[1]«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելեց Արցախի սահմանային զորամաս։ Ծրագիրը հագեցած էր մի շարք միջոցառումներով՝ կրթական և մշակութային։ Զորամասում կայացավ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարներում պատկերված էին 1992-93թթ. Արցախյան պատերազմի և տվյալ զորամասի նորօրյա զինվորները՝ ծանոթ ու անծանոթ հերոսների լուսանկարներ, որոնք անցնող 25 տարիների ընթացքում ծառայել են հայրենիքին:
ՀՀ կրության և գիտության նախարարության ներկայացուցիչ, ՀՕՄ-ուհի Օֆելյա Գրիգորյանը զինծառայողներին ներկայացրեց կրթական այն հնարավորությունները, պայմանները, որոնցից նրանք կարող են օգտվել ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։
Նշենք, որ ՀՕՄ-ը նշված ծրագիրն իրականացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
ՀՕՄ ներկայացուցիչները զինվորներին հանձնեցին սփյուռքի ու Հայաստանի տարբեր մարզերում գործող 36 դպրոցների աշակերտների՝ զինվորներին ուղղված նամակները։
Ծրագրին մասնակցում էին նաև ազատամարտիկներ, ովքեր 90-ական թվականներին հետ էին բերել այն բարձունքները, որոնք այսօր հսկում է հայ զինվորը։ Ազատամարտիկները պատմում էին իրենց հուշերը, դրվագներ մարտական գործողություններից։ Շուշիի առանձակի գումարտակի խոհարար Խաչիկն էլ ազատամարտիկ ընկերների և զինվորների հետ նշեց իր տարեդարձը:
Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Զինվորների առջեւ հանդես եկան Մկրտիչ Մկրտչյանը, Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո)։
yerkirmedia.am