Սոչիից՝ Նախիջեւան. Իսրայէլա-ադրբեջանական սպառնալիք

1- Երէկ Սոչիում Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն Պուտինի հետ հանդիպման ողջ ընթացքում, (գրաւոր) յայտարարութիւններով կրկին «արջի եօթ երգերը» յիշեցնող հակաիրան խօսքեր է հնչեցրել…: Իհարկէ, Պուտինի կողմից Նաթանիահուի արտայայտութիւնները անմիջական եւ ուղղակի պատասխանի չեն արժանացել, սակայն հէնց նոյն օրը՝ Նիւ Եօրքում, ՄԱԿ-ի Ռուսաստանեան մշտական ներկայացուցչի միջոցով հետեւեալ պատասխանն է հնչեցւել, ըստ որի՝ «Իրանը Սիրիայում ու առհասարակ տարածաշրջանում կիրառում է կառուցողական քաղաքականութիւն ու դերակատարում…»:

2- Հետաքրքիր զուգադիպութեամբ, երէկ, նոյն օգոստոսի 23-ին (ի դէպ՝ Հայաստանի Անկախութեան Հռչակագրի 26-ամեակին), Նախիջեւանում ադրբեջանական ռազմական ընդլայնւած ցուցադրութիւններ են իրականացւել՝ թէ՛ օդուժի եւ թէ՛ ցամաքային զօրամիաւորումների մասնակցութեամբ, որոնք քաղաքական փորձագէտների կողմից գնահատւում են նոյնպէս որպէս սպառնալիք՝ ՀՀ-ի անվտանգութեանը…:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

3- Դեռեւս անցնող օրերում էր, որ նոյն Նախիջեւանում կայացան թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները:

4- Համընթաց օրերին, Թեհրանում՝ նախագահ Ռոհանին իր երդմնակալութեանը մասնակից ՀՀ նախագահ Սարգսեանի հետ երկխօսութեան ընթացքում շեշտակիօրէն յայտարարում է երկրի հարեւանութեան մէջ գտնւող շրջաններում օտար, արտաքին ուժերի ներկայութեան ու ռազմական նոր բախումների սպառնալիքները չհանդուրժելու մասին…:

5- Դարձեալ հետաքրքիր զուգադիպութեամբ՝ նոյն օրերին լրահոսում յայտնւեց տեղեկատւութիւն, որի համաձայն՝ փաստւում էր հայկական դիրքերի դէմ օգտագործւող անօդաչու սարքերի իսրայէլական մատնահետքերը…:

6- Իսկ առհասարակ բազմիցս է բարձրաձայնւել այն մասին, թէ Իսրայէլա-ադրբեջանական ռազմա-քաղաքական գործարքների հիմքում ընկած է՝ Իսրայէլի կողմից (եւ ոչ միայն), Ադրբեջանի ու յատկապէս Նախիջեւանեան ռազմաբազաների (օդային եւ ցամաքային) որպէս անմիջական հարթակ օգտագործումը՝ հակաիրան ինչպէս տւեալ դէպքում հակահայաստան դաւերի ու սադրանքների հաշւին…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Տպել Տպել