- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եթե Հայաստանի և Իրանի հարաբերություններում փոփոխություններ լինեն, ապա դա չի լինի իրանական կողմից

[1]Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ շատերն էին նկատել, որ չնայած Օբամայի վարչակազմը փորձեց իր հարաբերությունները մեղմացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Միջուկային զենքի շուրջ համաձայնության գալ, ԱՄՆ-ը այնուամենայնիվ իր ձեռքից բաց չի թողնի ճնշումների խաղաքարտը:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սակայն վերջին շրջանում ԱՄՆ-Իրան հարաբերություններում եղած լարվածությունը քաղաքական քաշքշուք է, որը երկար տևել չի կարող և ուր որ է իր սահմանները կգտնի:

«Իրան-ԱՄՆ հարաբերությունները շատ ավելի խորն են։ Միացյալ Նահանգների վերաբերմունքն Իրանի նկատմամբ շատ խորը և հակասական մեծ ազդցություններ են թողել Իրանի ժողովրդի վրա, և նույն այդ բնույթը շարունակվում է հիմա»,- ասաց նա՝ նշելով, որ ըստ այդմ՝ իրանցիներն այդ իմացականությամբ են առաջ շարժվում:

Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանն աշխարհին ցույց է տվել, որ ինքը բարյացակամ է, որ չի ցանկանում զանգվածային ոչնչացման զենքեր ստեղծել և գնացել է բանակցությունների աշխարհի հետ:

«Նախագահ Թրամփի պաշտոնավարության ժամանակ նկատվում է, որ տարբեր էժան միջոցներով աշխատում են շրջանցել ձեռքբերված համաձայնությունները: Իմ գնահատականով՝ Իրանը խոհեմ և շատ ծանրակշիռ շարունակում է իր վարած քաղաքականությունը և նախապատրաստվում է և պատրաստ է հակադրվելու ցանկացած այնպիսի վերաբերմունքներին, որ Միացյալ Նահանգները կցուցաբերի համաձայնագիրը շրջանցելու կամ սխալ վերծանելու, վերլուծելու և չարաշահելու ուղղությամբ»,- ասաց նա։

Ժորժիկ Աբրահամյանն ավելացրեց, որ դժվար է կանխատեսել, թե ուր կհասնեն այդ հակասությունները, քանի որ դրանք մեծ շրջանակ կարող են կազմել՝ ընդգրկելով տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների։

Իրանահայ պատգամավորը սակայն նկատեց, որ այս հակասությունների ֆոնին Իրանը խոհեմաբար շարունակում է իր ընդհանուր քաղաքականությունը: «Եթե ուզում ենք գնահատել, պետք է նկատենք, որ Եվրոպայի համախմբումը չի հաստատում ԱՄՆ-ի քաղաքականությունը․ԱՄՆ-ը ցանկանում է պատժամիջոցները շարունակել, մեծացնել, իսկ Եվրոպական շատ ընկերություններ երկարատև հեռանկարով և փոխշահավետ պայմանագրեր են ստորագրել Իրանի հետ»,- ասաց նա:

Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացումը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև տարածաշրջանային հիմնախնդիրների վրա, որովհետև ըստ նրա, աշխարհում ընթացքող ամեն ինչը փոխկապակցված է: Եթե այս ընթացքում էլ Հայաստանի և Իրանի հարաբերություններում փոփոխություններ լինեն, ապա, իրանահայ պատգամավորի խոսքով, փոփոխությունն Իրանի կողմից չի լինի:

«Իրանն ունի իր ռազմավարական քաղաքականությունը, ունի իր մարտավարությունն ամբողջ աշխարհում, և այս պարագայում ովքեր Իրանի հետ լավ հարաբերությունների մեջ են, փոխշահավետ հարաբերությունները նրանց միջև կշարունակվեն»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am