Թբիլիսիում կայացավ Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների հինգերորդ ֆորումը

2017 թ. հուլիսի 14-15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդական ինստիտուտի (NIMD) հրավերով կայացավ Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների հինգերորդ ֆորումը։ Ֆորումին ՀՅ Դաշնակցության երիտասարդականը մասնակցեց երեք ներկայացուցչով` Գևորգ Ղուկասյան, Անուշ Հովհաննիսյան և Արշակ Մեսրոպյան:

Ժողովի բացմանը ողջյունի խոսքով հանդես եկավ Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչ Լեվան Տուսկիրիձեն։ Բացմանը ներկա էին նաև Վրաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դոուման, Հոլանդիայի պաշտպանության նախկին նախարար էյվեն վան Միդելկոպը։ Վերջինս կարևորեց նմանատիպ հանդիպումների դերը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում, նշելով, որ արդեն 5 տարի է ինչ ներկա է գտնվում այս ֆորումին, նկատել է հարաբերական աճ երիտասարդների շրջանում թե՛ գիտելիքների և թե՛ հանդուրժողականության տեսանկյունից։

Ժողովի բուն ընթացքը մեկնարկեց աշխատախմբերի առանձնացմամբ, որոնք քննարկեցին ժողովրդավարական արժեքների հաստատման և ընդլայնման, ապատեղեկատվության և կեծ լուրերի դեմ պայքարի մասին հարցեր։ Մասնակից երկրների պատվիրակությունները հանդես եկան վերը նշված թեմաների մասին զեկույցներով և ներկայացրին առկա իրավիճակն իրենց երկրներում։

Իր ելույթում ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակության անդամ Գևորգ Ղուկասյանը խոսեց ժողորդավարական արժեքների կարևորության մասին Հայաստանում և ընդհանրապես՝ մասնավորապես առանձնացնելով ժողովրդավարական մեխանիզմների կենսագործման համար անհրաժեշտ նախապայմանների արձանագրումը, ժողովրդավարության և պետությունների ու հասարակությունների զարգացման փոխհարաբերությունների միջև ուղղակի կապը և հակամարտությունների պարագայում ժողովրդավարական կարգերի կայացման ռիսկայնությունը։

Աշխատանքային խմբերի շրջանակներում ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչ Անուշ Հովհաննիսյանն իր ելույթում կարևորեց կեղծ լրատվության դեմ պայքարը՝ ժողովրդավարական զարգացումներ գրանցելու ճանապարհին։ Նա անդրադարձել է նաև արդի աշխարհաքաղաքական գործընթացներում ապատեղեկատվության դերին ու նշանակությանը, դրա դեմ պայքարի եվրոպական մեթոդաբանությանը։

Ֆորումի երկրորդ օրը ներկաները ծանոթացան եվրոպայում քաղաքական գաղափարախոսություններին, կուսակցությունների գաղափարախոսական փոխակերպումներին և աիդիականացումներին վերաբերվող հարցերին, ինչպես նաև կուսակցությունների ներքին և արտաքին գործունեության ընթացքում թվային գործիքների կիրառման կարևորություններին։

Մասնակիցները կարևորեցին նման ֆորումների կազմակերպումը և շարունակական ընթացքը տարածաշրջանի երիտասարդ քաղաքական գործիչների շրջանում՝ շետը դնելով փորձի փոխանակման դերի բարձրացման և նոր գիտելիքների ստացման վրա։

ՀՅԴ երիտասարդականը կարևորում է միջազգային, և հատկապես, տարածաշրջանային ծրագրերը, որոնք միտված են տարբեր ձևաչափերում համագործակցության եզրերի ստեղծմանն ու ընդլայնմանը։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

Տպել Տպել