Կառավարությունը համայնքներին գումար տրամադրելու իր մոտեցումը փոխել է

ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկմանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրներ պետք է լուծի նախարարությունը իրենց հատկացված բյուջեով:

Նախարարը նշեց, որ առանցքային խնդիրները հիմնականում տարածքներում և բուն համայնքներում տնտեսական զարգացման առաջին քայլերի իրականացման գործընթացն է: «Մենք պետական բյուջեից ունենք 48 մլրդ դրամի ուղղակի հատկացում համայնքներին` որպես ֆինանսական համահարթեցման գործոն դոտացիաների տեսքով: Այս միջոցը փորձելու ենք արդյունավետ օգտագործել: Համայնքներում պետք է տեսնենք նոր աշխատատեղերի և ավելացրած արժեքի»,- ասաց նա:


Նախարարի խոսքով կառավարությունը համայնքներին գումար տրամադրելու իր մոտեցումը փոխել է: «Ամեն տարի շուրջ 50 մլրդ տրամադրում ենք համայնքներին, բայց չենք ֆիքսում, թե ինչ արդյունք պետք է ունենանք»,- ասաց նա:

Դավիթ Լոքյանը նշեց, թե վարչական ծախսերը համայնքներում հասնում են մինչև 70%-ի և ներդրումներին չի հասնում հերթը: «Կառավարությունը փոխել է այս մոտեցումը: Մենք դրել ենք բազմագործոն դոտացիաների տրամաբանությունը այս տարի, որի արդյունքում 0-ից մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող համայնքներիս ավելի շատ դոտացիա պետք է տանք, քանի որ նրանք իրականացնելու ավելի շատ խնդիր ունեն»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` պետական բյուջեի միջոցների ուղղվածությունը համայնքներ իրականացնելու են համայնքի տարեկան զարգացման պլանով:«Համայնքը պետք է ինքն իր սեփական միջոցով մասնակից լինի այդ ծրագրերի իրականցմանը, որի դեպքում էլ պետությունից գումար կստանա: Կունենա 100 մլն դրամ, պետությունն այդ 100 մլն-ը կավելացնի, որպեսզի ծրագրային որևէ քայլ իրականացնի տվյալ համայնքը»,- ասաց նա:

Դավիթ Լոքյանը հայտնեց, որ տարածքների համաչափ զարգացման կոնցեպտում շուրջ 45 համայնք Տավուշի մարզում ծրագրային օժանդակություն է ստանում միջազգային կազմակերպություններից և բյուջեի համաֆինանսավորմամբ, շուրջ 200 ծրագիր էլ նախապատրաստվում են իրականացնել 2018թ.:

«Պետական օժանդակության չափը շուրջ 1 մլրդ դրամ է լինելու, մնացած օժանդակությունը հիմնականում օտարերկրյա պետությունների և բարեգործական կազմակերպությունների միջոցով են»,- ասաց նա:

Ըստ նախարարի` այս պահին տարածքների համաչափ զարգացման կոնցեպտում սկսել են 8 ծրագրի իրականացում շուրջ 10 քաղաքներում: «Այդ քաղաքները պետք է երկրում ունենան ձգող գրավիչ պատկեր: 3,4 մլրդ դրամ ենք հատկացրել այդ ծրագրի իրագործման համար»,- ասաց նա:

Դավիթ Լոքյանը նշեց, որ տարեվերջում հաշվետվություն պիտի տան` ինչ քանակի աշխատատեղ են ստեղծել և թե ինչքան է ավելացրած արժեքը համայնքներում:

Տպել Տպել