Գիտաժողով՝ Արցախում

2018թ. ապրիլի 20-ին Համազգային հայ կրթական մշակութային միությունը և Արցախի պետական համալսարանը կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման գործընթացի 100-ամյակին։

1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից և հատկապես նույն թվականի հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, նախկին ռուսական կայսրության ողջ տարածքում ստեղծվեց քաղաքական անկայուն իրավիճակ: Նախկին իշխանության մարմինները դադարեցին գործել: Տեղերում զգալի էր իշխանական վակուումը: Արցախի հարակից շրջանները լի էին հանցագործ տարրերից կազմված բանդաներով, որոնք անարգել թալանում էին հայ բնակչությանը:

Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև երկրամասում կարգ ու կանոն հաստատելու նպատակով ՀՅԴ «Ապառաժ»-ի կոմիտեն նպատակահարմար գտավ կազմել լիազոր մի մարմին` համադրելով գործող բոլոր քաղաքական ուժերի ջանքերը: 1917 թ. դեկտեմբերի 24-ին Շուշիում ստեղծվեց իշխանության այդ մարմինը, որը հետագայում անվանվեց Միջկուսակցական բյուրո: Այն օժտված էր օրենսդիր և գործադիր գործառնություններով:

Արցախահայության առաջին համագումարի ժամանակ (1918 թ. հուլիսի 22-26) նոր իշխանության ձևավորման ընթացքը իր տրամաբանական ավարտին հասավ: Փաստորեն, մինչև Ադրբեջան պետության առաջացումը (1918 թ․ մայիս) արցախահայությունը սկսել էր վերակերտել իր պետականությունը՝ դառնալով տարածաշրջանային գործոն:

Այս պատմական փաստերը հերքում են Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ներկայումս ակտիվորեն շրջանառվող թեզը:

yerkir.am

Տպել Տպել