Նա միշտ առաջինն էր վճռորոշ մարտերում

Հոկտեմբերի 31-ին լրացել է Մարտունու շրջանի Աշան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակը: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը կայացել է հերոսի հայրենի Աշան գյուղում, որին ներկա էին ԱՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Մարտունու շրջժողկրթբաժնի ներկայացուցիչներ, հերոսի հարազատներ, մարտական ու գաղափարական ընկերներ, համագյուղացիներ:

Արմեն Ավագյանի 50 -ամյակի միջոցառումը համընկել է նաեւ հայրենի գյուղի դպրոցին կից մարզադահլիճի հանդիսավոր բացման արարողությանը: Մարզադահլիճի վերանորոգումը իրականություն է դարձել ՀՅԴ Կանադայի կառույցի նվիրատվությամբ եւ ԱՀ կառավարության աջակցությամբ:

Ներկաները հանդես են եկել Արմեն Ավագյանի մասին ելույթներով:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արմեն Ավագյանի մարտական ընկեր Դավիթ Իշխանյանն իր ելույթում խոսել է Արմեն Ավագյանի օրինակելի կենսագրության մասին: «Մենք մեր իրական երդումը կերտեցինք 1986 թվականին, երբ Արմենը վերադարձել էր ԽՍՀՄ բանակի շարքերում ծառայությունից / նա ծառայել է Լեհաստանում/: Կյանքը շատ էր սիրում, բայց սերն առ հայրենիք ավելի բարձր տեղ ուներ նրա մոտ: Եվ պատահական չէ, որ կարճ ժամանակում կարողացավ պատկառելի կենսագրություն, պատմություն կերտել»,- իր ելույթում նշել է Դավիթ Իշխանյանը:

Նրանք, ովքեր ճանաչել են Արմեն Ավագյանին, փաստում են, որ նա չէր սիրում իր մասին խոսել, նա միայն գործում էր եւ գործում էր առանց երկյուղի ու վարանումի, միշտ զինվորի կողքին էր, միշտ առաջինը՝ վճռորոշ մարտերում : Այդ իսկ պատճառով նրան ե՛ւ հարգում էին, ե՛ւ սիրում, ու դրանից շահում էր գործը:

Նա առաջիններից էր, ով հանձն առավ հայ պատանդներին փոխանակելու պատասխանատու եւ վտանգավոր գործը: Այդ մասին ներկաներին պատմեց նրա մարտական ընկեր Աբրիկ Հայրապետյանը, ով, որպես ադրբեջաներենի գիտակ, միշտ Արմենի կողքին էր՝ օգնելու ադրբեջանցիների հետ բանակցությունների հարցում: Աբրիկը, ում և Արմենի միջև 20 տարվա տարիքային տարբերություն կար, միշտ հորդորում էր Արմենին մնալ դիրքերում, չվտանգել իրեն: «Արմենի հետ 14 գերի ենք փոխանակել և չի եղել մի դեպք, ինքը բացակայեր բանակցություններից»,- փաստում է Աբրիկ Հայրապետյանը:

Արմեն Ավագյանի մասին իր հիշողոթյուններն է կիսել նաեւ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մխիթար Շինդյանը. «Արմենը դարձավ ամենավառ և օրինակելի անձնավորությունը մեզ համար: Նա այն եզակիներից էր, ով հասկացավ, որ պատերազմն անխուսափելի է և առաջիններից էր, ով կարողացավ իր շուրջը համախմբել երիտասարդներին ու ջոկատ կազմել, որն անհրաժեշտության դեպքում օգնության էր շտապում թեժ կետերում կռվողներին: Եվ իր զոհվելու օրն էլ իր մահով փրկեց շատերին»:

«Արմենը երկրային կյանքով ապրեց ընդամենը 25 տարի, բայց նա հավերժ իր ներդրումն է թողել մեր ողջ ազգի ճակատագրի վրա»,- իր խոսքում ասաց Արմեն Ավագյանի մարտական ընկեր, ՊԲ 3-րդ պաշտպանական շրջանի պահեստազորի փոխգնդապետ Արազ Քոչարյանը՝ ընկերոջ հատկություններից առանձնացնելով հեռատեսությունն ու կազմակերպչական ունակությունները. «Արմենն օր առաջ էր պատկերացնում հակառակորդի մտադրությունները և կայացրած բոլոր որոշումներն էլ պսակվում էին հաջողությամբ»:

Արմեն Ավագյանի ուսուցչուհի Էմմա Բալայանը նշեց. «Մասնակցելով բազմաթիվ մարտերի՝ նա ցույց տվեց, որ ինքը ոչ միայն կռվող է, այլև՝ կազմակերպիչ, ոգեշնչող, լավատես ու կենսախինդ»:

Հերմինեն Արմեն Ավագյանի միակ դուստրն է, ասել է թե՝ հերոսի երազանքների շարունակողն ու ամբողջացնողը: Նա չի հիշում հայրիկին, բայց հոր կերպարը մեծ տեղ ունի նրա ստեղծագործություններում. «Բազմից եմ փորձել նրան կառուցել մտապատկերիս մեջ, սակայն չի ստացվել. ես նրան պարզապես կրում եմ սրտիս մեջ»,- ասաց հերոսի դուստր իր խոսքում: Այսօր արդեն հրատարակվել է նրա անդրանիկ գիրքը, որը ընթերցողին է ներկայացնում Հերմինեի՝ պատերազմից մնացած հիշողությունները, կարոտը, մանկությունը, հոր կերպարի հետ կապված մտորումները:

ՀՅԴ ԱԵՄ-ի խմբերից մեկը, ինչպես նաեւ Աշանի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը կրում է Արմեն Ավագյանի անունը: Երիտասարդներն ու աշակերտները գիտեն նրա կենսագրությունը եւ նրանցից շատերը գուցեեւ արդեն գիտակցում են, որ նրա գործի շարունակողը պիտի դառնան:

Լեգենդար հրամանատարի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպվել էր ստեղծագործական աշխատանքների մրցույթ և ինտելեկտուալ խաղ Մարտունու շրջանի գյուղերի դպրոցների աշակերտների համար:

Մրցույթների ամփոփումը եւ պարգեւատրումը կայացել է հերոսին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում:

Ինտելեկտուալ խաղում մրցանակային տեղեր են զբաղեցրել Բերդաշենի (առաջին տեղ), Նոր Շենի (երկրորդ տեղ) և Վազգենաշենի (երրորդ տեղ)թիմերը:

Ստեղծագործական աշխատանքների մրցույթում մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել է Հերհերի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աննա Խաչատրյանը, երկրորդ տեղը՝ Կաղարծու միջնակարգ դպրոցի աշակերտ Մհեր Առստամյանը: Իսկ մրցանակային առաջին տեղը զբաղեցրել են 2 աշխատանքներ, որոնց հեղինակներն են Աշանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թերեզա Բադալյանը և Կաղարծու միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլեն Մովսիսյանը: Լավագույն աշխատանքներն արժանացել են պատվոգրերի, հուշանվերների և դրամական պարգևների:

Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է Արմեն Ավագյանին եւ նահատակ աշանցիների հիշատակին նվիրված մարզադահլիճի բացման արարողությամբ: Ժապավենը կտրելու հանդիսավոր պատիվը տրվել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին եւ Արմեն Ավագյանի դուստր Հերմինե Ավագյանին:

aparaj.am

Տպել Տպել