«Ազգ-բանակ» հայեցակարգը՝ որպես հայության ողջ հատվածի նոր համազգային զորաշարժի հնարավորություն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը՝ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ:

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացումը՝ ի խնդիր հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցության ապահովման, եղել և մնում է համահայկական նշանակություն ունեցող թիվ մեկ առաջնահերթությունը: Համայն հայության այդպիսի ամբողջացում հնարավոր է առաջացնել՝ ունենալով համազգային տարողություն ունեցող խնդիրների միասնական օրակարգ, ընդհանրական կամքի ձևավորման և արտահայտման հստակ ձևաչափ և դրանք կյանքի կոչելու գործելադաշտ ու գործիքակազմ:

Այս հիմնախնդրի լուծմամբ է պայմանավորված մեր ազգային ինքնության պահպանումը, անկախ պետականության ամրապնդումը և սերունդների ապագան:

Հայության կազմակերպված միասնականությունն է այն անսպառ ուժի աղբյուրը, որն ապահովելու է մեր լինելիությունը և թույլ է տալու դիմագրավել բոլոր տեսակի մարտահրավերներին և պաշտպանել մեր իրավունքները:

«Ազգ-բանակ» նախաձեռնությունը հենց այն գաղափարն է, որը բխում է մեր ազգի լինելիության ապահովման կենսական անհրաժեշտությունից և կոչված է երաշխավորել նրա մշտական պաշտպանությունը:

Այդպիսի առաքելությունն ինքնին «ազգ-բանակ» նախաձեռնությանը հաղորդում է համահայկական բնույթ և օժտում նրան հայության բոլոր հատվածները զորաշարժի ենթարկելու դերակատարությամբ: Նկատի ունենալով բանակաշինության և պաշտպանության խնդիրների հետ կապված ժամանակակից պահանջներն ու դրանց համալիր բնույթը՝ այդպիսի համընդհանուր զորաշարժը իր հերթին ենթադրում է ոչ միայն մարդուժի, այլև ֆինանսկան, տնտեսական, քաղաքական և այլ միջոցների մեկտեղում և նպատակաուղղված օգտագործում:

Հետևաբար, «ազգ-բանակ» հայեցակարգի գործադրումը ոչ միայն հիմքն է Հայաստան-Արցախ միասնական պաշտպանական համակարգի, այլև կոչված է երաշխավորելու մեր երկրի ընդհանուր զարգացումն ու առաջընթացը՝ չզիջելով մեր համազգային շահերն ու նպատակները:

Ներկա փուլում «ազգ-բանակ» գաղափարին միս ու արյուն տալու համար անհրաժեշտ է մշակել և ամբողջացնել այդ գաղափարի հայեցակարգը, որից կբխի գործողությունների համալիր ծրագիրը:

Այդպիսի հայեցակարգը, ուրվագծելով համընդհանուր զորաշարժի բովանդակությունն ու ձևերը, պետք է պարունակի հետևյալ խնդիրների պարզաբանումը՝

Ա. Անհրաժեշտությունը

Բ. Նպատակը

Գ. Հայեցակարգի դոկտրինալ բաղադրիչները

Դ. Առանցքային խնդիրները

Ե. Հնարավորություններն ու ներուժը

Ա. Անհրաժեշտությունը

Թուրք-ադրբեջանական տանդեմի ձևավորած թշնամական միջավայրում մշտական սպառնալիքների և ազգի՝ որպես մեկ ամբողջության վտանգվածության իրողությունը

Բ. Նպատակը

«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» սկզբունքի գործնականացումը, ժողովրդի անվտանգության ու պետության արժանապատիվ գոյատևման ապահովումը

Գ. Հայեցակարգի դոկտրինալ բաղադրիչները

ա. պաշտպանություն՝ ռազմական նոր դոկտրինի ընդունում, ինչը պետք է բխի պատերազմ հասկացության ժամանակակից մեկնաբանությունից, միավորի և ամբողջացնի գաղափարական, ռազմատեխնիկական, կազմակերպչական, մոբիլիզացիոն և ռազմաարդյունաբերական բաղադրիչները

բ. տնտեսություն՝ ուղղված տնտեսության պատրաստմանը պատերազմին՝ ինքնաբավության մակարդակի բաձրացմամբ և ռազմավարական պաշարների ձևավորմամբ

գ. սոցիալական քաղաքականություն՝ ուղղված զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովմանն ու ներազգային համերաշխության ձևավորմանը

դ. գաղափարական, ռազմաքաղաքական դասստիարակություն և կրթություն՝ ուղղված հայրենասիրության և ժամանակակից չափանիշներով ռազմագիտական բարձր պատրաստության ապահովմանը

ե. բանակային ծառայության գործում սփյուռքահայերի ներգրավման հնարավորությունների ստեղծում

զ. բանակի ռեֆորմացում՝ ուղղված թիկունքի և ճակատի ներդաշնակ համադրմանը

Դ. Առանցքային խնդիրները

Ներքին և արտաքին կյանքի բոլոր հիմնական ոլորտներում ազգային անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովմանը ծառայող բանակաշինության համալիր ծրագրի իրականացում

Այդպիսի ծրագրի արդյունք պետք է լինի այն, որ բոլորը խաղաղ պայմաններում ընդգրկված են բանակաշինության գործի մեջ, պատերազմի ժամանակ՝ պաշտպանության:

Ըստ այդմ՝ ծրագիրը պետք է նպաստի ազգային-պետական բազմաշերտ խնդիրների լուծմանը՝ արժեհամակարգի առողջացմանը, ներհասարակական համերաշխության ամրապնդմանը, ընդհանուր նպատակների շուրջ հայության կազմակերպմանը, երկրի ինքնաբավության ընդհանուր մակարդակի բարձրացմանը, գիտատեխնիկական առաջընթացի խթանմանը, ռազմաարդյունաբերական համալիրի «լոկոմոտիվ» դերակատարությամբ տնտեսության արագընթաց զարգացմանը:

– Տարածքային և տեղական ինքնակառավարման մակարդակում առաջնագծում գտնվող սահմանամերձ գյուղերը ռազմական բազաների օրինակով տրամադրել սահմանապահ գյուղերի կարգավիճակ, մյուս համայնքների համար մշակել առանձին ծրագրեր բանակի օժանդակության:

Ե. Հնարավորություններն ու ներուժը

– բանակի նկատմամբ հասարակության բարձր վստահությունը, մանավանդ ապրիլյան պատերազմի արձանագրած համազգային վերելքը

– վերոնշյալ խնդիրների լուծման անհրաժեշտության գիտակցումը և դրանց իրականացման համար ոչ այնքան նյութական միջոցների պակասը, որքան քաղաքական կամքի առկայությունը և թափանցիկ ու վստահելի գործընթացների ապահովումը

– մեր և միջազգային հաջողված փորձը:

Տպել Տպել