Մեր պատասխանատվության չափը

«Ապառաժ»-ը շարունակում է ներկայացնել այսօր ընթացող ԱՀ ԱԺ հատուկ նիստի մանրամասները, որի ընթացքում խորհրդարանն անցումային փուլի համար ընտրելու է Արցախի նախագահի:

Ներկայացնում ենք ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի ելույթը.

«Հարգելի գործընկերներ,

Հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ Որևէ մեկի ելույթը այս բարձր ամբիոնից չպետք է լինի ինքնանպատակ: Յուրաքանչյուրս գիտակցում է իր խոսքի արժեքը և կարևորությունը: Արդեն իսկ «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցչի կողմից արվեցին այն շեշտադրումներն ու հիմնավորումները, թե ինչու է ՀՅԴ Արցախի կառույցը սատարում պարոն Բակո Սահակյանին: «Ավանդույթ»է դարձել այս կամ այն ընտրության նախօրյակին Դաշնակցությանը թիրախավորելը և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում: Սա սիրում են հատկապես որոշ քաղաքական և լրատվական շրջանակներ: Ամեն ինչ պարզ է մեզ համար՝ ինչու՞ և ինչ նպատակներով: Հասարակության համար երբեմն պարզ չի լինում թե ինչու Դաշնակցությունը այս կամ այն որոշումը ընդունեց, ո՞րն է այն բարձրագույն շահը և նպատակը, հանուն որի ՀՅԴ-ն գնաց այդ քայլին: Դաշնակցության համար միշտ էլ առաջնորդող է եղել ազգային ու պետական շահերի գերակայությունը, ժողովրդի արժանապատիվ ապագան ու ժողովրդավարական արժեքները, արդարության միտված քայլերն ու կառավարման համակարգում պետական մտածելակերպի գերակայությունը, քաղաքական հանդուրժողականությունն ու համախոհության մթնոլորտի ձևավորումը, ազգային միասնականությունը: Այս մտայնությունն էր ՀՅԴ-ի մոտ 2007-ին ու 2012-ին: Անցած տասը տարիների համատեղ աշխատանքը այլ թելադրանք ու պարտադրանք չի ստեղծել: Սատարելով Բակո Սահակյանին, Դաշնակցությունը 2007-ից համագործակցություն նոր սկիզբ դրեց, հանուն հայ ժողովրդի բովանդակ շահերի, համագործակցություն միտված հայության ապագային ու նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, համագործակցություն, հանուն ներքին միասնության, ի շարս այլոց, որոնց համար թուլացած Արցախը կառավարելիության համար նպատակ է: Մենք համահայկական կառույց ենք, մեր պատասխանատվության չափը չի սահմանափակվում այս դահլիճով ու սոսկ մեկ որոշումով: Մեր յուրաքանչյուր քայլ միտված է հայ ժողովրդի ապագայի կերտմանը, զարգացող ու հզորացող՝ հայոց պետականությանը, նրա սահմանների ամրապնդմանն ու անվտանգության բաղադրիչների ուժեղացմանը: Մեր քաղաքական որոշումների հիմքում կարգախոսային մտայնությունը չի իշխում: Մեր բոլոր քայլերի հիմքում կա մի պարզ ձևակերպում՝ «Արցախն ու Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են»: Այդ դաշինքը խախտելու որևէ նախադրյալ մենք չենք տեսնում: Շնորհակալություն»:

aparaj.am

Տպել Տպել