Բայց մեզ մոտ ոչ ոք չի հակադրվում այն իրողությանը, որ այսօր տիրում է այստեղ։ Մենք կողմնակից ենք հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և պատրաստակամ ենք համագործակցել այն բոլոր հարցերում, որոնք միտված են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»։

Խոսքի ավարտին վերստին շնորհակալություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում գտնվելու համար՝ այն համարելով մեծ պատիվ ու հարգանք ու նշելով, որ ժամանել են զուտ խաղաղության առաքելությամբ, ուրուգվայցի բարձրաստիճան խորհրդարանականն ընդգծեց. «Եթե մեր կարիքն ունենաք, ապա մենք պատրաստ ենք աջակից լինել ձեզ»։

Աժ նիստերի դահլիճում արցախցի և ուրուգվայցի խորհրդարանականների հանդիպումն ավարտվեց Աշոտ Ղուլյանի եզրափակիչ խոսքով։ Ես գտնում եմ, ասաց ԱԺ նախագահը, որ այսօր շատ հիշարժան օր է Արցախի Ազգային ժողովի տարեգրության մեջ և կարծում եմ, որ մենք ներկա ենք մի նոր գործընթացի սկիզբն ազդարարող միջոցառման, որն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Այնուհետև, խոսքի ավարտին, նա շնորհակալական խոսք ուղղեց այն անձանց, ովքեր աջակցել են ուրուգվայցի խորհրդարանականների Արցախ կատարած այցին, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանին, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին, Ուրուգվայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ Դիանա Իթութմազյանին, Արփի Հոչաչանյանին, ուրուգվայցի հայ գործարար Արմեն Զեյթունյանին։

ԼՂՀ Ազգային ժողովում կայացած հանդիպումից հետո Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոց՝ մասնակցելով «Նուռ» ծրագրի ներկայացմանը, իսկ օրվա երկրորդ կեսին ճանաչողական շրջագայության մեկնեց դեպի Գանձասարի վանք։ Նույն օրվա երեկոյան նախատեսված է պատվիրակության հանդիպումը ԼՂՀ փախստականների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2012-11-14 – Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը Շուշիում և Գանձասարում

2012-11-14 – Ուրուգվայի խորհրդարանի նախագահն ելույթ է ունեցել Արցախի խորհրդարանում

2012-11-13 – Ռուբեն Մարտինես Ուելմոնի և Վահան Հովհաննիսյանի ճեպազրույցը

2012-11-13 – Արցախի նախագահն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ

2012-11-13 – Արցախ է ժամանել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

Տպել Տպել