Արծվիկ Մինասյանը՝ միտումնավոր հրդեհման վարկածի մասին

Հրավիրվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է նախարար Արծվիկ Մինասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների առաջարկով օրակարգային առաջին հարցի շրջանակներում ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին արձանագրված հրդեհի բռնկման պատճառները և հետևանքների մոնիթորինգի նախնական արդյունքները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է աղետի ժամանակ լիազոր գերատեսչությունների կատարված քայլերը և կատարած հետևությունները` հայտնելով, որ հրդեհի և դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը ոչ միայն բոլորի համար լուրջ դաս էր, այլ նաև ոլորտում ի հայտ բերեց հիմնարար բացեր: «Հիմնական բացերից մեկը կապի միջոցների բացակայությունն էր և այդ մասին զեկուցվել է ՀՀ Նախագահի ու վարչապետի մոտ կայացած քննարկումների ընթացքում: ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի կապի օպերատորների հետ քննարկել և հարցին լուծում տալ, ինչին արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և ներկայում այնպիսի կապի համակարգ է դիտարկվում, որով արգելոցում նվազագույն միջամտությամբ կապահովվի օդային կապ, ինչն իր հերթին կօգտագործվի ոչ միայն հրդեհների կանխարգելման, այլ նաև մոնիթորինգ իրականացնելու համար»,- նշել է Ա. Մինասյանը և տեղեկացրել, որ նախատեսվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացնել նաև կադրային և կառուցվածքային հիմնարար փոփոխություններ` լուծելու օպերատիվ արձագանքման, արագ գործողություններ իրականացնելու և պահպանության /24 ժամյա/ մակարդակը բարձրացնելու հարցերը: Նախարարն առաջնային է համարել նաև տեխնիկական զինվածության հարցերի լուծումը, ինչի ուղղությամբ բանակցություններ են տարվում գործընկեր պետությունների և դոնոր կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով երկրում ունենալ հրդեհներին հակազդող տեխնիկապես հագեցած համակարգեր: Տեղեկացվել է նաև, որ սեպտեմբերի 19-ին բնապահպանական անդրսահմանային նախագծի մեկնարկը տալու նպատակով Վրաստան կատարած աշխատանքային այցի ժանմանակ դիտարկվել է նաև նման տարածաշրջանային կենտրոնի ձևավորման հեռանկարը:

Հայտնելով իր մտահոգությունը հրդեհի պատճառների հարցով` ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ ստացված արբանյակային լուսանկարները և ձեռք բերված փաստերը կփոխանցվեն քննչական կոմիտե` լիարժեք քննության համար: Միտումնավոր հրդեհման վարկածի հաստատման դեպքում մեղավորները պետք է խիստ պատժի ենթարկվեն, իսկ ոչ միտումնավոր մարդկային գործոնի հաստատման դեպքում պետք է պարզվեն պատճառները: Ըստ Ա. Մինասյանի, մարդկային գործոնի հավանականությանը նպաստում է նաև արգելոցի կտրտված սահմանները, և այժմ խնդիր է դրված նոր կառավարման պլանով նաև այդ հարցը լուծել` «Խոսրովի անտառ» արգելոցում ներառելով նրա սահմաններ սեպաձև մտած տարածքները` նվազագույնը բուֆերային գոտիների և արգելավայրերի տեսքով: Այս գործողություններն իրականացնելու համար նախարարությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների և հանրության լայն շերտերի աջակցությունը: Թվարկված խնդիրների լուծման համար պահանջվում են զգալի միջոցներ ներգրավել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումից և «Բնության պահպանություն` պարտքի դիմաց» գործընթացից:

mnp.am

Տպել Տպել