Հայաստանը և Թուրքիան անդամակցում են ԵԽ-ին և ԱՀԿ-ին, բայց դա չի ապահովել սահմանի բացումը

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Թուրքիայի՝ ԵԱՏՄ հետ մաքսային համաձայնագիր կնքելու հայտարարությունը դեռ ցանկություն է, բայց եթե գործընթաց սկսվի, աբսուրդ է, որ Թուրքիան միանա համաձայնագրին, երբ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկի հետ փակ սահման ունի:

Ըստ նրա՝ եթե կրկին առաջ գա հայ-թուրքական սահմանը բացելու հարցը և ինչպես հայ-թուրքական արձանագրությունների պարագայում կրկին Թուրքիան նախապայմաններ դնի, ապա Հայաստանը պետք է վետո դնի գործընթացին:

Անդրադառնալով Խոսրովի անտառի հրդեհից հետո բնապահպանության նախարար դաշնակցական Արծվիկ Մինասյանին ուղղված քննադատություններին, այդ թվում՝ Արարատի մարզպետի կողմից հնչեցված՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանն ասել է՝ ինքը որևէ խնդիր չունի իրենց հին ընկերոջ՝ Արամայիս Գրիգորյանի հետ։

-Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ: Կարո՞ղ ենք ասել, որ այս քայլով Թուրքիան ճանապարհ է բացում հետագայում ԵԱՏՄ-ին անդամակցելու համար:

-Առայժմ գոնե այն, ինչ հայտնի է, ցանկություն է, որը ենթադրում է հետագա քննարկումներ, զարգացումներ: Աշխարհը միագիծ չէ, շատ բազմակողմանի, բազմաշերտ հարաբերությունների կծիկ է յուրաքանչյուր պետության համար: Մեզ համար այս հարցը առանձնահատուկ է, քանի որ մենք ունենք որոշակի խնդիրներ, ունենք Թուրքիայի հետ փակ սահման։ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին Թուրքիայի միանալու հարցը, ենթադրում եմ, պետք է քննարկվի նաև Հայաստանի հետ: Տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանը պե՞տք է վետո դնի նշված համաձայնագրին Թուրքիայի անդամակցության մասով: ԵԱՏՄ-ի մաքսային համաձայնագրին Թուրքիայի միանալը ենթադրո՞ւմ է, որ հայ-թուրքական սահմանը պիտի բացվի: Ժամանակին հայ-թուրքական արձանագրությունները, որով ևս ենթադրվում էր, որ պիտի սահմանը բացվի, տապալվեցին Թուրքիայի նախապայմանների պատճառով, և Դաշնակցությունն արձանագրություններին դեմ էր:

-Արդյո՞ք համաձայնագրին միանալը ենթադրում է, որ սահմանը պիտի բացվի: Ե՛վ Հայաստանը, և՛ Թուրքիան Եվրախորհրդի անդամ երկրներ են, Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, որտեղ ևս փոխադարձ պայմաններ կան, բայց դա չի ապահովել սահմանի բացումը: Ավելին ասեմ, երբ որ քննարկվում էին հայ-թուրքական արձանագրությունները և օրակարգի հարցերից մեկը նաև սահմանի բացման հարցն էր, մեր կուսակցությունը ծավալուն մասնագիտական հետազոտություն անցկացրեց, թե հավանական բացումը Հայաստանի տնտեսության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ. այստեղ բազմաթիվ խնդիրներ կան: Ճիշտ է, այսօր էլ Հայաստան տարբեր ճանապարհներով Թուրքիայից ապրանքներ հասնում են, բայց Թուրքիայի տնտեսությունն այնպես է կառուցված, որ իր ներքին արտադրողին խթանելու բազմաթիվ պետական մեթոդներ, միջոցներ կան, ինչը կստեղծի անհավասար դաշտ և մեր ներքին տնտեսության վրա կարող է ազդել:

Ես չեմ հավատում, որ Թուրքիան պատրաստ է այսօր միակողմանիորեն բացել սահմանը, և Ձեր հիշատակած նախապայմանները հենց դա են վկայում: Մենք ունենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեր կոնցեպտը, հայեցակարգը, որը արձանագրությունների նախաստորագրումից հետո լավագույնս արտահայտվել է ՍԴ-ի որոշման մեջ: Բնական է, որ Հայաստանը պետք է կարողանա իր շահերը պաշտպանել: Ո՞ւր կհասնեն այս քննարկումները, բանակցությունները՝ հետագայում կերևա: Հայաստանն իր շահերը միանշանակ պետք է կարողանա գնահատել, հետապնդել: Ես չէի ասի, որ Հայաստանը միանշանակ վետո պիտի դնի Թուրքիայի՝ մաքսային համաձայնագրին միանալու հետ կապված: Բայց այն հայեցակարգը, որը այսօր դրված է, ՍԴ որոշման մեջ կա, դրանից անհնար է շեղվելը, դա միանշանակ է: Եթե որևէ շեղում նկատվի, ուրեմն պետք է վետո դրվի:

