Մենք Սփյուռք ունեցող երկիր ենք, նաև պատերազմական իրավիճակում ենք

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբացկության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը: Նրա խոսքով` այս խնդիրն առկա էր:

«Մեր հայրենակցիների 70%-ը Սփյուռքում է, և պետք է հնարավորություն տալ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով կամ գուցե միտումնավոր խուսափել են բանակի ծառայությունից վերադառնալու հայրենիք: Մյուս կողմից էլ խնդիրն այն է, որ այս օրենքը որոշ չափով նպաստում է դասալքությանը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ շատ մարդկանց գիտի, ովքեր Սփյուռքում են եղել, բայց իրենց երեխաների 18 տարին լրանալուց հետո ուղարկել են այստեղ, որպեսզի հայրենիքի առջև պարտքը կատարեն: «Խնդիր իսկապես կա. բանակի քարոզչության խնդիր ունենք, ազգային գաղափարախոսությունը սերմանելու խնդիր ունենք, և հայ ընտանիքը պետք է հպարտանա` իր տղային ուղարկելով Հայոց բանակ»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա` իհարկե, բանակում էլ են պատահարներ լինում, բայց մենք, լինելով պատերազմող երկիր, իրավունք չունենք խրախուսելու դասալքությունը: «Այս նախագիծն ինչ-որ չափով զսպող օղակ է: Միգուցե, եթե այդ տուգանքը խստացվի, շատերը ցանկանան վերադառնալ և կատարել իրենց պարտքը»,- ասաց պատգամավորը:

Մանուկյանը կոչ արեց քվեարկել այս օրենքի օգտին: «Այս սուրը երկու ծայր ունի, բայց մենք Սփյուռք ունեցող երկիր ենք, նաև պատերազմական իրավիճակում ենք»,- եզրափակեց նա:

yerkir.am

Տպել Տպել