Նալբանդյանի ասածը մատի փաթաթան դարձնելը ճիշտ չէ

«Նույնիսկ մինչև գարուն սպասելու կարիք չկա, անհրաժեշտ է, որ Հայաստանն առ ոչինչ հայտարարի 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,-«Փաստարկ» մամուլի ակումբում (28.09.2017) լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Պարոն Մանոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումները կարևոր է համարում. մասնավորապես այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ 2009-ին ստորագրված արձանագրությունները որակեց սին և հաստատեց, որ մինչև գարուն, եթե տեղաշարժ չլինի, Հայաստանը առ ոչինչ է հայտարարելու այդ արձանագրությունները:

Ըստ Կիրո Մանոյանի` սա նույնիսկ ուշացած քայլ է, քանի որ Թուրքիան այս տարիներին ցույց տվեց, որ ինքն անկեղծ չէր այդ բանակցությունների ընթացքում և հիմնական նախապայման էր դնում Արցախի հարցը: Դառնալով Իրաքի Քրդստանի հանրաքվեին`պարոն Մանոյանը հորդորեց փոքր-ինչ սպասել դիրքորոշումներ հայտնելուց առաջ. «Պետք է սպասել, տեսնել` առաջիկա զարգացումներն ինչ կլինեն: Դեռ պարզ չէ` արդյոք Քրդստանն այս հանրաքվեն օգտագործելու է անկախություն հռչակելո՞ւն, թե՞ Բաղդադի հետ նոր բանակցություններ սկսելու համար: Պետք չէ շտապել: Այն, ինչ ԱԳ նախարարը հայտարարեց, թե հուսով ենք, որ ամեն ինչ խաղաղ կընթանա, այս պահին առավելագույնն է, որ կարելի է անել: Արցախը ճիշտ է արել, որ ողջունել է այդ հանրաքվեն և կոչ արել, որ հետագա զարգացումները լինեն խաղաղ: Այն զգուշությունը, որ դրսևորել է Արցախի ԱԳՆ-ն` ևս օգտակար է»:

Հարցին` Քրդստանի շուրջ սրացումներն ինչի՞ կարող է հանգեցնել` հատկապես ղարաբաղյան հակամարտության հարցում, պարոն Մանոյանը վստահեցրեց, որ դա կբերի ընդհանուր ապակայունացման. «Մեր սահմանից ուղիղ գծով նույնիսկ 300 կմ չկա մինչև Իրաքի Քրդստանը:

Իրականում շատ մոտ ենք և դրա համար ապակայունացումն այդտեղ նաև վտանգավոր կդառնա մեր տարածաշրջանի համար»: Դառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` պարոն Մանոյանը նկատեց, թե ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն իրականում հարցի էությանը չի անդրադարձել, նախագահների հանդիպումը ևս չի անդրադառնա: Ըստ պարոն Մանոյանի` այդ հանդիպման կազմակերպման հարցում Մինսկի խմբի համանախագահները վերջին ճիգերն են գործադրում, որպեսզի մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտ այն իրականացվի, քանի որ ապրիլից հետո իրավիճակ է փոխվելու: Դառնալով Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններին` պարոն Մանոյանը հավաստիացրեց, որ նրան պաշտպանելու խնդիր չունի, բայց նրա ասածները ճիշտ չեն հասկացվել:

Կիրո Մանոյանի կարծիքով` պարոն Նալբանդյանի ասածների մեջ նորություն չկա. «Նա վատ բան արեց, որ բաց խոսեց հանրության հետ այն մասին, թե ինչ են առաջարկել: Այս առաջարկը 2007-ի նոյեմբեր- դեկտեմբերից կա: Ինքը փաթեթն էր ներկայացնում: Բայց ուշադրությունը ոմանք միայն մեկ կետի վրա են կենտրոնացնում, նույնիսկ իր ասածը խեղաթյուրում են, իբր Հայաստանը կողմնակից է տարածքներ հանձնելուն: Իսկ Դաշնակցությունն այդ փաթեթի բոլոր կետերին դեմ է: Իսկապես Նալբանդյանի ասածը մատի փաթաթան դարձնելը ճիշտ չէ»:

ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, ըստ Կիրո Մանոյանի, կստորագրվի: Նա հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանը դեմ չի եղել ստորագրմանը, այլ, ընդհակառակը, ասել է, թե կարող ենք ստորագրել միայն քաղաքական բաղադրիչը. «Երեք տարի իզուր կորցրին, սկսեցին բանակցել, հիմա նույն պայմանագիրը պետք է ստորագրենք, որը կարող էինք ստորագրել այն ժամանակ»:

Դառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին, որը սկսել է ԵԼՔ խմբակցությունը, պարոն Մանոյանն արձագանքեց. «Քաղաքական ներքին դիվիդենտների համար այս ձևով հարցեր բարձրացնելն էլ ճիշտ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

aravot

Տպել Տպել