
Նախ` մենք վերցնելու հող ունենք, այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները. Կիրո Մանոյանը` տարածք հանձնելու մասին
«Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ այլևս չունի իրականում, որովհետև նախ` մենք վերցնելու հող ունենք, այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Ըստ նրա` առաջնահերթ խնդիրն Արցախի ինքնորոշման ճանաչումն է: «Դրա համար «Ոչ մի թիզ հող» ասելը հիմա նշանակում է` ոչինչ չենք անելու մնացածը հետ բերելու համար»,- ասաց Մանոյանը:
Հարցին, թե իրականում այս հարցի վերաբերյալ տարբեր չե՞ն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները, նա պատասխանեց` անշուշտ, տարբեր են: «Սակայն չենք հասել հարցի կարգավորման այն փուլին, որ ասենք` միասին չենք, ուրեմն մենք գնացինք, դուք մնացեք, կամ հակառակը: Արցախի հարցում մեր տեսակետը հայտնի է, հայտնի է նաև ՀՀԿ-ի տեսակետը, և դրա մեջ մենք այսօր վտանգ չենք տեսնում»,- ասաց Մանոյանը:
Հիշեցնենք, որ համաժողովի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանը կվերադարձնի միայն այն տարածքները, որոնք Ղարաբաղի անվտանգությանը չեն սպառնում:
Հարցին, թե այդ ո՞ր տարածքներն են, որ մեր անվտանգությանն իրոք չեն սպառնում, Մանոյանը պատասխանեց, որ եթե Նալբանդյանը նման հարցման տեղիք է տվել, պետք է հենց նրան էլ այդ հարցն ուղղել: «Մեր դիրքորոշումը հետևյալն է` քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայկական կողմը չպետք է խոսի որևէ զիջման մասին: Անհրաժեշտ է, որ փոխադարձ զիջումները լինեն հավասար, համարժեք ու միաժամանակյա: Չպետք է այնպես լինի, որ մենք այսօր զիջում ենք, նրանք էլ վաղը զիջեն, որովհետև մինչև վաղը կարող է մտափոխվեն: Դրա համար էլ կարծում եմ, որ չպետք է խոսել որևէ զիջման մասին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն Արցախի ինքնորոշման իրավունքը չի ճանաչել»,- ասաց Մանոյանը:
Ըստ նրա` Նալբանդյանն իր ելույթով ցանկացել է տեղյակ պահել` առաջարկված փաթեթն ինչ է: Իսկ այդ փաթեթները երկու մասից են բաղկացած` միջազգային որևէ սկզբունքների հիման վրա պետք է կարգավորվի Ղարաբաղյան հարցը: Ըստ Մանոյանի` միջազգային սկզբունքների հետ Դաշնակցությունը խնդիր չունի, քանի որ այդ սկզբունքներն են, որ հարցը պետք է լուծեն խաղաղորեն՝ առանց ուժ կիրառելու: Երկրորդն էլ, Մանոյանի հավաստմամբ, տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը նույնպես Դաշնակցության համար ընդունելի է, որովհետև անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել:
yerkir.am
Ըստ էության, Ադրբեջանը բանակցությունները մերժում է
Ըստ էության, Ադրբեջանը բանակցությունները մերժում է: Այս մասին սեպտեմբերի 20-ին Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ եթե անգամ կայանա 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, ապա դրա ընթացքում, ավելի շուտ, կսահմանափակվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններին հետեւելու անհրաժեշտության մասին կրկնելով: «Այդ պահանջներն ամրագրված են նաեւ 1994-1995 թվականների սկզբնական համաձայնագրերում: Սակայն Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում դրանք կատարել»,- հավելեց Մանոյանը:
news.am