Ի վերջո ժամանակը ցույց տվեց, որ այն բոլոր վտանգները, որ նախանշում էր Դաշնակցությունն արձանագրություններում, իրական էին: Հետագայում Հանրապետության նախագահի ելույթներն այդ թեմայով և ՍԴ որոշումը ամբողջովին եկան այդ տեսակետին:

-Այսինքն՝ դուք դե՞մ չեք, եթե Թուրքիան մեզ հետ միասին հայտնվի տնտեսական նույն կաթսայի, միության մեջ, եթե սահմանը բացելիս նախապայմաններ չլինեն:

-Մենք երբեք չենք ասել, որ դեմ ենք Թուրքիայի հետ հարաբերություններին: Մենք ասել ենք, որ այս նախապայմաններով անհնար է, սա հարցի լուծում չէ և սա վտանգում է Հայաստանի լինելիությունը: Բայց եթե կգան Դաշնակցության նույն տեսակետին, ինչին ժամանակին եկան Հայաստանի իշխանությունները, և հարաբերությունները կկարգավորվեն առանց նախապայմանների, իհարկե բաց սահմանները լավ են, քան փակ սահմանները: Այստեղ գերակա մի խնդիր կա՝ անթույլատրելի է, որ Հայաստանի շահը որևէ կերպ ոտնահարվի այս կամ այն պետությունների հետ հարաբերությունների միջոցով: Հայաստանը պետք է այնքան ուժ և կամք ունենա, որ շարունակի հետևել իր դրած սկզբունքներին, որոնք, կրկնեմ, ՍԴ-ն արձանագրել է: Աբսուրդ է, որ նույն Մաքսային միության մեջ լինի մի երկիր, որը ունի անդամ երկրներից մեկի հետ փակ սահման:

-Պարո՛ն Վարդանյան, անցնենք ներքաղաքական թեմայի՝ Խոսրովի անտառի հրդեհի շուրջ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի վերաբերյալ խոսակցություններին, քննարկումներին, նրա հասցեին հնչող մեղադրանքներին: Չնայած երեկ Արծվիկ Մինասյանը ասել էր, որ իրեն Դաշնակցությունը և ՀՀ Նախագահն են նշանակել նախարար և չի պատրաստվում հրաժարական տալ:

-Գիտեք, հրդեհներն այնպիսի երևույթ են, տարերային աղետ, որ ամեն տեղ էլ պատահում են: Նայեք Եվրոպայում, մեր հարևան Վրաստանում։ Մեկ-երկու լրատվամիջոց, լրագրող ինչ-որ բաներ ուղղորդված նետում են ասպարեզ՝ արհեստական թեմա է: Արծվիկ Մինասյանը հրդեհաշիջման աշխատանքների ակտիվ մասնակիցներից էր, և ուղղակի լուրջ չէ նրա հրաժարականի հարցը քննարկելը:

-Արարատի մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանը, ով նախկինում նաև դաշնակցական քվոտայով նախարար էր, Արծվիկ Մինասյանի վերաբերյալ մարզպետարանի պաշտոնական կայքէջում քննադատություն է հնչեցրել՝ մարզպետարանի անունից հոդված տեղադրելով։ Նա խորհուրդ է տալիս Արծվիկ Մինասյանին հրդեհի մեղավորներին իր շուրջը փնտրել , շնորհակալություն հայտնել, որ կամավորները մարզպետի գլխավորությամբ աջակցել են հրդեհաշիջման աշխատանքներին: Նշվում է նաև, որ Արծվիկ Մինասյանը մարզպետի դեմ նյութեր է պատվիրում:

-Կրիտիկական իրավիճակները, ինչպիսին այդ հսկայական հրդեհներն են, ոչ միայն Արարատի տարածաշրջանում, այլ Վայոց ձորի տարածաշրջանում՝ մի քանի օր առաջ, միշտ սրում են ինչ-որ խնդիրներ: Կարծում եմ՝ որևէ լուրջ խնդիր չկա, երեկ ինքը՝ Արծվիկ Մինասյանն էր ասել, որ ինքը որևէ խնդիր չունի Արարատի մարզպետի՝ մեր հին ընկերոջ՝ Արամայիս Գրիգորյանի հետ: Այստեղ թեժացնողների որոշակի նշաններ կան, կարծում եմ՝ կանցնի, հանգիստ եղեք:

tert.am

Տպել Տպել