- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ալիևի հայտարարությունը պետք է օգտագործել և ստորագրել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած` ՀՀ նախագահի և Ադրբեջանի նախագահի ելույթներին:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից երկու հիմնական հարցերի մասին խոսեց` Արցախի և Թուրքիայի հետ 2009 թվականին ստորագրված արձանագրությունների: Մանոյանը կարևորեց նախագահի այն շեշտադրությունը, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա:

Ինչ վերաբերում է նախագահի այն հայտարարությանը` մինչև գարուն Հայաստանն առոչինչ կհայտարարի այդ արձանագրությունները, քանի որ դրանք սին են, նա դա նույնպես կարևորեց, բայց միևնույն ժամանակ նշեց. «Մենք ասել ենք, կրկնում ենք, որ սա նույնիսկ ուշացած քայլ է, որովհետև Թուրքիան այս ամբողջ ընթացքում ցույց տվեց, որ ինքն անկեղծ չէր այդ բանակցությունների հարցում և հիմնական նախապայման էր դնում Արցախի հարցը: Դրա համար էլ արձանագրությունը առոչինչ հայտարարելու համար կարիք չկա նույնիսկ մինչև գարուն սպասել»:

Ալիևի ռազմատենչ ելույթի վերաբերյալ Մանոյանն ասաց, որ համաձայն չէ, թե դա արվել է ներքին լսարանի համար, ապա ընդգծեց, որ այդ ելույթը պետք է օգտագործել և ստորագրել ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական պայմանագիրը:

«Այդ հայտարարությունն առիթ էր: Տակավին ուշ չէ, և այդ առիթը կարելի է օգտագործել ու ՀՀ-ԱՀ ռազմաքաղաքական պայմանագիրը ստորագրել, որն անցած տարվա ապրիլից հանձնարարվել է նախագահի կողմից, և որը պատրաստվել է: Անհրաժեշտ է դա ստորագրել` ցույց տալու համար` չի կարելի այսպիսի բաներ անել»,- ասաց բանախոսը:

Մանոյանի կարծիքով` դա նշանակում է, որ Ալիևը կարող է լուրջ գործողությունների դիմել, և դա միայն այդ հայտարարության կոնտեքստով չպետք է նայել: «Այն ամբողջ պատրաստվածությունը, որ իրենք տանում են Նախիջևանում, Հայաստանի հետ սահմանային շրջաններում, Արցախի հետ շփման գծն, այդ բոլորը վկայում են այն մասին, որ իրենք պատրաստվում են ինչ-որ մեծ ռազմական գործողության»,- ասաց նա, ապա հավելեց, որ դա չի նշանակում, որ անպայման կսկսվեն ռազմական գործողություններ:

Ինչ վերաբերում է Ալիևների ընտանիքի պահվածքին ՄԱԿ-ում, ապա, Մանոյանի կարծիքով, նրանք իրենց խայտառակեցին: «Դա իրենց պրոբլեմն է, բայց այն, որ ամեն ինչ Ադրբեջանում պտտվում է Ալիևի ընտանիքի շուրջ, մեկ անգամ ևս հաստատվեց»,- շեշտեց նա:

Կիրո Մանոյանը լրագրողներին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Արցախի հարցի կարգավորման էությանը չի անդրադարձել: «Անկախ նրանից` ադրբեջանական կողմն ինչ է հայտարարում, այդ հանդիպման ժամանակ Արցախի հարցի կարգավորման էությանը չեն անդրադարձել»,- ասաց նա:

Նախագահների հանդիպումը, Մանոյանի կարծիքով, ևս հարցի էությանը չի անդրադառնա: «Դա, կարծում եմ, վերջին ճիգն է միջնորդ պետությունների կողմից, որպեսզի մինչև նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտն այդ մեկ հանդիպումը ևս լինի, նրանց նպատակն այդ հնարավորությունն օգտագործելն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ ապրիլից հետո, անկախ նրանից` ով կլինի Հայաստանի վարչապետը, կարող է իրավիճակ փոխվել, այն իմաստով, որ խորհրդարանը ևս իր ասելիքը կունենա կառավարության որդեգրվելիք կեցվածքի հարցում:

Կիրո Մանոյանն նշեց, որ ինքնորոշման իրավունքը բոլորինն է: «Քուրդիստանում հանրաքվե է, բնականաբար, ինքնորոշման իրավունք ունեն բոլորը, բայց Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի հարցով պետք է մի քիչ սպասել` տեսնելու համար` հետագա ինչ քայլեր կլինեն, և ըստ այդմ էլ կողմնորոշվել»,- ասաց նա:

Մանոյանի կարծիքով` Արցախը ճիշտ է արել, որ ողջունել է այդ հանրաքվեն և կոչ արել` հետագա զարգացումները լինեն խաղաղ:

Խոսելով այն մասին` ինչ դիրքորոշում պետք է ընտրի Հայաստանը, նա կրկնեց, որ անհրաժեշտ է սպասել` հասկանալու համար հենց Իրաքյան Քուրդիստանի դիրքորոշումը: «Դեռ պարզ չէ, Քուրդիստանն այս հանրաքվեն օգտագործելու է անկախություն հաստատելո՞ւ, թե՞ Բաղդադի հետ նոր բանակցություններ սկսելու, նոր ուժերի դասավորման համար: Դրա համար էլ պետք չէ շտապել»,- ասաց Մանոյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այն, ինչ ԱԳ նախարարը հայտարարել է` հուսով ենք ամեն ինչ խաղաղ կընթանա, այս պահին առավելագույնն է, որ կարելի է անել:

Ըստ բանախոսի` պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ հենց Իրաքյան Քուրդիստանի ներսում քաղաքական տարաձայնություններ կան նույն այս հանրաքվեի մասին, եթե ոչ` սկզբունքի, ապա առնվազն ժամանակի իմաստով: Բացի այդ, ըստ նրա, Իրաքում կա հայկական համայնք, որի մասն ապրում է Քուրդիստանի շրջանում, բայց նաև կա համայնք Բաղդադում ու Բասրայում:

«Նրանց անվտանգության և իրավունքների հարցերը ևս պետք է հաշվի առնենք: Իրաքյան Քուրդիստանում գտնվող մոտ 4000 հայերից 600-ը իրավունք ունեցել են քվեարկելու, և անկախ նրանից` ինչ են քվեարկել, անհրաժեշտ է հուսալ, որ շարունակությունը կլինի խաղաղ: Պետք է սպասել` հենց Իրաքյան Քուրդիստանն ինչ քայլեր կձեռնարկի, որպեսզի, ըստ այդմ, կարելի լինի կողմնորոշվել»,- հայտարարեց Մանոյանը:

Նրա կարծիքով` Քուրդիստանի անկախացումը կարող է ընդհանուր ապակայունացման հանգեցնել տարածաշրջանում: «Մեր սահմանից ուղիղ գծով նույնիսկ 300 կմ չկա մինչև Իրաքի Քուրդիստան, դրա համար ապակայունացումը վտանգավոր կդառնա մեր տարածաշրջանի համար, եթե սկսվեն մեծածավալ ռազմական գործողություններ, որի մասնակիցը կդառնան տարբեր պետություններ, և իսկապես ապակայանուցումը կհասնի մեզ շատ արագ»,- նշեց Մանոյանը: