ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի զեկույցը «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին

Ադրբեջանի մարտավարությունը

Նպատակը՝ հակամարտության կարգավորման «ադրբեջանական մոդուսի» կիրառման իրավունքի ձեռքերում.
Այս նպատակն իրականցնելու գլխավոր փուլերը բաժանվում են՝ հաշվի առնելով մինչ և հետ քառօրյա պատերազմական իրավիճակների միջազգային ընկալումներն ու տարբերությունները:
Մինչ քառօրյա պատերազմը «ադրբեջանական մոդուսը» միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջ մղելուն կոչված Բոբ Վոլտերի հեղինակած համապատասխան զեկույցը ԵԽԽՎ-ում տապալվելուց հետո Ադրբեջանը փորձեց բլից-պատերազմով ատատուս քվոն փոխելու միջոցով պարտադրել հակամարտությունը կարգավորելու նույն այդ մոդուսը:
Ըստ այդմ՝ կարգավորման ադրբեջանական մոդուսը, ինչը հստակ երևում է Վոլտերի տխրահռչակ զեկույցից, մարտավարական առումով հետապնդում է գլխավոր երկու նպատակ՝ չկաշկանդվել և չսահմանափակվել միակը համարվող Մինսկի գործընթացով և վերանայել հակամարտության բնույթի և լուծման մասին նրանով ձևավորված պատկերացումը:
Քառօրյա պատերազմի ձախողումով Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր այս նպատակին, այլև ավելի ամրապնդվեց Մինսկի խմբի համանախագահների միակ միջազգայնորեն ճանաչված մանդատը: Ավելին, համընդհանուր ճանաչում գտավ և ամրապնդվեց զինադադարի մասին 1994թ. եռակողմ պայմանագրի անժամկետ լինելու փաստը: Արդյունքում առաջնահերթ խնդիր դարձավ ոչ թե ստատուս քվոյի անվերապահ փոփոխության, այլ իրական խաղաղ բանակցությունների համար լիարժեք պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը իր ռազմավարությունը կյանքի կոչելու և հարցի լուծման իր միակողմանի քայլերը արդարացնելու համար հրաժարվում է ընդունել հակամարտության էության մասին ձևավորված պատկերացումը և այն ներկայացնելով որպես իր ներքին խնդիր՝ փորձում է ձեռք բերել սուվերեն իրավունք Արցախի ժողովրդին պարտադրելու Ադրբեջանի սահմանադրական կարգերը: Հետևաբար, Ադրբեջանի համար բանակցությունները մաս են կազմում սոսկ իր ռազմական մարտավարության, սեփական պատերազմական գործողությունների համար քաղաքական աջակցություն ապահովելու նպատակով:

Հայկական կողմի համարժեք և իրավաչափ մարտավարությունը

Համարժեքության հիմքը՝
Հաշվի առնելով Ադրբեջանի փաստացի հրաժարումը խաղաղ կարգավորման պահանջներից և նրա առաջացրած մշտական վտանգները՝ արդարացված են բոլոր միջոցները, որ կոչված են ամրապնդելու Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը

Իրավաչափությունը՝
արդարացված են Արցախի և Հայաստանի սուվերեն իրավունքից և պատմական ճշմարտությունից բխող, միասնական անվտանգության ապահովմանը ծառայող բոլոր իրավապայմանագրային կարգավորումները

Նախ և առաջ Թուրքիայի որևէ միջամտություն կանխելու համար անհրաժեշտ է արձանագրել, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները երրորդ երկրով ՝ Ադրբեջանով և ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորելը ենթադրում է ոչ այլ ինչ, քան անուղղակի ճանաչում, որ Արցախի հարցը Հայ Դատի ամբողջական փաթեթի մի մասն է:

Հետևաբար, նման դիրքորոշում ունեցող երկրի ներգրավումը կարգավորման գործընթացի մեջ ինքնաբերաբար օրակարգ պետք է բերի հայ-թուրքական հիմնախնդիրների ողջ փաթեթը՝ վերածելով այդ երկրին միջնորդից հակամարտության կողմի: Ուստի, Թուրքիայի ներգրավումը ոչ այլ ինչ է, քան հակամարտության ընդլայնում և նոր բանակցայի ձևաչափի առաջացում, որտեղ Թուրքիան բանակցային կողմ է, ոչ թե միջնորդ:

Ադրբեջանի մարտավարական հնարքներից է «փուլային» տարբերակի շահարկումը, ինչը նա կիրառում է իբրև թե հանուն առավել իրատեսական խաղաղ կարգավորման, սակայն իրական նպատակը՝ ձախողել կամ հետաձգել Արցախի անկախ կարգավիճակի ամրագրումը:

Քանզի, և դա ի հակակշիռ Ադրբեջանի փուլային լուծմանն է պետք ներկայացնել այն, որ ցանկացած փուլային տարբերակ այսպես, թե այնպես ենթադրում է համաձայնեցնել այն գլխավոր առաջին քայլը, որով միայն կարող է սկսել քայլ առ քայլ առաջ ընթացող փուլային որևէ գործընթաց:

Ուստի, փուլային այն կարգավորումը, որի գլխավոր առաջին քայլը Արցախի անկախ կարգավիճակի ամրագրումն է, բնականաբար ևս բանակցելի է:

Ըստ այդմ, փուլային տարբերակին կողմնակից լինելը չի կարող Ադրբեջանին ինքնաբերաբար բանակցային առավելություն ապահովել:

Հաջորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը և նրա թշնամական էությունը լիարժեք հիմքեր են ստեղծում Հայաստան-Արցախի տանդեմի լիարժեք իրավական ամրապնդման և Հայաստանի՝ Արցախի անկախության երաշխավորը լինելու փաստի, միջազգային ճանաչման համար:

Հայաստանի և Արցախի շուրջը ձևավորված թշնամական միջավայրում հայ ժողովրդի անքակտելի իրավունքն է միջազգային ճանաչում և հարգանք հայցել լիարժեք անվտագության ապահովման ուղղված ցանկացած նախաձեռնության վերաբերյալ:

Ներկա փուլում հայկական կողմերի մարտավարական գլխավոր խնդիրն է՝ զարգացնել ապրիլյան պատերազմից հետո առաջացած հնարավորությունները՝ կապված Մինսկի գործընթացի և նրանում հակամարտության կարգավորման մասին ձևավորված պատկերացումները վերանայելու ադրբեջանական ծրագրերի ձախողման հետևանքների հետ:

Մասնավորապես, 1994թ. եռակողմ պայմանագրի համընդհանուր վերահաստատումը անխուսափելիորեն ամրագրում է նաև նրա անքակտելի մասը հանդիսացող՝ հրադադարի ռեժիմը ամրապնդելու և սահմանային միջադեպերը կարգավորելու մասին արձանագրությունը: Ինչը ուժը պահպանած և անժամկետ լինելով՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող մեխանիզմների տեղակայման վերաբերյալ ձեռք բերած համաձայնությունների հետ միասին ունի պարտադիր գործադրման ուժ և խաղաղ բանակցությունների սեղան Ադրբեջանին վերադարձնելու կարևորագույն միջոց է:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցություններից հրաժարումը փաստելը և միջազգային հանրության կողմից դրա դատապարտմանը հասնելը մեզ կարող է ապահովել լրջագույն առավելություններ և խթանել միաժամանակ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: Առավել ևս որ ոչինչ չի խանգարում միջնորդ կողմերին վերահսկող մեխանիզմների և սարքավորումների տեղադրումը կատարել հայկական կողմերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Գաղափարը, ըստ էության, շատ պարզ է և կայանում է հետևյալում՝ եթե Ադրբեջանը շարունակում է մերժել և խոչընդոտել հրադադարը վերակսկող մեխանիզմների տեղակայումը, դա իրականացնել հայկական կողմում, որը միշտ էլ հայտնել է իր պատրաստակամությունը դրանց տեղադրման վերաբերյալ:

Սա պետք է ընկալվի որպես հստակ ուղերձ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ համապատասխան օղակների համար: Իսկ միջազգային բոլոր հարթակներում անհրաժեշտ է սկսել գործնթաց ի պաշտպանություն այս գաղափարի իրագործման:

Եզրափակելով կարելի է ներկայացնել, թե որը պետք է լինի ի հակակշիռ ¦ադրբեջանական մոդուսի§ մեր՝ բանակցությունները սուբստանտիվ (բովանդակային, առարկայական) դարձնելու և կայուն խաղաղություն ապահովելու հակամարտության կարգավորման «հայկական մոդուսը»:

1. հարգել 1991թ. անկախության և դրան հաջորդած սահմանադրական հանրաքվեներով արձանագրված Արցախի ժողովրդի կամարտահայտությունը: Ըստ որի հռչակված է անկախ պետություն ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանների տարածքները ամրագրող սահմաններով և հաստատված է, որ մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումն ու սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է փաստացի ԼՂՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներում
Այսպիսով, որևէ կարգավորում, որ չի ապահովում ԼՂՀ անկախ կարգավիճակի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցերի առաջնահերթ լուծում, անընդունելի է:
2. բանակցային գործընթացի լիարժեքության ու արդյունավետության համար ապահովել ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցություններին
3. միջազգային արդյունավետ վերահսկողություն սահմանել՝ ապահովելու 1994-95թթ. զինադադարի եռակողմ պայմանագրի և նրանից բխող հրադադարի ռեժիմի ամրապնդման և շփման գծի երկայնքով միջադեպերի կարգավորման մասին արձանագրության անվերապահ կատարումը
4. բանակցային գործընթացը հունավորելու և Ադրբեջանի ռազմատենչ ու հակահայկական քաղաքականությունը չեզոքացնելու համար նոր թափ հաղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման գործին՝ ընդլայնելով Արցախի բնակավայրերի և օտարերկրյա այլ համայնքների միջև երկկողմանի ¦քույրացման§ պայմանագրերի կնքման շրջանակը:
5. անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ հաստատելու նպատակով ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք՝ ամրագրելով ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորը լինելու ՀՀ կարգավիճակը՝ ի նկատի ունենալով անհրաժեշտ պահին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը:
6. ձևավորել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան և ռազմական հանցագործությունները ապացուցող փաթեթ և հասնել դրանց միջազգային դատապարտմանը
7. արցախյան ազատամարտի հաջողությունները ամրապնդելու և հիմնախնդրի հայանպաստ լուծումը կանխորոշելու նպատակով իրականացնել Արցախի վերաբնակեցումը և հիմքեր ստեղծել ապահովելու դրա միջազգային աջակցությունը

4 սեպտեմբեր 2017թ.

Տպել Տպել