«Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովի առիթով
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» – Թեհրանի «ՀՈՒՍԿ» (Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն) հաստատութեան եւ միջազգային յարաբերութիւնների իրանական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ՝ «Տարածաշրջանի նոր իրադարձութիւնների հոլովոյթը՝ եւ հեռանկարը» բնաբանով կայացած խորհրդաժողովը 3-րդն էր իր ձեւի մէջ, որտեղ պարսկալեզու լսարանին էր մատուցւում քաղաքագիտական վերլուծական քննարկումներ, ինչպէս միջազգային, այնպէս էլ տարածաշրջանային հիմնախնդիրների մասին:

Այս համատեքստում, սակայն, քննարկումների կիզակէտում են յայտնւում մասնաւորապէս Մերձաւոր ու Միջին Արեւելքի, ինչպէսեւ՝ Հարաւային Կովկասի աշխարհագրա-քաղաքական զարգացումները, առանցքում պահելով դրանց ազդեցութիւնը եւ փոխկապակցութիւնը Իրանի, Հայաստանի եւ միջամուխ ու հարեւան միւս երկրների ուղղութեամբ:
Անշուշտ, հայ-իրանական ու տւեալ դէպքում՝ քաղաքական մտքի առնչութիւնների եւ փոխճանաչողութեան լաւագոյն հարթակ է հանդիսանում նմանատիպ խորհրդաժողովը, որտեղ երկու հարեւան ու բարեկամ երկրների ակադեմական-գիտական փաղանգի ներկայացուցիչներ առարկայական վերլուծութիւն-մեկնաբանութիւններով ուղի են հարթում ինչպէս միջպետական փոխյարաբերութիւններում, այնպէս էլ՝ երկու երկրների քաղաքական կողմնորոշումների ու դիւանագիտական գործողութիւնների բարդ ու տեղ-տեղ էլ տատասկոտ ճամբում:
Ինչեւէ, պարսկալեզու լսարանի համար հերթական՝ 3-րդ սեմինարը ըստ էութեան կայացած համարելով, ընդառաջ պէտք է գնանք այսօր ու վաղը կայանալիք «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովին, որտեղ եւս Հայաստանեան թէ՛ սփիւռքեան գիտա-վերլուծական հեղինակների քննարկումների ընդմիջից աւելի կոփւած ու նորովի մեկնաբանութիւններ կը հրապարակւեն՝ Հայ Դատի ու հայոց պահանջատիրութեան ե՛ւ պետական ե՛ւ ազգային ռազմավարական թէ մարտավարական հիմնախնդիրների վերաբերեալ:
Ինչ խօսք՝ 13-րդ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովն էլ ինչպէս երբեւէ, կոչւած է լինելու հայոց համազգային ու համահայկական նպատակներին սպասարկող՝ իրեն բաժին ընկած պարտաւորութիւնն արդարացնելու ի խնդիր:
alikonline.ir
16 նոյեմբեր 2017