- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կառավարությանը 7-կետանոց պահանջների ցանկ կներկայացնի

[1] [2] ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը պատրաստվում նոյեմբերի 17–ին՝ ուսանողության տոնին ընդառաջ, նոյեմբերի 15-ին, երթի դուրս գալ և ներկայացնել կառավարությանը մի քանի պահանջներ։

Այս մասին, այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ կայացած ասուլիսին հայտարարեցին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը և կենտրոնական վարչության անդամ Մհեր Ղազարյանը: Երթի միջոցով իրենք բարձրացնելու են ուսանողության ձայնը և փորձելու են ուսանողության բազմաթիվ խնդիրներից մի քանիսի լուծումները պահանջել:

Երթը կսկսվի է առավոտյան ժամը 12:30-ին ԵՊՃՀ-ի դիմացից և կավարտվի կառավարության շենքի մոտ: Կառավարության համար մենք պատրաստել ենք նամակ, որը պարունակում է յոթ կետ,-ասաց Գերասիմ Վարդանյանը՝ մատնանշելով դրանցից մի քանիսը։

Մենք պահանջելու ենք կառավարությունից ուսանողների համար մետրոյից օգտվելու զեղչային համակարգ սահմանել, ԲՈՒՀ-երի գործառույթների մեջ ներառել ճաշարաններ, որոնք կշահագործվեն շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից, ձևավորել ուսանողական նվազագույն զամբյուղ, ԲՈՒՀ-երում ստեղծել հավասար քաղաքական պայմաններ: Եթե կառավությունը չի իրականացնում իր վրա դրված գործառույթները, եւ իր ղեկավարած երկրում ուսանողության առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացած, որոնց համար ոչ մի հետևողականություն չի ցուցաբերվում, թող հրաժարական տա:

Մհեր Ղազարյանն էլ նշեց, որ երթը գլխավորապես բխում է ուսանողության շահերից, և միայն նշված յոթ կետերը չեն ուսանողների խնդիրները, դրանք բազմաթիվ են: Պետպատվեր հասկացությունը իրենից ենթադրում է պետության հովանավորություն, բայց այսօր յուրաքանչյուր կուրսից մոտ քսան անվճար ուսանող ավարտում է ԲՈՒՀ-ը, որոնցից քչերն են աշխատանք ունենում,-ասաց նա:

Տեսանյութ(հատվածներ) ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության նոյեմբերի 15-ի կազմակերպած երթից.