Ավարտվեց ՀՅԴ Պատանեկան միությունների Հայաստանագնացությունը

2017 թվականի օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ավարտվեց ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՅԴ Պատանեկան միությունների «Խանասորից Շուշի, հաղթանակից հաղթանակ» խորագիրը կրող թվով 3-րդ Հայաստանագնացությունը։

Հայաստանագնացության փակման արարողությանը խոսքով հանդես եկան ՀՅԴ Պատանեկան միությունների 3-րդ Հայաստանագնացության ընդհանուր պատասխանատու ընկեր Սարգիս Արապողլյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչյանը, ովքեր իրենց ելույթներում կարևորեցին նման ձեռնարկների իրականացումը և շարունակականությունը, որը հնարավորություն է տալիս պատանիներին Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր այցելելուց զատ նաև կոփելու իրենց կամքը, դաստիարակվելու ազգային ոգով և հայրենասիրությամբ՝ հույս հայտնեով ապագայում նրանց արդեն տեսնելու նման ձեռնարկների կազմակերպիչների դերում։

Փակման խոսքով ելույթ ունեցան նաև պատանիներ, ովքեր հայտնեցին, որ Հայաստանագնացությունը հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ընկերներ, դասախոսությունների և խմբային աշխատանքների միջոցով ստանալ նոր գիտելիքներ և ավելի մոտիկից ծանոթանալ հայրենիքին։ Նրանցից շատերի համար Հայաստանագնացությունը հնարավորություն էր առաջին անգամ հայրենիք այցելելու։ Պատանիները բաժանվեցին արցունքն աչքերին՝ հաջորդ տարի հանդիպման հույսով։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Պատանեկան միությունների Հայաստանագնացությունը մեկնարկեց հուլիսի 31-ին Թումոյի այգում։ Հայաստանագնացությանը մասնակցում էին 230 պատանիներ տարբեր երկրներից, ինչպես Լիբանան, Սիրիա, Իրան, Քուվեյթ, Արաբական Էմիրություններ, Հայաստանի և Արցախի Հանրապետություններ և այլուր։

Հայաստանագնացության ութ օրերի ընթացքում պատանիները հնարավորություն ստացան այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր՝ Գառնի, Գեղարդ Սարդարապատի և Բաշ Ապարանի Մայիսյան հերոսամարտերին նվիրված հուշահամալիր, Օշական, ռազմական ուսումնարան, հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության զոհերի և Եռաբլուր պանթեոնում Արցախյան պատերազմի և զինադադարի կնքումից ի վեր Հայաստանի և Արցախի պետական սահմանների պաշտպանույթան ընթացքում զոհվածների հիշատակին, ունկնդրեցին դասախոսություններ ավագ ընկերների մատուցմամբ, կազմակերպեցին ցուցահանդես պատանեկան միությունների կողմից իրականացված հրատարակություններից և այլն։

Հայաստանագնացության վերջին երեք օրերը մասնակիցները անցկացրեցին Արցախում, որտեղ այցելեցին Գանձասարի եկեղեցի, Նիկոլ Դումանի տուն-թանգարան՝ տեղում ուըկնդրելով դասախոսություն Արցախյան հակամարտությունը և բանակցային գործընթացը թեմայով, Շուշիի Կանաչ եկեղեցի, սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, որտեղ և կայացավ Հյաստանագնացության փակման արարողությունը։

Կասկածից վեր է, որ ութօրյա Հայաստանագնացությունն իր անջնջելի դրոշմն է թողել մասնակից պատանիների հիշողության մեջ։
Վարձքը կատար բոլոր պատասխանատուների և կազմակերպիչների։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

09 օգոստոս, 2017 թ.
Երևան, Հայաստան

Տպել Տպել