- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ֊ում

[1]Օգոստոսի 28֊ին, Երեւան է ժամանել Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը, որի ղեկավարն է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։ Պատվիրակության կազմում են կանադական խորհրդարանի ստորին պալատի (House of Commons) Պահպանողական կուսակցության պատգամավորներ Ռաքել Էարդըրը (Rachael Harder) եւ Թոնի Կլեմընտը (Tony Clement), ով անցյալում եղել է Օնթարիո նահանգի եւ Կանադայի դաշնային կառավարությունների նախարար։ Պատվիրակությանը ընկերակցում է Կանադայի Հայ Դատի Հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեւակ Պելեանը։

Օգոստոսի 29֊ին, պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի եւ Պաշտպանության նախարարի հետ։ Պատվիրակության հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ խմբակցության անդամ, Հայաստան֊Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Արմեն Բաբայանը։

Օգոստոսի 30֊ին, պատվիրակությունը մեկնել է Արցախ։

Հանդիպում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ

[2]

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորած պատվիրակությանը:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության ղեկավարին եւ կանադացի խորհրդարանականներին Արցախ այցելելու որոշման համար՝ նշելով, որ այնտեղ նրանք անաչառ տեղեկատվություն կստանան թե՛ Արցախի, թե՛ ԼՂ հակամարտության մասին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կանադայի օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը՝ փաստելով, որ այսօր էլ Թուրքիայի իշխանությունները, շարունակելով ժխտել այդ փաստը, ցուցաբերում են նույն մոտեցումները, ինչ 102 տարի առաջ: ՀՀ ԱԺ նախագահը, օրինակ բերելով Գերմանիայի եւ Իսրայելի հաշտության փաստը, նշել է, որ անազնվության բեռը դեռ ծանրանում է պաշտոնական Թուրքիայի վրա, եւ ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր Թուրքիան հետընթաց է ապրում մարդու իրավունքների պաշտպանության առումով:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կանադայի վարած քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս լիարժեքորեն դրսեւորվելու տարբեր ազգությունների եւ դավանանքների պատկանող մարդկանց: Արա Բաբլոյանի խոսքով՝ մարդու իրավունքը բարձրագույն արժեք է՝ անկախ ազգությունից եւ դավանանքից. պետք է հարգել կրոնական պատկանելություն ունենալու, այն ընտրելու իրավունքը:

Արա Բաբլոյանը նշել է. «Ուրախ եմ, որ այցելելու եք Արցախ: Այնտեղ կծանոթանաք խաղաղասեր ու ազատատենչ ժողովրդի հետ եւ կհամոզվեք, որ ճիշտ ուղու վրա եք՝ պաշտպանելով արցախցիների ազատ ապրելու իրավունքը»:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ արցախցին, ի տարբերություն ադրբեջանցու, ընդամենը պաշտպանում է իր տանը խաղաղ ապրելու իրավունքը:

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Կանադայի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ մեր երկիրը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում:

Մաջեդ էլ Շաֆին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության անդամներին եւ այցելության նպատակը: «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի ղեկավարը նշել է, որ անցյալ տարի ականատես լինելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կիրառված ռազմական գործողություններին, որին զոհ են գնացել ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների իրականացմանը՝ ստեղծել են փաստահավաք խումբ, որը կհավաքի տեղեկություններ եւ կներկայացնի հանրությանը:

ՀԿ ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը ներկայացվում է որպես կրոնական եւ ոչ թե քաղաքական հակամարտություն. այսպիսի մոտեցումը, անշուշտ, շահավետ է Ադրբեջանին:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը նշել է, որ դարեր շարունակ քրիստոնեություն դավանող հայ ժողովորդն այսօր էլ ընթանում է խաղաղության մեջ ապրելու եւ արարելու ճանապարհով. դրանում հյուրերը կհամոզվեն Արցախում:

Հանդիպում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ

[3]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանի պատգամավորներին

Օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։

Ողջունելով Կանադայի խորհրդարանի պատգամավորներին` նախարար Նալբանդյանը կարևորեց կանադացի խորհրդարանականների պարբերական այցելությունները և նրանց ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կանադացի խորհրդարանականները ներկայացրին «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, ինչպես նաև Հայաստան և Արցախ իրենց փաստահավաք առաքելության նպատակը` ուսումնասիրել անցյալ տարվա Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում կատարված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն ու ռազմական հանցագործությունները և զեկույց պատրաստել դրանց մասին։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, անդրադարձավ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի գործած ռազմական հանցագործություններին։

Հանդիպում՝ ՀՀ Պաշտպանության նախարարի հետ

[4]

ՀՀ Պաշտպանության նախարարի հետ

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջագծում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին և Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին:

Վիգեն Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, կարգավորման գործընթացը և շփման գծում տեղի ունեցած զարգացումները` հատկապես շեշտադրելով 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այդ ընթացքում վերջինիս զինված ուժերի կատարած ռազմական հանցագործությունները: