Լքյալ գույքի մասին բոլոր օրենքներում թե՛ օսմանյան և թե՛ հանրապետական կառավարություններն անընդհատ կրկնել են, որ այդ ունեցվածքի իրական տերերը հայերն են

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում «Ակունքի» հարցազրույցը Հայոց ցեղասպանության փաստն ընդունող և այդ թեմայով իր բազմաթիվ գրքերով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ: Զրույցը վարվել է համացանցի միջոցով:

Պարոն Աքչամ, մի քանի շաբաթ առաջ հրատարակվել է «Օրենքների ոգին: Հետևել Ցեղասպանության հետքին` «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» (“Kanunların Ruhu. Emval-i Metruke Kanunlarında Soykırımın İzini Sürmek”) վերնագրով Ձեր գիրքը, որ հեղինակել եք Ձեր ուսանող Ումիթ Քուրթի հետ համատեղ: Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության հետևանքներից են եղել ոչ միայն մարդկային կորուստներն ու հայրենազրկումը, այլ նաև` հայերին պատկանած անհամար գույքի կորուստը: Սույն աշխատությունն առաջի՞նն է, որ իրականացրել եք հայերի լքյալ գույքի թեմայով, թե՞ նախկինում էլ արված ուսումնասիրություններ ունեք տվյալ խնդրի առնչությամբ:

Սահմանափակ թվով օսմանյան որոշ փաստաթղթեր էի հրատարակել նաև 2008 թ. տպագրված «Հայկական հարցը լուծված է» (“Ermeni Meselesi Hallolunmuştur”) վերնագրով իմ գրքում, իսկ հետագայում` 2012 թ., անգլերենով հրատարակված «Երիտթուրքերի` մարդկությանն ուղղված ոճրագործությունը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումը Օսմանյան կայսրությունում» (“Young Turks’s Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire”) աշխատությանս մեջ սույն թեմայով մի փոքր ավելի շատ վավերագրեր էի շրջանառության մեջ դրել:

Վերոնշյալ գրքերում տեղ գտած փաստաթղթերը հիմնականում հեռագրեր են, որոնք 1915-18 թթ. կենտրոնական կառավարությունը հղել է վիլայեթներ, և դրանք բոլորն էլ այսօր պահպանվում են Ստամբուլում գտնվող Կառավարության արխիվում: Իմ կողմից հրատարակված այդ հեռագրերը վերաբերում էին այն հարցին, թե ինչպես պետք է օգտագործվեր հայկական գույքը:

Ո՞րն էր այդ փաստաթղթերի գլխավոր միտքը:

Սույն փաստաթղթերը բացահայտ կերպով ցույց են տալիս, որ օսմանյան կառավարությունը հայերից բռնագրավված անշարժ և շարժական գույքը հիմնականում օգտագործել է հետևյալ 5 տարբեր նպատակներով. a) տներն ու հողատարածքները հիմնականում ձրի կերպով բաժանվել են դրսից (հատկապես` Բալկաններից) եկած մուսուլման գաղթականների միջև, b) հայկական ձեռնարկությունները, իսլամական բուրժուական դասակարգը զարգացնելու նպատակով, փոխանցվել են մահմեդական գործատուներին կամ էլ վաճառվել աճուրդի միջոցով և ցածր գներով, c) արտերի և այգիների բերքը, անասունները և որոշ շարժական և անշարժ գույք տրվել են զինվորներին` պատերազմը ֆինանսավորելու նպատակով, d) հայերի ունեցվածքն օգտագործվել է նաև հայության բռնագաղթի ժամանակ` որոշ ծախսեր հոգալու նպատակով, e) մեծ շինություններն օգտագործվել են որպես կալանատուն, դպրոց, հիվանդանոց, պետական գրասենյակ և այլն: Անշուշտ, հայերի գույքն օգտագործվել է նաև այլ նպատակներով, բայց այս բոլոր վավերագրերը վկայում են հետևյալ փաստի մասին. օսմանյան կառավարությունը հայերի գույքը բռնագրավելիս ունեցել է որոշակի ծրագիր:

Անկասկած, գույքը նաև կողոպտվել է: Հատկապես մուսուլման ավագանին և տեղական բյուրոկրատները բռնազավթել և ապօրինի կերպով սեփականացրել են հայերի ունեցվածքը: Սակայն դժվար է ասել, թե այդ թալանը եղել է պետական քաղաքականություն: Կառավարությունն աշխատել է միջոցներ ձեռնարկել դրա դեմ. հանձնաժողովներ է ուղարկել շրջաններ, դատարաններ հիմնել և դատել կողոպուտ իրականացնողներին, սակայն չի կարողացել թալանի դեմն առնել:

Դուք նկատի ունեք այն, որ իթթիհադականներն այնպիսի բծախնդրություն են ցուցաբերել հայերի գույքի նկատմամբ, որը չի եղել հայ մարդու հանդեպ, այնպես չէ՞:

Այո՛, հենց դա նկատի ունեմ. հայերի ունեցվածքի նկատմամբ ցուցաբերված բծախնդրության 10 տոկոսն անգամ չի եղել հայ մարդու հանդեպ: Եթե նման ուշադրություն ցուցաբերվեր, արդեն իսկ Ցեղասպանություն չէր լինի: Գույքի և մարդկանց նկատմամբ ցուցաբերված այդ տարբեր վերաբերմունքը Ցեղասպանության փաստի խիստ էական հիմնավորումն է: Արդեն իսկ հենց այդ հանգամանքն է ինձ դրդել` սույն թեմայով ուսումնասիրություն կատարելու:

Ձեր կարծիքով հայերի գույքի բռնազավթումը կարելի՞ է Հայոց ցեղասպանության գլխավոր դրդապատճառներից մեկը համարել:

Համոզված չեմ: Նույնիսկ կարող եմ ասել, որ բավականին կասկածում եմ, որ այդպես է: Այլ բան է ասել, թե Միություն և առաջադիմություն կուսակցությունը Հայոց ցեղասպանությունը տնտեսական դրդապատճառներով է կատարել, և լրիվ ուրիշ բան` թե այդ գործից տնտեսապես մեծ շահ է ապահովել. այս երկու խոսքերի միջև տարբերություն կա: Ես չեմ կարծում, թե երիտթուրքերը Ցեղասպանության մասին որոշում կայացնելիս մտածել են` «Այս գործից տնտեսական շահ էլ կապահովենք: Այդ պատճառով եկեք Հայոց ցեղասպանությունը կազմակերպենք»: Համենայն դեպս, մեր ձեռքի տակ չկա որևէ փաստ, որը կապացուցի, թե նրանք այդպես են մտածել: Անգամ ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի կամ գերմանացի քահանա Լեփսիուսի հաղորդածների շնորհիվ գիտենք, որ իթթիհադական ղեկավարներն, ըստ էության, գիտակցում էին, որ Հայոց ցեղասպանության հետևանքով լուրջ տնտեսական անկում էր գրանցվելու Անատոլիայում: Եվ նրանք ասել են. «Մենք գիտակցում ենք այն տնտեսական վնասը, որ կրելու ենք, սակայն անկախ վնասի չափից` մենք վճռական ենք այս հարցում»: Այսպես` հայերը շատ կարևոր տեղ էին զբաղեցնում Անատոլիայի տնտեսության մեջ: Հենց նրանք էին ավանների արհեստավորները, և հենց նրանց ձեռքում էին գտնվում կարևոր արհեստները: Այդ պատճառով իթթիհադականները գիտեին, որ հայերի հեռացմամբ այդ տնտեսությունը լրիվ անկում էր ապրելու: Նույնիսկ այդ նկատառմամբ Ցեղասպանության ժամանակ որոշ մասնագիտությունների տեր հայ արհեստավորների չաքսորելով` հատուկ հրամաններով ապահովել են, որ նման հայերը մնան: Հակառակ դեպքում անհար կլիներ որևէ մեկին գտնել, որը կզբաղվեր այդ գործերով:

Այնուամենայնիվ, եթե անգամ Ցեղասպանության որոշումը չի ընդունվել տնտեսական շարժառիթներով, տնտեսական շահի ապահովումը խիստ էական գործառույթ է կատարել Ցեղասպանության գործադրման ընթացքում: Տեղական մակարդակով թուրք-քրդական մահմեդական բնակչության նշանակալի մի մասը Ցեղասպանությանը կարող է մասնակցած լինել` տնտեսական շահ ապահովելու նպատակով: Դրա համար պետք է մեծ ուշադրություն հատկացնել այն խնդրին, թե ինչպես է տեղական մակարդակով փոխանցվել հայկական հարստությունը: Դժբախտաբար սույն թեմայով առայժմ բավարար չափով ուսումնասիրություններ չեն եղել: Իմ ուսանողը` Ումիթ Քուրթը, այդ հարցն ուսումնասիրում է Այնթափի առանցքով: Հարկավոր է նման աշխատանքներ կատարել նաև այլ նահանգների ուղղությամբ:

Եթե հարցն այս հարթությունից դիտարկենք, կարող ենք ենթադրել, թե իթթիհադականները տնտեսական շահույթի խնդիրը օգտագործել են կաշառքի ձևով: Թերևս այդպես է կազմավորվել իթթիհադական-տեղական ավագանի գործակցությունը:

Տեսնում ենք նաև, որ այդ բոլոր պատճառներով իթթիհադականներն ի սկզբանե են մտածել` ինչ անել հայերի կողմից թողնվելիք գույքի հետ, և որոշ գաղափարներ զարգացրել դրա վերաբերյալ: Սույն հարցում առաջին որոշումը նրանք կայացրել են 1915 թ. մայիսի 17-ի կողմերը, և այդ որոշումը վերաբերել է բանակից դասալիքների և Ռուսաստան փախածներիի ընտանիքների գույքին:

Թերևս ավելի էական է հետևյալը. կայացված սույն որոշման մեջ նշվում է, թե հույների նկատմամբ այդ գործադրումը պետք է արվի նաև հայ դասալիքների հանդեպ: Այսինքն` քրիստոնյաներին երկրից արտաքսելու և դրա ընթացքում նրանց գույքը զավթելու գաղափարը նախկինում էլ է եղել, և այն գործադրվել է հույների հանդեպ: Սակայն 1915 թ. մայիսի 17-ին սույն որոշումը ներառել է նաև հայ դասալիքներին:

1915 թ. մայիսի 23-ի տարեթիվը կրող մեկ այլ փաստաթղթից հասկանում ենք, որ բոլոր հայերի ողջ ունեցվածքի վերաբերյալ մանրամասն աշխատանք է կատարվել մայիսի կեսերին, և որոշումն էլ հենց այդ օրերին է ընդունվել: Ավելի ուշ` 1915 թ. մայիսի 30-ին, հունիսի 10-ին և սեպտեմբերի 26-ին, հրապարակվում են այլ օրենքներ և որոշումներ: Այդ ամսաթվերի ընթացքում էլ շրջաններ առաքված բազմաթիվ փաստաթղթերում հրահանգներ կան այն մասին, թե ինչ պետք է արվի հայերի գույքի հետ: Դրանք մենք մեկ առ մեկ հրատարակել ենք մեր գրքում և որոշ մեկնաբանություններ տվել դրանց բովանդակության վերաբերյալ: Խորհուրդ կտամ կարդալ դրանք:

Ես նկատել եմ հետևյալը. եթե անգամ իթթիհադականները հայերի բնաջնջման մասին որոշում են ընդունել ոչ թե տնտեսական, այլ առավելապես գաղափարական-քաղաքական դրդապատճառներով, այնուամենայնիվ օգտվել են իրենց բոլոր հնարավորություններից` տնտեսական առումով ևս շահած դուրս գալու նպատակով, և ձգտել առավելագույն օգուտ քաղել հայերից մնացած հարստությունից: Բացի այդ` տնտեսական շահի շնորհիվ նրանք տեղական մակարդակով էլ են աջակցություն ստացել:

Ո՞ր փաստաթղթերի վրա է հմնվում Ձեր գիրքը:

Մեր գիրքը հիմնականում առնչվում է օրենքներին և որոշումներին: Հետևաբար մենք օգտագործել ենք բոլորին հասու աղբյուրներ, այսինքն` չենք բացահայտել խիստ անհայտ, գաղտնի փաստաթղթեր: Օսմանյան շրջանի ուսումնասիրության համար մենք օգտագործել ենք «Թաքվիմ-ի վեքային» («Իրադարձությունների օրացույց»` օսմանյան կառավարության պաշտոնաթերթը-Ակունքի խմբ.), հանրապետական շրջանի համար` «Ռեսմի գազեթեն» («Պաշտոնական թերթ»` Թուրքիայի Հանրապետության պաշտոնաթերթը-Ակունքի խմբ.), մեր կողմից օգտագործված որոշ գլխավոր աղբյուրների շարքում են նաև այլ օրաթերթեր և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրությունները: Մեր օգտված մյուս աղբյուրներն են Լոզանի բանակցությունների արձանագրությունները և դրանց ընթացքում թուրքական կառավարության և Լոզանում բանակցությունները վարող պատվիրակության միջև հղված հեռագրերը… Բացի այդ` հաճախ ենք վկայակոչել նաև Լոզանից հետո Թուրքիայի ու Դաշնակից պետությունների (Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ) միջև տեղի ունեցած բանակցություններին վերաբերող նամակագրությունները, կնքված պայմանագրերը:

Մեր աշխատությունն այդ առումով հիմնված է ոչ թե անհայտ աղբյուրների, այլ հայտնի, բայց ոչ մեկի կողմից ցայժմ չօգտագործված օրենքների, որոշումների և միջազգային պայմանագրերի վրա, որոնք արժանացել են մեր մանրազնին ուշադրությանը: Կարծում եմ, որ սույն ուսումնասիրությունը ապացուցում է նաև այն, որ պատմագրություն` չի նշանակում նոր և անհայտ փաստաթղթեր գտնել: Այն նաև արդեն իսկ ձեռքի տակ գտնվող վավերագրերն այլ աչքով ընթերցելն ու մեկնաբանելն է…

Կարո՞ղ եք մեզ մի քանի օրինակ տալ:

Օրինակ` Լոզանի պայմանագիրը… Այն հասու է բոլորին, բայց և այնպես ոչ ոք տեղյակ չէ, որ լքյալ գույքի խնդիրը էական չափով լուծվել է նաև հիշյալ պայմանագրով: Այնինչ, Լոզանի համաձայն, Թուրքիան ընդունել է, որ իր բռնագրաված լքյալ գույքը հետ է վերադարձնելու տերերին, եթե նրանք ողջ են, կամ` նրանց ժառանգներին: Այդ խնդիրը կարգավորված է պայմանագրի տարբեր հոդվածներով: Ոչ ոք դրանք չի ընթերցել և տեղյակ չէ դրանց մասին: Մենք գրքում ցույց ենք տալիս, որ Լոզանի պայմանագրի առնվազն 3-4 հատվածում Թուրքիան համաձայնվել է տերերին վերադարձնել լքյալ գույքը:

Ընդամենը մեկ օրինակ. «Տնտեսական դրույթներ» վերնագրով 3-րդ բաժնում 65-րդ և 72-րդ հոդվածների միջև առկա են «Գույք, իրավունքներ և շահեր»-ին առնչվող դրույթները: Հատկապես չափազանց կարևոր է 65-րդ հոդվածի երրորդ պարբերությունը, ըստ որի` 1915 թ. տեղահանությունն ու սպանությունները բնորոշվում են որպես «անօրինական կերպով ձեռնարկված ռազմական միջոց», և ասվում, թե այդ բռնագաղթի պատճառով մարդկանց կրած վնասները փոխհատուցվելու են: Այդ հոդվածի համաձայն` ողջ մնացած յուրաքանչյուր հայ կամ սպանված հայի ժառանգ ունի տեղահանության հետևանքով բռնազավթված իր գույքը հետ ստանալու իրավունք: Դա Լոզանի պայմանագրի դրույթներից մեկն է: Սակայն տվյալ անձն իր այդ իրավունքից օգտվել կարողանալու համար պետք էր 1924 թ. օգոստոսի 6-ի դրությամբ լիներ իր գույքի մոտ: Մենք բացահայտեցինք հետևյալ ճմարտությունը. Թուրքիան այդ դրույթը չկատարելու համար ներս չի թողել երկրի սահմանից դուրս գտնվող հայերին և կարծես պատնեշ է ստեղծել պետության շուրջ: Թուրքիան օրենքներ է հրատարակել և արգելել հայերի մուտքը երկիր և անգամ արգելք եղել պետության ներսում ապրող հայերի ազատ տեղաշարժին: Նպատակն էր` արգելել, որ որևէ հայ կամ սպանված անձի ժառանգ գա և հետ ստանա իր գույքը:

Կարո՞ղ եք մեկ այլ օրինակ էլ բերել:

Դրանք այնքան շատ են, որ… Օրինակ` Լոզանի պայմանագրի 58-րդ հոդվածի համաձայն որոշվում է` Բեռլինի բանկերից մեկում պահված` այն ժամանակվա արժեքով 5 միլիոն ստերլինգ ոսկին օգտագործել Դաշնակից պետությունների քաղաքացիների վնասները փոխհատուցելու նպատակով: Սույն խնդրով զբաղվելու համար 1923 թ. մի հանձնաժողով է հիմնվում Փարիզում, որը մի ցանկ է հրապարակում, թե որ վնասները պետք է փոխհատուցվեն: Փոխհատուցվելիք վնասների շարքում է նաև տեղահանության ժամանակ սպանված կանանց և երեխաների ընտանիքներին վճարելու անհրաժեշտությունը: Այստեղ կարևոր չէ այն հանգամանքը, թե Փարիզի հանձնաժողովի կայացրած սույն որոշումը ներկայիս իրավունքի առումով կիրառելի է, թե ոչ, կամ էլ` թե արված վճարումները որքանով են համապատասխան եղել իրական վնասների չափերին: Արդեն իսկ որպեսզի կարողանայիք ձեր վախճանված ազգականի համար փոխհատուցում ստանալ, պետք է նախ 1914 թ. օգոստոսին Անգլիայի, Ֆրանսիայի կամ այլ երկրի քաղաքացի լինեիք, և, բացի այդ, վճարվող գումարի չափը ևս ծիծաղելի էր: Սակայն խնդիրը դա չէ… Մեզ համար կարևորն այն փաստն է, որ դեռևս 1920-ական թվականներին Ցեղասպանության ժամանակ կորուստ կրած անձանց վնասները փոխհատուցել նախատեսող մի սկզբունք է ընդունվել Լոզանի պայմանագրով: Բացի դրանից` այսօր կարող է շատ հանգիստ ծագել հետևյալ հարցը. Ձեր մահացած ազգականների և կրած կորուստների համար փոխհատուցում ստանալ կարողանալու համար պարտադի՞ր է Անգլիայի, Ֆրանսիայի կամ այլ երկրի քաղաքացի լինելը:

Լոզանի պայմանագրում ուրի՞շ ինչ կետեր կան, որոնց մասին մենք տեղյակ չենք:

Ինչե~ր չկան, ինչե~ր: Չէ՞ որ ոչ ոք, այդ թվում նաև` ես, ինչպես հարկն է, չի ընթերցել այդ պայմանագիրը… Տեսե’ք, Ձեզ մեկ այլ օրինակ էլ ներկայացնեմ: Պայամանագրի` «Քաղաքական դրույթներ» վերնագրով առաջին մասի 2-րդ հատվածում` 30-րդ և 36-րդ հոդվածների միջև, կարգավորումներ կան «Հպատակության» առնչությամբ: Դրա համաձայն` Օսմանյան կայսրության քաղաքացիները (մեր օրինակում` հայերը) ունեն օսմանյան տարածքների վրա հիմնված նոր պետություններից որևէ մեկի քաղաքացին դառնալու ընտրության իրավունք: Ասենք թե այդ մարդիկ (տվյալ դեպքում` հայերը) որոշել են մնալ Սիրիայում, Իրաքում կամ Լիբանանում: Տվյալ անձինք ունեն Թուրքիայի սահմաններում գտնվող իրենց ողջ ունեցվածքն ուզած ձևով օգտագործելու իրավունք, և Թուրքիան պարտավոր է դրանք նրանց վերադարձնել:

Այսպես, օրինակ, այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում Ֆրանսիայի հետ, և մի պայմանագիր է ստորագրվում գույքի` միմյանց վերադարձնելու մասին: Մեր աշխատության մեջ ցույց է տրվում, որ աննախադեպ խարդավանքներ են արվել` Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում և Իրաքում բնակվող հայերին թե’ նրանց սեփական և թե’ սպանված ազգականների ունեցվածքը չվերադարձնելու նպատակով: Եվ իրավունքին է խառնել խորամանկությունը: Ֆրանսիան էլ է ընդգրկվել այդ խաղում և լքել հայերին:

Այսինքն` այսօրվա սահմանմամբ «փոխհատուցումն» իրականում Լոզանում անուղղակի կերպով ընդունված հանգամանք է: Անշուշտ, պայմանագրի դրույթներն առնչվում են ողջ մնացած կամ սպանված, բայց ժառանգ ունեցող հայերին: Սակայն, արդյունքում, կրկնում եմ, որ Ցեղասպանության ընթացքում բռնագրավված ապրանքների` տերերին վերադարձնելը Լոզանի դրույթն է:

Այստեղ ուզում եմ մի հավելում անել: Փոխհատուցման հարցը չպետք է քննարկվի` սահմանափակվելով միայն բռնազավթված գույքով: Փոխհատուցումն ավելի լայն ու ընդգրկուն երևույթ է և ավելի խորը իմաստ է կրում, քան հայերի անհատական ունեցվածքի կորուստն է: Ի վերջո մի ողջ ազգ է վերացել` իր մշակութային և նյութական հարստություններով. ըստ իս` փոխհատուցումը ոչ թե անհատական, այլ հավաքական խնդիր է:

Գրքում, բացի այն փաստաթղթերից, որոնց առնչությամբ ասացիք, թե բոլորը գիտեն, բայց չեն կարդացել, մի՞թե չեք հրապարակել բոլորովին անհայտ, նոր վավերագրեր:

Իհարկե, աշխատության մեջ նման բավականաչափ փաստաթղթեր կան: Ձեզ միայն մի օրինակ տամ: Ինչպես գիտեք, այսօր Թուրքիայում Ցեղասպանությունը ժխտողները անընդհատ հրապարակում են նաև մի էական սուտ: Նրանց գլխավորում է Յուսուֆ Հալաչօղլուն (դոկտոր, պրոֆ. Հալաչօղլուն Թուրքական պատմագիտական ընկերության (Türk Tarih Kurumu) նախկին նախագահն է-Ակունքի խմբ.), ով իր զանազան գրքերում, առանց բովանդակությունը պարզաբանելու, որոշ օսմանյան արխիվային փաստաթղթերի համարները տալով` պնդում է, թե Սիրիա հաստատված հայերին փոխհատուցվել է նրանց թողած ունեցվածքի դիմաց: Ձեզ` հայերիդ համար այդ տեղեկությունն, իհարկե, վատ կատակ է: Սակայն Թուրքիայում բազմաթիվ անձինք հավատում են այդ տեղեկությանը, քանի որ որպես աղբյուր են վկայակոչվել օսմանյան վավերագրեր, և կարծում են, թե հայերին վճարվել է նրանց գույքի հատուցումը: Հալաչօղլուն որպես հավաստի աղբյուր մատնանշած օսմանյան փաստաթղթերի ամբողջական բովանդակությունը չի հրապարակել, այլ միայն նկարագրել է, սակայն դա քննարկման այլ թեմա է:

Մենք մեր այս գրքում որոշ հատվածներ ենք հրատարակել մի պաշտոնական զեկույցից, որը պատկանում է օսմանյան կառավարության Ֆինանսների, Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունների կողմից համատեղ կերպով ստեղծված մի հանձնաժողովի: 1918 թ. փետրվարին հրապարակված սույն զեկույցը հայտնում է, թե Լքյալ գույքի օրենքների համաձայն` պետք է հայերին փոխհատուցել նրանց ունեցվածքի համար, բայց 1918 թ. փետրվարի դրությամբ դա դեռևս չի արվել, և ի հայտ է եկել օրենքներին հակասող դրություն: Այսինքն` իթթիհադական կառավարությունը խոստովանում է, որ «Հայերի գույքի փոխհատուցումը չի տվել», և դա շատ կարևոր է: Սույն վավերագրի բովանդակությանը և դրա մեկնաբանությանը կարող եք ծանոթանալ մեր գրքում:

Արդյո՞ք հնարավոր է հաշվել այն նյութական կորուստը, որ կրել է հայությունը Հայոց ցեղասպանության պատճառով, և ձեր գրքում նման փորձ արվու՞մ է:

Փակե’ք Ձեր աչքերը, պատկերացրեք 1914 թ. հայկական ունեցվածքը և աշխատեք Ձեր աչքի առաջ բերել այն: Դրան հավելեք 100 տարի: Եթե հայերը բնաջնջված չլինեին, 1914 թ. այդ հարստությունն այսօր ի՞նչ չափերի հասած կլիներ: Կարծում եք դա հնարավո՞ր կլինի թվով արտահայտել:

Իմ խիղճը թույլ չի տալիս այդ կորուստը նյութական թվերով արտահայտել անգամ: Դա մի կորուստ է, որն անհնար է գումարով հաշվել: Բացի այդ` մեր գրքի նյութը դա չէր:

Հայերի ողջ ունեցվածքի զավթումն ինչպիսի՞ դեր է խաղում Հայոց ցեղասպանության ժխտողականության մեջ:

Իմ կարծիքով` շատ ամուր կապ կա: Դա մեր գրքի գլխավոր փաստարկներից մեկն է: Եթե պետությունը 1915 թ. իրագործած հանցագործությունները ճանաչի, հարկադրված կլինի ընդունել նաև այդ մարդկանց կրած վնասները հատուցելու անհրաժեշտությունը: Դրա համար էլ նախընտրում է ժխտել:

Մենք նաև բացահայտեցինք մեկ այլ ճշմարտություն, որի մասին դեռ ոչ ոք չգիտե: Դա ևս շատ ուշագրավ կետ է իրականում: Մենք ցույց տվեցինք, որ Լքյալ գույքերի առնչությամբ հրապարակված բոլոր օրենքներում ու որոշումներում թե’ օսմանյան կառավարությունը և թե’ հանրապետական շրջանի կառավարություններն անընդհատ կրկնել են այն սկզբունքը, թե այդ ունեցվածքի իրական տերերը հայերն են: Կառավարությունները կա’մ ասել են, թե հայերի գույքը բռնագրավվում է` «դրա արժեքը տիրոջը հատուցելու համար», ինչպես դա երևում է իթթիհադականների օրինակում, կա’մ էլ հայտնել, թե «քանի որ գույքի իրական տերերը վերացել են, ապա մենք ժամանակավոր կերպով տիրոջ անունից տեր ենք կանգնում այդ ունեցվածքիին, որպեսզի վնաս չհասցվի դրան»: Այդ պատճառով էլ երկու ժամանակաշրջաններում էլ կրկնվել է այն սկզբունքը, ըստ որի` հայերին անպայման տրվելու է կա’մ գույքի փոխհատուցում, կա’մ էլ` հենց ունեցվածքն ինքը: Դա է օրենքների էությունը: Ուշագրավ է, որ հատկապես հանրապետական շրջանում հրապարակված օրենքներից ոչ մեկում չի ասվում` «մենք բռնազավթել ենք այս գույքը. այն հայերինը չէ»: Նշվում է, թե «դրանք ղեկավարվել են հայերի անունից»: Այսինքն` մեր ձեռքի տակ գտնվող օրենքների համաձայն ևս կառավարությունը հարկադրված է հայերին վերադարձնել նրանց ունեցվածքը կամ տալ դրա հատուցումը:

Ինձ թվում է, որ նաև այդ պատճառով են անցյալը ժխտում: Շատ ավելորդ աղմուկ են հանում, որովհետև գիտեն, որ նույնիսկ անիրավացի են` մեզ հասու հենց իրենց օրենքներով: Ըստ իս` խիստ ամոթալի մի ոճրագործություն կատարած լինելու գիտակցումն ավելի ժխտող է դարձնում նրանց:

Կցանկանա՞ք որևէ բան հավելել:

Սույն գրքի վերաբերյալ իմ տված բոլոր հարցազրույցների նման, այս հարցազրույցս էլ եմ ուզում ավարտել Հրանտ Դինքի` 2005 թ. «Ռադիկալ» օրաթերթի լրագրող Նեշե Դյուզելին տված հարցազրույցի հետևյալ խոսքերով. «Հայոց գույքի խնդիրն իրականում ներկա պահին Թուրքիայի` ապագային վերաբերող ամենասարսափելի, ամենաահավոր հարցն է… Առանց այդ էլ այս երկրում ավելի դժվար է խոսել ոչ թե մահացածների, այլ ողջ մնացածների մասին»:

«Իսկ ինչու՞» հարցին հետևյալ պատասխանն է տալիս Հրանտը. «Որովհետև կբացահայտվեն անհավատալի ճշմարտություններ: Եթե հարց բարձրացվի, թե ում միջև է բաժանվել հայերից մնացած գույքը, և «ում ինչ է պատահել», դա շատ մեծ ցնցում կհարուցի: Քանզի կարժեզրկվի երկրին հարմարեցված մի ողջ պատմություն: Հասարակության մեջ կտարածվի այն գաղափարը, որ եթե այդ պատմությունը սխալ էր ներկայացվել, ուրեմն այլ բաներ էլ են սխալ պատմվել: Թուրքիայում կգրանցվի մի էական փոփոխություն»:

Միակ հույսս այն է, թե այս գիրքը մեկնարկ կդառնա նման քննարկումների համար:

Մելինե Անումյան
Akunq.net

Տպել Տպել