- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սա պարզապես պետական համակարգի նկատմամբ արհամարհանք է

[1] [2] Այսօր՝ ժամը 12:00-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնությամբ գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստն ընդամենը երկու րոպե է տևել: Ինչպես սպասվում էր, ՀՀԿ-ն արտահերթ նիստին չներկայացավ, եւ քվորում արհեստականորեն չապահովվեց:

Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ ՀՅԴ խմակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այդ քայլը որակել է որպես արհամարհանք ԱԺ-ի նկատմամբ:

«Մեծամասնության ներկայանալը պարտավորություն էր, ոչ թե իրավունք: Մեծամասնությունն այդ տարրական բանը չգիտի, պետք է գային եւ ներկայանային նիստին, ինչպես բոլոր դեպքերում: Այս քայլով ԱԺ դերակատարությունը զրոյացվում է, որովհետեւ Սահմանադրությունը երեք դեպք է նախատեսում արտահերթ նիստեր հրավիրելու համար` նախագահի, կառավարության եւ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ: Մեծամասնությունն ասում է, որ ԱԺ-ն այդ Սահմանադրական իրավունքներից չի կարող օգտվել»,- հայտարարել նա:

Ռուստամյանի համոզմամբ` պարտավորության խախտում կա ոչ միայն պատգամավորների, այլեւ ԱԺ նախագահության կողմից եւ այս հարցի հետ կապված պատրաստվում են դիմել էթիկայի հանձնաժողովին: «Կա’մ պետք է ասեն, որ բոլորն իրար հետ` ղեկավարության հրահանգով, հիվանդացել էին, բժշկի թուղթ բերեն, կա’մ պետք է ասեն, որ պարզապես թքած ունեն օրենքների վրա եւ, ի լուր ողջ հասարակության, ասեն՝ մենք մեր պարտականությունները չենք կատարում: Ունենք դեպք, երբ հստակ պետք է ասվի, որ մեծամասնությունն անպատասխանատու է»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պատճառաբանում է, որ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ օրենք փոխել չեն կարող, Ռուստամյանն արձագանքել է. «Այդ բոլորը պետք է նիստի ժամանակ ասեին, ոչ թե նիստը ձախողեին: Եթե ասելու խնդիր կար, նիստին կարող էին ասել: Մենք իրենց չենք ասել` պարտադիր եկեք, համաձայնեք, մենք ասել ենք` եկեք` քննարկենք: Նրանք քննարկումից են հրաժարվել: Սա պարզապես պետական համակարգի նկատմամբ արհամարհանք է»: