- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մենք Սփյուռք ունեցող երկիր ենք, նաև պատերազմական իրավիճակում ենք

[1]«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբացկության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը: Նրա խոսքով` այս խնդիրն առկա էր:

«Մեր հայրենակցիների 70%-ը Սփյուռքում է, և պետք է հնարավորություն տալ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով կամ գուցե միտումնավոր խուսափել են բանակի ծառայությունից վերադառնալու հայրենիք: Մյուս կողմից էլ խնդիրն այն է, որ այս օրենքը որոշ չափով նպաստում է դասալքությանը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ շատ մարդկանց գիտի, ովքեր Սփյուռքում են եղել, բայց իրենց երեխաների 18 տարին լրանալուց հետո ուղարկել են այստեղ, որպեսզի հայրենիքի առջև պարտքը կատարեն: «Խնդիր իսկապես կա. բանակի քարոզչության խնդիր ունենք, ազգային գաղափարախոսությունը սերմանելու խնդիր ունենք, և հայ ընտանիքը պետք է հպարտանա` իր տղային ուղարկելով Հայոց բանակ»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա` իհարկե, բանակում էլ են պատահարներ լինում, բայց մենք, լինելով պատերազմող երկիր, իրավունք չունենք խրախուսելու դասալքությունը: «Այս նախագիծն ինչ-որ չափով զսպող օղակ է: Միգուցե, եթե այդ տուգանքը խստացվի, շատերը ցանկանան վերադառնալ և կատարել իրենց պարտքը»,- ասաց պատգամավորը:

Մանուկյանը կոչ արեց քվեարկել այս օրենքի օգտին: «Այս սուրը երկու ծայր ունի, բայց մենք Սփյուռք ունեցող երկիր ենք, նաև պատերազմական իրավիճակում ենք»,- եզրափակեց նա:

yerkir.am